Սվիտալսկի. Եվրամիությանը չի գոհացնում ընտրական ցուցակներում կանանց եւ տղամարդկանց թվի հարաբերակցությունը

Եվրամիությանը դեռեւս չի գոհացնում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի  ընտրական ցուցակներում կանանց եւ տղամարդկանց թվի հարաբերակցությունը: Այս մասին փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ  պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

 

Նրա խոսքով՝ ԵՄ-ը հորդորել էր մեծացնել կանանց քվոտաները: «Ցավոք, կուսակցություններն այս հարցում մեզ չեն աջակցել»,- դժգոհեց նա: Անդրադառնալով ընդհանրապես Ընտրական օրենսգրքին՝ Սվիտալսկին նշեց. «Կարող ենք միայն ասել, որ հավատում ենք՝ կան տարրեր, որոնք բարելավվել են եւ արտացոլված էին Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանություններում: Ես Հայաստանի իշխանությունների հետ բովանդակային զրույց եմ ունեցել, մասնավորապես՝ արդարադատության նախարարի հետ: Մենք հասկանում ենք, որ շատ դրույթներ, հատկապես դիտորդների եւ լրագրողների վերաբերյալ, ժամանակին քաղաքացիական հասարակությունը քննադատել է»:

 

Դեսպանն այնուհետեւ շարունակել է, թե գաղռտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների հետ ԵՄ-ի ուղիղ երկխոսությունը հանգեցրեց ԸՕ-ում որոշակի փոփոխությունների: Ըստ դիվանագետի՝ մասնավորապես կառավարությունը հաշվի առավ ԵՄ-ի դիտողությունները կապված դիտորդների թեստավորման հետ:

 

Դեսպանի խոսքով Եվրոպական Միությունը ոչ մի երկրում այսքան գումար և այսքան քաղաքական վստահություն չի ներդրել, որքան Հայաստանում, և դա արել է, որպեսզի օգնի կազմակերպվեն վստահելի ընտրություններ:

 

 «Մենք, իսկապես, Հայաստանում լավ ընտրություններ ենք ակնկալում: Եվրոպական միությունը շատ բան է արել, որպեսզի օգնի կառավարությանը, ընտրական հանձնաժողովին ու քաղաքացիական հանրությանը՝ ձգտելու ավելի լավ չափանիշների, և մենք դա արել ենք աննախադեպ կերպով: Եվրոպայի հարևան որևէ այլ երկրում Եվրամիությունը չի ներդրել այդքան գումար ու քաղաքական աջակցություն, օգնելու՝ կազմակերպել լավ ընտրություններ: Այսպիսով՝ Հայաստանն, ինչ-որ առումով, արտոնյալ վիճակում է»,- մանրամասնեց դեսպանը:

 

Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի, ընտրությունների կազմակերպման համար Եվրամիությունը տրամադրել է 7 միլիոն եվրո, որից 4 միլիոնը՝ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար: Եվս 2 միլիոն եվրո էլ տրամադրվել է ընտրական տեղամասերի 95 տոկոսում տեսախցիկների տեղադրման և ուղիղ հեռարձակում ապահովելու համար: Շուրջ 1 միլիոն եվրո ԵՄ-ն, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ, տրամադրել է դիտորդական առաքելությանն ու ընտրական այլ գործառույթների աջակցմանը:

 

Եվրամիության ներկայացուցիչը վստահեցնում է՝ իրենք նման օժանդակություն չէին ցուցաբերի, եթե վստահ չլինեին, որ այս անգամ ավելի որակյալ ընտրություններ են լինելու, քան նախկինում եղածները: «Այս պահին մենք կարող ենք լավատեսորեն ասել, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ավելի շատ համոզվածություն ու վստահություն ու պետք է խրախուսված լինեն՝ ընտրություններին գնալու համար, հավատալով, որ այս անգամ նրանց ձայնը հաշվի է առնվելու»,- ասաց ԵՄ դեսպանը:

 

Պյոտր Սվիտալսկին այսօր մասնակցում էր առավելապես Եվրամիության ֆինանսական աջակցությամբ ստեղծված «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսին: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները դիտորդների թվով աննախադեպ է լինելու, և հնարավոր է՝ հաջողվի վերահսկել ընտրությունները Հայաստանի բոլոր 2000 տեղամասերում, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացի դիտորդ»-ի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը: Նրա խոսքով,  ծրագրով նախատեսված է 3000 դիտորդի մասնակցություն, բայց  իրենք հույ ունեն  ապահովել  4000-ից ավելի դիտորդ և ծածկել հանրապետության բոլոր տեղամասերը: Նա կոչ արեց այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են իրականացնել ընտրությունների վերահսկողություն, գրանցվել, վերապատրաստվել և հնարավոր դարձնել 100 տոկոս տեղամասերում դիտորդական վերահսկղությունը։

 

Հիշեցնենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013թ․՝ Երևանի ավագանու ընտրությունները վերահսկելու համար։

 

Դիտումների քանակը` 3110

Գլխավոր էջ