Ստամբուլի կոնվենցիա. ՀՀ կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով
Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների, հնարավոր հետևանքների մասին հնչեցրած հայտարարությունների, մտահոգությունների, ինչպես նաև դրանց արձագանքների պակաս այս օրերին չկա։ Մի մասը քննադատում են փաստաթուղթը, մյուսներն էլ բարձրաձայնում են դրա՝ օր առաջ վավերացման անհրաժեշտության մասին։
ԵԽ պաշտոնական էջը օրերս տեղեկատվություն տարածեց, որ Հայաստանի իշխանությունները դիմել են Կոնվենցիայի վավերացման հետևանքների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար Վենետիկի հանձնաժողովին ։
Ավելի ուշ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ այսօր դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի»։
Մինչ պատասխանը կուղարկվի հայկական կողմին ու կհրապարակվի, ԵԽ-ն պատրաստել է էլեկտրոնային գրքույկ , այդ թվում հայերեն լեզվով, որտեղ մի շարք հարցեր ու դրանց պատասխաններն են ներկայացված՝ կոնվենցիայի խնդրահարույց ու առավել շատ քննարկվող դրույթների մասին։
«Քանի որ Հայաստանում Ընտանեկան բռնության դեմ կոնվենցիայի վավերացման հարցը գնալով ավելի ու ավելի լայնորեն է քննարկվում, մենք ցանկանում ենք ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում Ստամբուլի կոնվենցիան և ինչ ապատեղեկատվություն կա դրա վերաբերյալ»,-նշում են ԵԽ կենտրոնական գրասենյակի մամուլի ծառայությունից՝ հույս հայտնելով, որ գրքույկում առկա տեղեկատվությունը օգտակար կլինի հասկանալու և ընթերցողներին փոխանցելու, թե իրենից ինչ է ներկայացնում կոնվենցիան։
Նշենք, որ ԵԽ 47 անդամներից այս պահին կոնվենցիան չեն ստորագրել Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Կոնվենցիան չեն վավերացրել Հայաստանը, Միացյալ Թագավորությունը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիխտեյնշտեյնը, Լիտվիան, Մոլդովան, Սլովակիան, Ուկրաինան։
Վերջին ստորագրած երկիրը Հայաստանն է, որը ստորագրել է Կոնվենցիան 2018-թվականի հունվարին։ Դրանից մոտ մեկ ամիս առաջ կառավարությունը հավանություն էր տվել փաստաթղթին վերապահումներով։
Վերապահումների վերաբերյալ փաստաթղթում ասված է.
«Համաձայն Կոնվենցիայի 78-րդ հոդվածի 2-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետությունը իրավունք է վերապահում չկիրառելու Կոնվենցիայի այն դրույթները, որոնք սահմանված են՝
- 30-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ,
- 55-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ` 35-րդ հոդվածի համաձայն սահմանված ոչ մեծ ծանրության իրավախախտումների առնչությամբ,
- 58-րդ հոդվածով՝ 37-րդ հոդվածի առնչությամբ,
- 59-րդ հոդվածով»։
- 30-րդհոդվածի 2-րդ պարբերությամբ: Այս հոդվածը նախատեսում է համարժեք պետական փոխհատուցում այն անձանց, ում պատճառվել է ծանր մարմնական վնասվածք կամ առողջության կորուստ՝ այն չափով, որ չափով պատճառված վնասը չի հատուցվել այլ աղբյուրներից, ինչպիսիք են` կատարողը և ապահովագրական կամ պետական ֆինանսավորում ունեցող առողջապահական կամ սոցիալական ծրագրերը։ Սա մասնակից պետությունների համար խոչընդոտ չի հանդիսանում հատկացված փոխհատուցման դիմաց կատարողի դեմ ռեգրեսային պահանջ ներկայացնելու համար՝ պայմանով, որ պատշաճ կերպով հաշվի է առնվում տուժողի անվտանգությունը։
- 55-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ` 35-րդհոդվածի համաձայն սահմանված ոչ մեծ ծանրության իրավախախտումների առնչությամբ: 55 հոդվածի 1-ին պարբերությունում ասված է՝ մասնակից պետությունները պետք է ապահովեն, որպեսզի հանցագործությունն ամբողջությամբ կամ դրա մի մասով իրենց տարածքում կատարվելու դեպքում, սույն Կոնվենցիայի 35, 36, 37, 38 և 39-րդ հոդվածների համաձայն նախատեսված հանցագործությունների քննությունն ու դրանցով քրեական հետապնդման իրականացումը լիովին կախված չլինեն տուժողի կողմից հաղորդում կամ բողոք ներկայացնելու փաստից, և որպեսզի արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող վարույթներն հնարավոր լինի շարունակել անգամ տուժողի կողմից իր ցուցմունքներից կամ բողոքից հրաժարվելու դեպքում։Այստեղ Հայաստանի վերապահումը վերաբերում է 35 հոդվածին՝ Ֆիզիկական բռնությանը: Այդ դրույթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի քրեականացվեն մեկ այլ անձի դեմ դիտավորությամբ կատարվող ֆիզիկական բռնության գործողությունները:
- 58-րդ հոդվածով՝ 37-րդ հոդվածի առնչությամբ: 58-րդ հոդվածը վերաբերում է վաղեմության ժամկետներին: Սահմանված է, որմասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի սույն Կոնվենցիայի 36, 37, 38 և 39-րդ հոդվածների համաձայն նախատեսված հանցագործությունների վերաբերյալ ցանկացած վարույթ հարուցելու համար քրեական հետապնդման վաղեմության ժամկետը շարունակի հոսել տուժողի չափահաս դառնալուց հետո այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ և համաչափ կլինի խնդրո առարկա հանցագործության ծանրությանը` այն հաշվով, որպեսզի քրեական վարույթի արդյունավետ իրականացումը հնարավոր լինի տուժողի չափահաս դառնալուց հետո: 37-րդ հոդվածը հարկադիր ամուսնության մասին, հոդվածի կետերը սահմանում են.
«1. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի քրեականացվի չափահասին կամ երեխային ամուսնանալուն դիտավորությամբ հարկադրելը:
- Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնութի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի քրեականացվի չափահասին կամ երեխային ամուսնանալուն հարկադրելու նպատակով այդ անձի քաղաքացիության կամ բնակության վայրի պետություն չհանդիսացող պետության տարածք մուտք գործելուն դիտավորությամբ գայթակղելը»:
- 59-րդ հոդվածով: Հոդվածն ընդգրկված է «Միգրացիա և ապաստան» գլխում, վերաբերում է տուժածներին կացության թույլտվություններ ու ապասատարաններ տրամադրելու պետության պարտավորություններին:
Օրինակ 59 հոդվածի 2–րդ կետը սահմանում է. « Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի զոհերին տրվի նրանց ամուսինների կամ զուգընկերների՝ ներպետական իրավունքում դրանց տրված իմաստով, նկատմամբ ընթացող արտաքսման վարույթի կասեցմանը հասնելու հնարավորություն՝ այն հաշվով, որպեսզի իրենք կարողանան դիմել կացության ինքնուրույն թույլտվություն ստանալու համար»:
Կամ 4-րդ կետը, որում ասված է. «Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի հարկադիր ամուսնության զոհերը, ովքեր այլ երկիր են տարվել ամուսնանալու նպատակով և ովքեր դրա արդյունքում կորցրել են իրենց հիմնական բնակության վայր հանդիսացող երկրում ունեցած կացության կարգավիճակը, հնարավորություն ունենան վերականգնելու այն»:
Հնարավո՞ր է կոնվենցիան վավերացնել վերապահումներով։ WomenNet.am-ին ի պատասխան արդարադատության նախարարությունից պատասխանեցին՝ Կոնվենցիան կարելի է վավերացնել վերապահումներով, բայց սահմանափակ հոդվածների է թույատրվում վերապահում անել։
Վերապահումների հարցի վերաբերյալ մանրամասնում է կոնվենցիայի 72 հոդվածի 2-րդ մասը. «Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական Միությունը կարող են ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին վավերագիրն ի պահ հանձնելիս, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարության միջոցով հայտարարել, որ իրենց իրավունք են վերապահում չկիրառել կամ միայն առանձին դեպքերում կամ պայմաններում կիրառել հետևյալ հոդվածներով նախատեսված դրույթները՝
– 30-րդ հոդվածի 2-րդ մաս
– 44-րդ հոդվածի 1-ին մասի (ե) կետ, 3-րդ և 4-րդ մասեր
-55-րդ հոդվածի 1-ին մաս՝ 35-րդ հոդվածով նախատեսված ոչ ծանր հանցագործությունների առնչությամբ
– 58-րդ հոդված՝ 37-րդ, 38-րդ և 39-րդ հոդվածների առնչությամբ
– 59-րդ հոդված։
Վերապահումներն ընդմիշտ չեն, հինգ տարվա կյանք ունեն, եթե չերկարաձգվեն։ Իսկ երկարաձգելու հնարավորություն կոնվենցիան տալիս է։
79-րդ հոդվածը սահմանում է. «78-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով սահմանված վերապահումներն ունեն 5 տարվա վավերականություն՝ սկսած սույն Կոնվենցիան տվյալ մասնակից պետության նկատմամբ ուժի մեջ մտնելու օրվանից։ Այնուամենայնիվ, այդ վերապահումները կարող են երկարացվել նույն ժամանակով»։
Եթե մասնակից պետությունը վերապահում է կատարում 78-րդ հոդվածի 2-րդ և 3- րդ մասերի համաձայն, ապա այն, նախքան կատարված վերապահման երկարացումը կամ համապատասխան խնդրանքի առկայությամբ, պետք է ԳՐԵՎԻՈ- ին բացատրություն ներկայացնի՝ վերապահման պահպանումը հիմնավորող պատճառների շարադրմամբ։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1586