Վարչապետի մոտ քննարկվեցին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել Կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերի խորհրդի նիստ:

 

Ըստ  պաշտոնական հաղորդագրության , առաջին հարցով մանրամասներ են ներկայացվել «ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանը Նյու Յորքում» աշխատանքային ծրագրի արդյունքների և ընդունված քաղաքական հռչակագրի վերաբերյալ: Նշվել է, որ նստաշրջանը նվիրված է եղել 1995 թ. ընդունված Պեկինի հռչակագրի ու գործողությունների ծրագրի 20-ամյակին՝ դրա իրականացման ընթացքը, ձեռքբերումներն ու խնդիրները գնահատելու, ինչպես նաև հետագա քայլերը քննարկելու համար: Նստաշրջանում ընդունված քաղաքական հռչակագրով նախանշվել է, որ մինչև 2030 թվականը պետությունները պետք է իրականացնեն բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասարությանը հասնելու քաղաքականություն: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցը:

 

Հաջորդիվ քննարկվել են  գործող Կանանց և տղամարդկանց հավասարության ռազմավարական ծրագրի (2011-2015 թթ.)   իրականացման արդյունքները ( Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիր ) : Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն անդրադարձել են նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությանը: Նիստում ներկայացվել են նաև «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2015 թ. մրցանակաբաշխության արդյունքները: Մեկ այլ հարցով հաստատվել են Կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերի խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը:

 

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորել է կանանց ներգրավվածությունը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև գործարար կանանց համար գործունեության նպաստավոր պայմանների ստեղծումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական լինել նշված ուղղություններով տարբեր ծրագրերի իրականացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ:

 

Հ.Գ. Նշենք, որ  ՀՀ Վարչապետին կից Կանանց ու տղամարդկանց հավասարության հիմնահարցերով զբաղվող խորհուրդը վերակազմավորվել է եւ նրա կազմում  այժմ  ընդգրկված  են.

 

Հ. Աբրահամյան – ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Հ. Նաղդալյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Ասատրյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հ. Հակոբյան -ՀՀ սփյուռքի նախարար
Հ. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարար
Ա. Մկրտչյան -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ
Ռ. Ալավերդյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ս. Ավետիսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Հովակիմյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Նազարյան -ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Քարամյան -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Գ. Համբարձումյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ե. Դանիելյան -ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր (համաձայնությամբ)
Ջ. Հակոբյան -ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան -ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)

 

Դիտումների քանակը` 3862

Գլխավոր էջ