Վարդան Սեդրակյան. «Կինը քաղաքականության մեջ բացարձակապես անելիք չունի»…


Հայտնի է, որ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը չի ընդունում կին քաղաքական գործիչներին և   բազմիցս  տարբեր ամբիոններից հնչեցնել է իր համոզմունքը, որ  «իգական սկիզբը քաղաքականության մեջ տեղ չունի»: Դա,  իր կարծիքով ,   «պարզ տիեզերական ճշմարտություն է» , բացի այդ  էպոսում  էլ է  արտացոլված. «տղամարդը գլուխն է, կինը` ոտը»:  WomenNet.am-ը փորձեց և ս մեկ անգամ ճշտել թեկնածուի դիրքորոշումն այս հարցում:

 

Դուք մի անգամ ասել էիք, որ չեք ցանկանում կանանց քաղաքականության մեջ տեսնել: Ինչո՞ւ:
-Որովհետև դա հարիր չէ հայ կնոջը:

 

Իսկ ուրի՞շ ոլորտներում:
-Ախր բարդ հարց եք տալիս, ասեղնագործությունն էլ է ոլորտ: Ուրիշ ինչ ոլորտներ, կոնկրետ: Ասել եմ, որ տանել չեմ կարողանում, երբ տեսնում եմ, որ կինը ծանրաձող է բարձրացնում, կամ կինը ըմբշամարտիկ է…

 

Ձեր նախընտրական ծրագրում կնոջը ի՞նչ դեր է հատկացված:
-Էդ ես չեմ, որ կնոջը դեր պետք է հատկացնեմ: Հայազգը հազարմյակներ ապրել է, հայ տղամարդն էլ, հայ կինն էլ, հայ երեխան էլ գիտեն իրենց դերը,  և  Վարդան Սեդրակյանի ասելով չէ, որ հայ կինը այսպիսին լինի: Այ Եվրոպան ասում է, կինը այսպես պետք է լինի: Ես ասում եմ, չէ, կինը պետք է լինի այնպես, ինչպես բնությունը իրեն ստեղծել է: Արհեստականորեն բերել ինչ-որ բաներ անել, ես չեմ ընդունում:

 

Ձեր ծրագրում հատուկ կանանց  համար
-Ոչ, ոչ, ասում եմ: Ոչ, ոչ: Հատուկ կանանց համար… նորից եմ ասում ես պետք ա դրույթներ չգրեմ, որ հայ կինը պետք է այսպիսին լինի: Ուղղակի ոլորտներ կան, որ սարսափելի տգեղ ա: Ընդեղ կնոջ գործը չի…

 

 

 

P.S. Հաշվի առնելով Վարդան Սեդրակյանի հատուկ վերաբերմունքը քաղաքականության մեջ կանանց ներկայությանը մենք հավաքագրել ենք նրա հրապարակային ելույթները այս թեմայով և   ներկայացնում ենք ձեր ուշադրությանը առանց մեկնաբանության, թեպետ դրանք սեքսիզմի ակնհայտ տարրեր  են պարունակում:

 

 

«Էպոսի 4 հիմնական հերոսները տղամարդիկ են»…

 

Ամիսներ առաջ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը առաջարկել էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին վճարել նրա ընտրագրավը: Ինչո՞ւ նա պատրաստակամություն չի հայտնում վճարել որևէ թեկնածուի ընտրագրավը, ում համար խնդիր է այդ գումարը գտնելը, հատկապես որ նրանց շարքերում կա կին թեկնածու: «ԳԱԼԱ» հեռուստաընկերության այս  հարցին Վարդան Սեդրակյանը պատասխանել է.

 

«Պատրաստակամություն չեմ հայտնել, որովհետև խորապես համոզված եմ, որ կինը քաղաքականության մեջ բացարձակապես անելիք չունի: Դա ես չեմ հնարել, դա պարզ տիեզերական ճշմարտություն է»:

 

Նա իր համոզմունքը բացատրում է նրանով, որ արմենոիդներն ի սկզբանե ունեցել են արիական ծագում, և իգական սկիզբը քաղաքականության մեջ տեղ չունի, քանի որ դա է ապացուցել պատմությունը և հայ էպոսը: Ըստ Վարդան Սեդրակյանի, էպոսի 4 հիմնական հերոսները տղամարդիկ են, և միայն մեկ դրվագում է Սանասարի մահվանից հետո նրա կինը կառավարում, քանի որ որդիները փոքր էին: Բայց այդ ժամանակ է, որ Մսրա Մելիքը հարձակվում է, գերեվարում նրանց, ու ամբողջ երկիրը ավերում:

 

«Միգուցե այլ նպատակով պետք են այդ կանայք, բայց ոչ քաղաքական առումով»…

 

Կայքի դիտարկմանը, որ հենց այս պահին մի քանի կին պատգամավորներ նստած են Ազգային ժողովում, Վարդան Սեդրակյանը արձագանքել է.« Այո, շատ ճիշտ եք ասում, նստած են, նրանք միայն նստած են: Ազգային Ժողով կանանց բերելու առաջին խրոխտ քայլը արեց ժամանակին Վանո Սիրադեղյանը, երբ ԱԺ ընտրություններից մի քսան օր առաջ ստեղծեց «Շամիրամ» կուսակցությունը` մեղմ ասած թեթև վարքի տեր կանանցով ու մտցրեց Ազգային Ժողով:Նույնիսկ այն ժամանակ էին արդեն խոսում, թե արդեն պարզ է` ինչի համար է Վանոն նրանց բերել Ազգային Ժողով: Միայն այն բանի համար, ինչ նպատակով այդ կանանց բերել էր Վանոն, միգուցե դրա համար պետք են այդ կանայք, բայց ոչ քաղաքական առումով»:

 

«Իմ կինը երբեք չի մտնի քաղաքականության մեջ»

 

Նա կանանց չի տեսնում նաև սպորտում, բացառությամբ գեղասահքում, որտեղ նրանց ներկայությունը, ըստ նրա, շատ գեղեցիկ է: «Իմ կինը աշխատում է, բայց իմ կինը երբեք չի մտնի քաղաքականության մեջ ու չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը»,- նշել է Վարդան Սեդրակյանը:

 

 

«Կանայք, երբ մտնում են կրոնական միստիկայի ոլորտ, որպես կանոն, վերածվում են վհուկների»

«Աշխարհի բոլոր կրոնները մերժում են կնոջ գործունեությունը կրոնական համակարգում: Դա ոչ թե գենդերային խտրականություն է, ուղղակի քանի որ կանայք էմոցիոնալ էակներ են ու շուտ բռնկվող, ուրեմն չեն համապատասխանում կրոնական ու էզոթերիայի ոլորտի չափանիշներին: Կանայք, երբ մտնում են կրոնական միստիկայի ոլորտ, որպես կանոն, վերածվում են վհուկների»,- այս մասին ԳԱԼԱ-ի  հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

 

Լրագրողի  այն հարցին՝ մտավախություն չունի՞ արդյոք ինքը, որ հայ կանանց մեծ մասն իրենց ձայնը չեն տա խտրական վերաբերմունքի համար, Վարդան Սեդրակյանը նշեց, որ ոչ մի մտավախություն չունի, որովհետև վստահ է, որ հայ կանայք գիտեն իրենց տեղը, դա իրենց ընտանիքն է՝ ամուսնու ու երեխաների կողքին:

 

 

Դիտումների քանակը` 4253

Գլխավոր էջ