Վանաձորի ավագանիում կանայք 24 % են կազմում

vanadzorԹեպետ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ  Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը , սակայն   ավագանու ընդդիմադիր  անդամները  ի դեմս   «Լուսավոր Հայաստան»,  «Բարգավաճ Հայաստան» եւ  «Հայկական վերածնունդ» ֆրակցիաների  բոյկոտեցին այդ արարողությունը:

 

 

Այնուամենայնիվ, ավագանու բոլոր անդամները ստացել են իրենց մանդատները: Ըստ այդմ,  այսօր  Վանաձորի  նորընտիր ավագանու կազմում  33 անդամներից  8-ը կամ  24 %-ը   կանայք են: Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքով, կուսակցությունները պարատավոր  էին ապահովել իրենց ցուցակների յուրաքանչյուր քառյակում  թեկնածուների  25/75 սեռային համամասնությունը:  Հոկտեմբերի 2-ի  Վանաձորի  ավագանու ընտրություններին մասնակցեց  8  կուսակցություն: Նրանց նախընտրական ցուցակներում ընդհանուր թվով 326 թեկնածու էր ներկայացված, որոնցից  93-ը կամ   29 տոկոսը կանայք էին:

vanadzor-result

Ներկայացնում ենք  նորընտիր ավագանու կազմը

 

ՀՀԿ  խմբակցության 13 անդամներից 3-ն են կանայք (23%). Գայանե Քալանթարյանը՝ ‹‹Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր›› ՊՓԲԸ տնօրեն, ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության կազմակերպիչ Մարինե Հովհաննիսյանը և երիտասարդ Սոխակ Մելքոնյանը: Ուշագրավն այն է, որ վերջինս ՀՀԿ ցուցակում 24-րդ հորիզոնականում էր ներկայացված և նրանից առաջ  դեռ 4 կին թեկնածու էր ներկայացված:

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում 10 անդամից երկուսն են կին (20%)՝ Կարինե Ղուկասյանը և Անահիտ Կարապետյանը: Նշենք, որ խմբակցության նիստում վերջինս՝ Անահիտ Կարապետյանը, ընտրվել է խմբակցության քարտուղար:

 

«Հայկական վերածնունդ» խմբակցությունում  5 անդամներից միայն մեկն է կին (20%)՝ մանդատը բաժին է հասել  «Աջակցություն հղի կանանց» ծրագրի սոցիալական աշխատող Մերի Եղիազարյանին:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում  3  անդամից   միայն մեկն է կին (33%) ՝ կուսակցության նախընտրական  ցուցակը գլխավորող  Այծեմնիկ Օհանյանը:

 

ՀՅԴ խմբակցությունն  ավագանիում կունենա ընդամենը երկու անդամ, որից մեկը՝ կին (50%): Կուսակցության որոշմամբ մանդատը տրվել  է ՎՊՀ, դոցենտ Արմենուհի Կյուրեղյանին:  Ի սկզբանե  Արմինե Կյուրեղյանը  երրորդն էր կուսակցության ցուցակում, սակայն  ՀՀ  նոր Ընտրական օրենսգրքի պահանջով    կուսակցությունը պարտավոր էր  իր խմբակցության կազմում երկու սեռի ներկայացուցիչներ ապահովել:

 

Մասնավորապես,  նոր   Ընտրական օրենսգրքի   114 հոդվածի կետ 6-ում նշված է. «Ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին: Եթե դրա արդյունքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա ցուցակի հերթականությամբ վերջին ընտրվածի մանդատը տրվում է ընտրական ցուցակի չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա»:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Լուսավոր Հայաստան»-ը  ստացավ 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, ՀՀԿ-ն՝ 13, իսկ ՀՅԴ-ն՝ 2:  «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքված համաձայնագրով՝ այս ուժերը պետք է իրենց ձայնը տային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին՝ այդպիսով ՀՀԿ-ին Վանաձորում դարձնելով ընդդիմություն: Ու չնայած նրան, որ ՀՀԿ-ն ու նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ընտրությունների արդյունքում ընդամենը 15 մանդատ էին ստացել Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը փակ քվեարկության արդյունքում 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց: Եվ հիմա «Լուսավոր Հայաստանը» խնդիր է դրել պարզելու, թե ովքեր են համաձայնագրին դավաճանող 4 անձինք:

 

«Պետք է հասկանանք՝ ովքեր են այն 4 անձինք, որոնք նախնական համաձայնությունը կամ իրենց ստորագրությունը չեն հարգել եւ իրենց ձայնը տվել են ՀՀԿ թեկնածուին:  Դա իմանալը կարեւոր այնքանով, որ 33 հոգանոց ավագանիում կիմանանք՝ ում հետ ենք ճամփա գնում, որովհետեւ առաջիկա 5 տարին պատրաստվում ենք աշխատել իրար հետ: Շատ կարեւոր է իմանալ, թե ովքեր են այդ կազմսւմ ընդգրկված եւ ինչ ազդեցության տակ կարող են փոփոխել իրենց կարծիքը», – ասել է  Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու, ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը :

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 3273

Գլխավոր էջ