Վերարտադրողական և սեռական առողջություն. մասնակցե՛ք օմբուդսմենի գրասենյակի և ՄԱԲՀ-ի համատեղ հանրային հետազոտությանը
Օմբուդսմենի աշխատակազմը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ազդարարել են վերարտադրողական և սեռական առողջության իրավունքներին վերաբերող համատեղ հանրային հետազոտության մեկնարկը: Հայաստանում առաջին անգամ իրականացվող այս հանրային հետազոտությունը հնարավորություն կտա բացահայտելու վերարտադրողական և սեռական առողջության իրավունքների ոլոտում առկա խնդիրները:
Նոր հետզոտության մանրամասներն արդեն իսկ ներկայացվել են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում օրերս տեղի ունեցած շահագրգիռ կողմերի հետ հանդիպմանը, որտեղ ներկա էին վերարտադրողական և սեռական առողջության իրավունքների ոլորտին առնչվող պետական մարմինների, խնդրով զբաղվող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մասնավորապես, ուսումնասիրություններ կիրականացվեն վերարտադրողական և սեռական առողջության չորս ուղղություններով՝
1. մայրական առողջություն,
2. հղիության արհեստական ընդհատումներ և դրանցից հետո տրամադրվող բժշկական օգնություն,
3. դեռահասների վերարտադրողական և սեռական առողջություն, կրթություն և
4. հակաբեղմնավորման միջոցների հասանելիություն:
Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկություններ փոխանակելու մասին: Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած հետազոտությունները, փաստաթղթերը, ինչպես նաև դեպքերն ու դիտարկումները, որոնք կօգնեն հարստացնել հետազոտությունը և դարձնել այն առավել նպատակային և թիրախավորված:
Հետազոտության իրականացմանն կարող են աջակցել ոչ միայն խնդրով զբաղվող կազմակերպություններն, այլ նաեւ սովորական քաղաքացիները, որոնք առնչվել են նշված ոլորտներում իրավունքների խախտման հետ: Ոլորտին առնչվող փաստաթղթեր, վերլուծություններ,ուսումնասիրություններ, իրավախախտման դեպքերի նկարագրություններ, առաջարկներ և դիտարկումներ կարելի է ուղարկել
- ֆեյսբուքյան www.facebook.com/iravunq.am էջին
- iravunq@ombuds.am էլ. հասցեին, կամ
- հաղորդել 010-50-60-01 հեռախոսահամարով
Դիտումների քանակը` 4069