Սոֆյա Հովսեփյան. «Կանայք կարող են փոխել պատգամավորի կերպարը»

ElectricYerevan շարժման ընթացքում հասարակությանը լիցք տվող, իսկ իշխանություններին «հոսանքահարող» Սոֆյա Հովսեփյանը որոշել է ներսից հասկանալ՝ ինչո՞ւ մեր երկրում ճիշտ որոշումներ չեն կայացվում: Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված երիտասարդ թեկնածուն քաղաքացիական պայքարի հարուստ փորձ ունի՝ Թռչկանի ջրվեժից՝ մինչև ElectricYerevan:

 

«Իմ նախաձեռնություններն  ունենալու են մեկ ելման կետ՝ ժողովրդամետ են լինելու»

 

Վերջին շրջանում  Սոֆյա  Հովսեփյանն ակտիվ ներգրավված է եղել հատկապես սահմանամերձ համայնքների և զինծառայողների աջակցության նախաձեռնություններում: Այցելել և տեղում ծանոթացել է բոլոր խնդիրների հետ, որ հաճախ դուրս են մնում հասարակական քննարկումների և իշխանությունների ուշադրության դաշտից.

 

«Եկավ մի պահ, երբ ուղղակի հասկացա՝ այս խնդիրներն այլևս անհնար է լուծել կոնֆլիկտների, պահանջների, դեպքից դեպք դրանց մասին բարձրաձայնելու միջոցով: Յուրաքանչյուր հարցի լուծման համար մեր թիմը ստիպված էր լինում բազմաթիվ դռներ թակել, ահռելի ջանքեր, ռեսուրսներ և ժամանակ տրամադրել: Երբեմն շատ անհասկանալի, անտրամաբանական խոչընդոտներ հաղթահարել: Լինում էին նաև դեպքեր, երբ լուծումներն այնքան էին ուշանում, որ դրանց կարիքն այլևս չէր լինում: Խոսքը, մասնավորապես, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների մասին է, ովքեր հաճախ կյանքի և մահվան կռիվ էին տալիս»,- պատմում է Ս. Հովսեփյանը:

 

Երբ «Ելք» դաշինքից առաջարկեցին հանդես գալ որպես պատգամավորի թեկնածու, երիտասարդ կինը երկար մտածեց, ապա ընդունեց առաջարկը, քանի որ հստակ հասկացել է՝ ուրիշների կայացրած որոշումների հետևանքների դեմ պայքարելու ժամանակն արդեն անցել է. խնդիրները կանխարգելել է պետք:  «Չեմ խոստանում, որ սարեր շուռ կտամ, բայց խոստանում եմ՝ իմ նախաձեռնություններն  ունենալու են մեկ ելման կետ՝ ժողովրդամետ են լինելու: Այսօր հասարակության և որոշումներ կայացնողների միջև կոմունիկացիան խզված է: Գոնե իմ  մասով  խոստանում եմ վերականգնել այդ կապը»,- ասում է թեկնածուն:

 

Սոֆյա Հովսեփյանը ծնվել և մեծացել է Շիրակի մարզում:  Ասում է, մարզը հսկայածավալ հնարավորություններ ունի, որոնք, սակայն, չեն օգտագործվում, և այսօր մարզը տնտեսապես ամենախոցելիներից է Հայաստանում. ամենաբերրի հողերն անգամ չեն օգտագործվում գյուղատնտեսական և անասնապահական նպատակներով: Սրանք խնդիրներ են, որոնք օրենսդիր մարմնում չեն բարձրաձայնվում.

 

«Պատգամավորները համայնքներ չեն մտնում, մարդկանց խնդիրների նկատմամբ բացարձակ անտարբեր են: Շիրակի մարզում, և ընդհանրապես՝ Երևանից դուրս ապրողների համար, պատգամավորն ինչ-որ անհասկանալի կերպար է, որը հայտնվում է 5 տարին մեկ անգամ, ընտրակաշառք է բաժանում և կորում: Պատգամավորի մոդելն ուղղակի բացակայում է մարդկանց մոտ»,- ասում է Սոֆյա Հովսեփյանը:

 

«Սարեր շուռ տալ» չխոստացող թեկնածուն իր առջև շատ հստակ խնդիրներ է դրել, որոնք փորձելու է լուծել առաջին հերթին: Շիրակի մարզում կրթության ոլորտը, ըստ նրա, բացարձակապես չի վերահսկվում և վերածվել է կոռուպցիայի աղբյուրի: «Ինձ համար ուղղակի շատ ցավալի է, որ մարզում, որը հայտնի է իր բացառիկ ունակությունների և կարողությունների տեր բնակիչներով, կրթությունը դարձել է հսկայածավալ կոռուպցիայի և հարստացման աղբյուր: Ո՛չ մի օրենք, ո՛չ մի օրինականություն չի գործում: Շիրակի մարզում դպրոցի ուսուցիչ դառնալու համար 3 անգամ ավելի շատ կաշառք են ուզում, քան Երևանում, որտեղ նույնպես այդ փաստը չեն թաքցնում»,- պնդում է նա:

 

Հաջորդ խնդիրը, որի մասին պատրաստվում է բարձրաձայնել «Ելք»-ի թեկնածուն, վերաբերում է Շիրակի մարզից զորակոչվող երիտասարդների իրավունքների պաշտպանությանը. «Այնպես է ստացվել, որ Շիրակի մարզից զորակոչվող տղաների մոտ 90 %-ը ծառայության է մեկնում առաջնագիծ: Ես շատ հաճախ եմ լինում առաջնագծում՝ հատկապես ապրիլյան դեպքերից հետո, և, երբ դիրքերում հարցնում եմ՝ կա՞ն արդյոք շիրակցիներ, 10 հոգանոց հենակետում 5-6 հոգի ձեռք է բարձրացնում: Դա աղքատության, անպաշտպանվածության և ոտնահարված իրավունքների մասին է խոսում»,- ասում է նա:

 

Ս. Հովսեփյանը ցավով է նշում՝ վերջին երկու տարիներին շուրջ 50.000 մարդ լքել է Շիրակի մարզը: Ըստ նրա՝ անտարբերության մատնված գյուղացին, որն անասնապահությամբ կամ գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն չունի, ստիպված է լքել իր տունը՝ դատարկելով թիկունքային բնակավայրերը: Գյուղատնտեսությունն ու Շիրակի տնտեսական պոտենցիալի վերականգնումը ևս թեկնածուի ուշադրության կենտրոնում են լինելու: Այս և շատ այլ խնդիրների լուծման համար Սոֆյա Հովսեփյանը պայքարում է նաև այսօր: Պայքարում է՝ հաճախ չունենալով համապատասխան լծակներ: Օրենսդիրը դառնալու է ձայն բարձրացնելու, լսելի դարձնելու ևս մեկ հարթակ:

 

«Ընտրել նրանց, ովքեր ժողովրդին ապրումակցելու կարողություն և անտարբեր չլինելու խիզախություն կունենան»

 

Կանանց ներկայացվածությունը խորհրդարանում թեկնածուին չի բավարարում, բայց ոչ այնքան քանակական իմաստով, որքան՝ որակական: Դրա հետ մեկտեղ հատկապես կանանց հետ է կապում  պատգամավորի կերպարը փոխելու հույսերը:  Կարծում է, խորհրդարանը  լուռ, չնախաձեռնող, հնազանդ քվեարկող կին պատգամավորների տեղը չէ, ժամանակները պահանջում են   կանանց, ովքեր  փոփոխություններ կբերեն իրենց հետ.  

 

 «Եթե հիշենք նախորդ ընտրությունները, թեկնածուներից 20 տոկոսն էին  կին: Այս առումով այսօր առաջընթաց ունենք. ցուցակներում ամեն 4-րդը կին է: Կարծում եմ, հասարակությունը վերջապես հասկացավ, որ խորհրդարանում կնոջ, այն էլ՝ ակտիվ կնոջ պակաս կա, որը գործող անձ կլինի, ոչ թե իրադարձություններին պասիվ հետևող»,- ասում է թեկնածուն: Համոզված է,  խորհրդարանում որակական փոփոխության հնարավոր է հասնել. ուղղակի պետք է ընտրել մարդկանց, ովքեր ժողովրդին ապրումակցելու կարողություն և անտարբեր չլինելու խիզախություն կունենան: Այս երկու հատկություններով օժտված պատգամավորը, ըստ հոգեբան թեկնածուի,  չհաջողել ուղղակի չի կարող.

 

«Պատգամավորները չպետք է նստեն իրենց տեղերում և սպասեն, թե որևէ խնդիր կհասնի իրենց: Պետք է իջնեն իրենց աթոռներից, մտնեն տնից տուն, լսեն մարդկանց, տեսնեն ու զգան նրանց հոգսերը: Ինչո՞ւ եմ ես այդ մասին վստահ և բարձր խոսում, որովհետև միշտ բարձրացրել եմ հարցեր, որոնք իմ մաշկի վրա եմ զգացել»,- ասում է Սոֆյա  Հովսեփյանը:

 

Ըստ նրա՝ մեր երկրում, և հատկապես քաղաքականության մեջ, ոչ միայն կանանց, այլ ընդհանրապես մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարման խնդիր կա:  Մարդկանց, երիտասարդների ներուժը ոչ միայն չի օգտագործվում, այլև անտեսվում է: Մարդը, որպես այդպիսին, բացարձակապես գնահատված չէ պետության կողմից: Ինչ վերաբերում է կանանց նկատմամբ կարծրատիպային մոտեցումների հաղթահարմանը, ապա այս հարցում Սոֆյա Հովսեփյանը դրական միտում է տեսնում.

 

«Քաղաքականությունը կնոջ գործը չէ» արտահայտությունը ժամանակին շատ էր օգտագործվում: Այսօր արդեն մարդիկ զգուշավոր են՝ նման մտքեր արտահայտելուց առաջ: Նման դեպքերում միայն մեկ փաստարկ ունեմ. ուղղակի առաջարկում եմ համեմատել իմ և որևէ տղամարդ պատգամավորի գործունեությունը վերջին տասը տարիների ընթացքում: Ուղղակի համեմատել. ինչ են արել նրանք՝ ունենալով այսքան լծակներ, և ինչ եմ արել ես՝ ունենալով ընդամենը ինչ-որ բան փոխելու կամք և պատրաստակամություն: Խնդիրը մարդու սեռի մեջ չէ, այլ՝ տեսակի, իսկ  քաղաքականությունը առավել, քան կնոջ տեղն է»,- համոզված է Սոֆյա Հովսեփյանը:

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 3866

Գլխավոր էջ