Սրբուհի Տյուսաբ. «Պարզապես Հայուհի մ’եմ»

 

Հայ գրականության առաջին կին վիպասան և հայ իրականության մեջ կանանց իրավունքների առաջին գաղափարախոսներից մեկը` Սրբուհի Տյուսաբը, ծնվել է Կ.Պոլսում, Վահանյան գերդաստանում: Մեկ տարեկան հասակում կորցրել է հորը, և նրա մայրը` Նազլը Վահանը, ստիպված է եղել կրկնակի հոգատարությամբ շրջապատել դստերը, որպեսզի նա չճաշակի որբության դառնությունը:

 

Սրբուհին ուսանել է ֆրանսիական դպրոցում: Հետագա դաստիարակությունը ստանձնել է եղբայրը` Հովհաննեսը` սովորեցնելով ֆրանսերեն, պատմություն  և բնական գիտություններ: Նրա կյանքում բեկումնային է եղել ծանոթությունը բանաստեղծ և հասարակական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ: Սրբուհին, որ ժամանակակիցների վկայությամբ մինչ այդ քամահրանքով էր վերաբերվում հայերենին, սկսում է հայերենի մասնավոր դասեր առնել բանաստեղծի մոտ և  գրաբար բանաստեղծություններ գրել: Ուսուցիչն աշակերտուհու մեջ սերմանում է հայրենասիրություն, ազգային հպարտության զգացում, սեր ու հետաքրքրություն իր ժողովրդի անցյալի ու մշակույթի նկատմամբ: Բանաստեղծի և աշակերտուհու միջև հոգեկան ամուր կապ է ստեղծվում, որ վերաճում է զգացմունքի: Շատ ուսումնասիրողներ են անդրադարձել բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, դա ակնհայտ երևում է նրա որոշ բանաստեղծություններից, սակայն Ա. Շարուրյանի համոզմամբ, որոշ հիմքեր կան կարծելու, որ Սրբուհին նույնպես խոր և քնքուշ զգացմունքներ է ունեցել իր հիվանդ ուսուցչի հանդեպ, թեև  մեծ տառապանքով անթեղել է այն, իսկ նրա վաղաժամ մահվան կսկիծն արտահայտել հայտնի «Ի հիշատակ պ. Մ. Պեշիկթաշլյանի» ողբերգով:

 

1864 թ., երբ Նազլը Վահանը հիմնում է Աղքատախնամ տիկնանց ընկերությունը և դառնում նրա ատենապետուհին, Սրբուհին` որպես օգնական ատենադպիր, աջակցում է  մորը, մասնակցում տարբեր միջոցառումների կազմակերպմանը, դրանցից մեկի ժամանակ հանդես գալիս կրակոտ ճառով:  Այդ տարիներին է, որ նա նկատվում է իբրև համարձակ ու սկզբունքային  մտավորական: 1865 թ., երբ Զմյուռնիայի «Ծաղիկ» հանդեսի խմբագիր Գրիգոր Չիլինկիրյանը մի հոդվածի պատճառով հալածանքների է ենթարկվում և բանտարկվում, Մատթեոս Մամուրյանի  ուշադրությունը ակումբում գրավում է մի «գեղանի և աշխույժ օրիորդ»` Ս. Վահանյանը, որ զայրույթով դատապարտում էր Չիլինկիրյանի հակառակորդներին: «Գեղադեմ օրիորդին այս պարզ ու իմաստալից խորհրդածությունները լսելով` գետնե գետին անցա, մերթ կզմայլեի անոր անկեղծության և Իզմիրի կանայքը պաշտպանելու և երիտասարդությունը դատապարտելու երկսայրի լեզվին վրա, մերթ կսրտմտեի, որ նորաբույս կույս մը մեզնե ավելի ազատամիտ` մեզի կանացի բնության վրա դաս տալու կհանդգնի…»,- գրում է նա:

 

1869 կամ 1870 թ. Սրբուհին ամուսնանում է իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար Պոլ Տյուսաբի հետ, որը վարում էր  արքունական երաժշտախմբի ղեկավարի պաշտոնը: Նա ոչ միայն չի խանգարել կնոջը զբաղվելու հասարակական գործերով, այլև ամեն կերպ օգնել է: 1870-ական թթ. Սրբուհի Տյուսաբը զբաղվում է իր զավակների` Դորիի և Էդգարի դաստիարակությամբ: Այդ տարիներին նրանց տան սալոնում հավաքվում էին ժամանակի նշանավոր մտավորականները և զրուցում գրական ու հասարակական տարբեր հարցերի շուրջ:

 

Տյուսաբը հասարակական ասպարեզ իջավ 1880-ական թվականներին: 1880 թ. մայիսից արդեն նա  Դպրոցասեր հայուհյաց ընկերության գործուն անդամներից  էր` Ընդհանուր ժողովի ատենապետ, և ձեռնամուխ էր եղել ընկերության համար անհրաժեշտ միջոցների հայթայթմանը: Նա հրատարակեց «Աշխարհաբար հայ լեզուն» աշխատությունը, որի վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրեց ընկերությանը: Բացի դրանից, նա հանգանակություններ, ներկայացումներ, ցուցահանդեսներ  էր կազմակերպում: Նրան հաջողվում է ընկերությունը դուրս բերել ճգնաժամից և զարգացման հունի մեջ դնել: Նրան իրավամբ համարում էին «Դպրոցասիրաց հոգին», իսկ նրա` իբրև ընկերության ատենապետուհու հրաժարականը`  հավասար ընկերության լուծարման:

 

 

Այս նույն շրջանում նույնքան բեղուն էր նրա ստեղծագործական գործունեությունը, հենց այդ տարիներին նա սկսեց հանդես գալ հրապարակախոսական հոդվածներով` արծարծելով կանանց զարգացման ու աշխատանքի խնդիրները, գրեց իր վեպերը: Թուրքական կառավարության պայմաններում  ազատախոհությունն առհասարակ և կանանց ազատագրման խնդիրները մասնավորապես հող չունեին, բացի դրանից, շատ ավելի մեծ էր պահպանողականների դիմադրությունը: Ուստի կնոջ բերանով կնոջ  ազատության հարցեր բարձրացնելն այստեղ շատ մեծ համարձակություն էր պահանջում:

 

 

«Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկզբունքը» հոդվածներով, Մ. Մամուրյանի  խոսքերով, նա «դառն ճշմարտություն ասելու բարոյական արիություն ունեցավ` մատը դնելով ազգային ծանր վերքի վրա»: Նա կոչ էր անում հայ կանանց փշրել նախապաշարումները, անցնել աշխատանքի և այդպիսով, նախ, փրկել իրենց ընտանիքները աղքատությունից ու կործանումից, և երկրորդ` ապրել արժանապատիվ, անկախ, սեփական բարոյական ու մտավոր կարողությունները լիուլի գործի դնելով: Կնոջ դատի պաշտպանությունը դարձավ Տյուսաբի գրական ստեղծագործության  առանցքը, իր գաղափարները նա հետագայում մարմնավորեց  «Մայտա», «Սիրանույշ» «Արաքսիա կամ Վարժուհին» վեպերում, որոնցով, իբրև առաջին վիպասանուհի, առանձնահատուկ տեղ գրավեց հայ գրականության պատմության մեջ:

 

 

1887թ. հետո  Տյուսաբը քրոնիկական գլխացավերի պատճառով թողնում է գրական գործունեությունը, սակայն վերստին հանգանակություններ է կատարում Դպրոցասեր տիկնանց ընկերության օգտին, նաև` Երզնկայի դպրոցի, օժանդակում է Գալֆայան որբանոցին,  այցելում դպրոցներ:  Նրա շնորհիվ ձեռք է բերվում Հովհ. Այվազովսկու նկարներից մեկը և դրվում Միացյալ ընկերության վիճակահանության: Նաև  հովանավորում է Ասիական ընկերության լսարանները` կազմակերպելով գրական-երաժշտական հանդեսներ, ղեկավարում Պետրոս Ադամյանի բեմական գործունեության 25-ամյա հոբելյանի տոնակատարության մասնախումբը:

 

 

1889 թ. նոյեմբերին Տյուսաբը դստեր հետ մեկնում է Փարիզ` բուժվելու: Ճանապարհին կանգ է առնում Ֆիլիպե (Պլովդիվ) քաղաքում, որտեղ նևրոպաթոլոգ Ժան Մարտեն Շարկոն նրա մոտ հայտնաբերում է նյարդային սուր բորբոքումներ և իր նշանակած բուժումով էապես թեթևացնում նրա վիճակը: Տյուսաբը մոտ երկու տարի մնում է Փարիզում, որտեղ  Շառլ Գունոն և Ամպրուազ Թոման փայլուն ապագա են գուշակում նրա դստերը երաժշտական ոլորտում: 1891 թ.` Պոլիս վերադառնալուց մի քանի ամիս անց, թոքախտից մահանում է նրա դուստը` 18-ամյա Դորին: Տյուսաբն այդպես էլ չհաղթահարեց այդ վիշտը: Հայ գրականության առաջին կին վիպասանն ու կրակոտ հրապարակախոսը, որ  իր վեպերով, հոդվածներով ու ելույթներով խռովում էր Կ.Պոլսի մտավոր կյանքը` արձագանքները հասցնելով մինչև Թիֆլիս ու գաղութներ, իսպառ մեկուսացավ  աշխարհիկ կյանքից:

 

 

Սիպիլը, որ երբեք չէր դադարում Տյուսաբով հիանալուց և այդ ողբալի տարիներին այցելել է նրան, իր «Կիսադեմքերը քողին ետևեն» էսսեների շարքում թերևս լավագույնս է գնահատել Տյուսաբի դերն ու նշանակությունը հայ գրականության մեջ և հասարակական  կյանքում. «Գրողներուն երիցագույնը, խոսողներուն գերագույնը և զգացողներուն ծայրահեղությունն է իր սեռին համար… Ինքը հանդուգն «ֆեմինիսդ» մը երկերուն մեջ, անկեղծ արհամարհող մը կեղծավոր պատշաճությանց, քաջություն ունեցած է ըսելու ճշմարտություններ, որոնց առջևեն զարհուրած ետ-ետ պիտի փախչեր մեր պչրասեր կիներուն ծփծփուն առաքինությունը…»:

 

 

Այդ տարիներին նրան այցելել են նաև նրա երկերով ոգևորված Զապել Եսայանն ու Արշակուհի  Ճեզվեճյանը (հետագայում` Թեոդիկ): Եվ այդ հանդիպումը սևազգեստ տիկնոջ հետ բավական ուսանելի է եղել դեռատի աղջիկների համար: «Տիկին Տյուսաբ լսելով, որ գրական ասպարեզին թեկնածու մըն եմ, ինձ նախազգուշացուց, ըսելով, որ այդ ասպարեզը կնոջ համար ավելի շատ տատասկներ ուներ, քան դափնիներ,- գրում է Զապել Եսայանը իր «Սիլիհտարի պարտեզները» հուշագրությունում:- Հաղթահարելու համար այդ բոլորը, պետք էր միջակութենեն վեր ըլլալ: «Էրիկ մարդ գրագետը ազատ է միջակ ըլլալ, բայց ոչ կին գրագետը»:

 

 

Տյուսաբի ժամանակակիցները, ի նշան երախտագիտության, նրան պսակում էին «ազգասեր» մակդիրով: Ինքն ավելի համեստ տեղ էր տալիս իրեն. «Պարզապես Հայուհի մ’եմ, որ հօգուտ ազգին կաշխատիմ դույզն-ինչ, ինչպես կաշխատին մյուս հայուհիները…»: Այս խիստ ինքնագնահատականն, անշուշտ, ընդվզումի և հիացմունքի խառը զգացումներ է առաջացնում, և եթե նրա անկեղծությունը ստիպում է հարգել իր կարծիքը, ապա նաև պարտավորեցնում է ասել, որ նրա շնորհիվ մեծապես բարձրացավ հայուհու հարգն ու վարկը:

 

 

Սրբուհի Տյուսաբը մահացավ  60 տարեկան հասակում, քաղցկեղից:

 

 

Ա. Հարությունյանի 

«Երևելի տիկնանց դարը» գրքից

 

Կարդացեք այս թեմայի շուրջ  հեղինակի այլ նյութերը մեր կայքում.

«Երևելի տիկնանց դարը»` գիրք, որը շատ ու շատ կարծրատիպեր է կոտրում

Կանանց հանդեսներ. մեր անցյալն ու սնգուրված ներկան

Հայկանուշ Մառք. «Պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները»…

«Կինը, որ Սիպիլ կստորագրե, պարծանքն է իր սեռին»

 

Դիտումների քանակը` 8195

Գլխավոր էջ