Սոֆյա Քալանթարյան. «Ուզում եմ, որ ԱԺ-ում ճշմարտախոսների ու համարձակների թիվն ավելանա»
68-ամյա Սոֆյա Քալանթարյանն առաջիկա ԱԺ ընտրություններին որպես տարածքային պատգամավորության թեկնածու ընդգրկված է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ռեյտինգային ցուցակում ՝ Վանաձորի թիվ 9 ընտրատարածքում: Նա անգլերեն լեզվի մասնագետ է, 1996-ից հանդիսանում է «Վանաձոր և քույր քաղաքներ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահը: Մշտապես զբաղվել է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ:
-Ինչո՞ւ եք ուզում դառնալ պատգամավոր:
-Ինձ առաջադրել է կուսակցությունը, խնդրել են, որ առաջադրվեմ ռեյտինգային կարգով: Ես մտածեցի՝ եթե ինձ դիմել են, ուրեմն իմ օգնության կարիքն ունեն: Իրենք իմ երկիրն են, իմ երկրի մի մասն են, ու ես կիսում եմ իրենց ծրագրի բոլոր դրույթները: Մեծ համակրանք ունեմ առաջնորդի նկատմամբ… Ամուսինս ՀԱԿ-ից է եղել, ես ինքս երբեք կուսակցական չեմ եղել: Մտածում եմ՝ ինչ-որ տեղ իր կիսատ գործն եմ շարունակում, ինքը կուրախանար, կասեր, որ չհրաժարվեմ: Ես ուզում եմ դառնալ պատգամավոր, որ երկրում ապրող երեխան առողջ լինի… Իմ ոլորտը կրթությունն է, ես ներսից, խորքից գիտեմ ամեն ինչ ու կուզեմ, որ իմ նպաստը բերեմ այդ ոլորտում: Իմ հասարակական ակտիվ գործունեության արդյունքում սոցիալական խնդիրներն էլ լավ գիտեմ…Ուզում եմ, որ ԱԺ-ում ճշմարտախոսների, համարձակների և վերջապես կին պատգամավորների թիվն ավելանա:
-Ըստ Ձեզ, որո՞նք են մեր երկրի առաջնահերթ լուծում պահանջող երեք խնդիրները:
–«Կոնգրեսն» իր առաջ առաջնահերթ լուծում պահանջող երեք խնդիրները դրել է: Ես ուզում եմ, որ մենք մեր երկիրն ապրելով ստեղծենք, ոչ թե մահվան գնով: Ինձ համար մարդու կյանքը ծնված օրից մինչև վերջ երեք բաղադրիչ ունի. մարդը պետք է ապրի, արարի ու վայելի: Որպես մարդ, քաղաքացի ու որպես մայր ինձ համար առաջնայինը երկրիս խաղաղությունն է, որը նախադրյալ կլինի այլ խնդիրները լուծելու համար: Երկրորդը, մեզ բարիդրացիական հարաբերություններ են պետք նախ հարևանների, ապա նաև աշխարհի հետ: Մենք չենք կարող մեր խեցու մեջ փակվել: Երրորդը տնտեսությունն է: Մինչև տնտեսությունը ոտքի չկանգնի, կրթություն էլ չի լինի, մշակույթ էլ:
-Պատրա՞ստ եք խորհրդարանում պաշտպանել կանանց շահերը ու ինչպե՞ս եք դա պատկերացնում:
-Ես չեմ կարծում, որ հայ կինը պաշտպանության կամ հովանավորության կարիք ունի, որովհետև ինքն անպաշտպան չէ: Եթե կինն ունի այն գիտակցումը, որ ինքը հավասար է, շրջապատը դա ընդունում է: Օրինակ, ես իմ թե՛ հայրական, թե՛ ամուսնական ընտանիքում այդ խնդիրը չեմ ունեցել: Կանանց իրավունքների պաշտպանությունը զուտ ավանդական կարծրատիպերը կոտրելն է, բայց հիմա այնքա՜ն փոփոխություն կա այս առումով: Ամեն ինչ գնում է իր բնականոն ճանապարհով: Չեմ կարծում, որ պետք է արհեստականորեն արագացնել այդ պրոցեսը: Խտրականությունն ամենից շատ զգացվում է վերին օղակներում, այնտեղ, որտեղ որոշումներ են կայացվում: Այնտեղ, այո՛, պետք է կանանց մուտքը թեկուզ արհեստականորեն ավելացնել: Այսինքն՝ նոր մոտեցումներ են պետք:
-Ի՞նչ է պետք կնոջը քաղաքականության մեջ հաջողելու համար, ի՞նչ դժվարություններ եք տեսնում այդ ճանապարհին:
-Հաջողության հասնելու համար կինը պետք է կոմպետենտություն ունենա ու սեր երկրի նկատմամբ: Որտեղ էլ հայտնվի կոմպետենտ ու երկիրը սիրող կինը, կհաջողի: Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց սերը սելավի նման քշում տանում է բոլոր դժվարությունները:
-Ինչպես եք վերաբերվում քվոտավորման ներկայիս համակարգին: Այն բավարա՞ր է, թե այնուամենայնիվ, 50/50 գաղափարի կողմնակիցն եք:
-Որպես առաջին քայլ, վատ չէ: Ես էվոլյուցիոն ճանապարհի կողմնակիցն եմ: Նույնիսկ թթվածինը եթե մեծ դոզայով տաք, մարդը կխեղդվի: Այս հասարակությանն այդ դոզայով տալը, չեմ կարծում, որ ճիշտ կլիներ: Ճիշտը սա է. աստիճանաբար անցումը:
–Ինչպե՞ս կմեկնաբանեք «Քաղաքականությունը կնոջ գործը չէ» արտահայտությունը:
–Ես բոլորովին էլ այդ կարծիքին չեմ: Թելադրողը միշտ էլ կինն է եղել: Մեր հայ իրականության մեջ, մեր մշակույթում էլ տուն պահողը կինն է եղել: Մեր երկիրն ինչի՞ կարիք ունի: Տնտեսության ճիշտ վարման, ճիշտ քաղաքականության: Կինը դա միշտ արել է միկրո տարբերակով: Եթե համապատասխան գիտելիքներով օժտված լինի, դա կարող է անել նաև երկրի մակարդակով:
-Ի՞նչ խորհուրդ կտաք կին ընտրողներին:
-Ես համերաշխության կոչ կանեմ: Սովետի ժամանակ դա գիտե՞ք ոնց էր նստած մարդկանց մեջ. վարորդը վարորդի պատիվն էր պահում, խանութպանը՝ խանութպանի, կինը՝ կնոջ: Այդ ուղերձը կտայի՝ համերաշխություն ցույց տան և ինձ աջակցեն:
Զրուցեց Գայանե Սարգսյանը
Դիտումների քանակը` 3542