Սուրճի հեղափոխություն Դիլիջանում. սրճարան, որտեղ նոր գաղափարներ են  փորձարկվում

Մոտ 1.5 տարի առաջ Դիլիջանում հեղափոխություն տեղի ունեցավ. միայն թե՝ սուրճի հեղափոխություն: Երևանից տեղափոխված երկու երիտասարդ աղջիկ՝ Մարիամ Սինանյանը և Անի Հարությունյանը, Դիլիջան հասցրեցին լավագույն սուրճը, որն աշխարհում անվանում են երրորդ ալիքի սուրճ: Նրանց սրճարանը՝ Caffeine Brew Lab-ը, որն ավելի շատ լաբորատորիա է  հիշեցնում,  դարձավ Դիլիջանի այն փոքրաթիվ ժամանցի վայրերից, որտեղ կարելի էր անցկացնել երեկոները, զրուցել և ուղղակի համեղ սուրճ խմել.

 

 

«Երևանում և, ընդհանրապես, Հայաստանում լավ սուրճ գտնելը գրեթե անհնար է: Այսպիսի որակի սուրճ կարելի է գտնել միայն Վրաստանում, այն էլ՝ մեկ, երկու սրճարանում: Այստեղից ուղղակի գաղափար առաջացավ՝ Հայաստան ներմուծել բարձրորակ սուրճ և ինքնուրույն պատրաստել այն: Մեր սրճարանը brew սրճարան է, այսինքն՝ թրմարան»,- բացատրում  է Անին:

 

Աղջիկների համար սեփական բիզնեսը սկսելու գործում ամենահեշտը Երևանից Դիլիջան տեղափոխվելու որոշումն էր: Երկար չեն մտածել, որոշումը կայացրել են մեկ օրում.

 

 

«Բացի այն, որ ամեն ինչ կենտրոնացած է Երևանում, և ուղղակի միտք ունեինք մարզերից մեկում նոր բան ստեղծել, մեզ համար նաև ակնհայտ էր այն, որ մեր գաղափարը Երևանում իրականացնելը գրեթե անհնար է: Մենք չէինք ուզում, որ մեր սրճարանը դառնա շտապող մարդկանց համար ոտքի վրա որևէ բան ուտելու կամ սուրճ խմելու տեղ: Մենք ցանկանում էինք, որ այն դառնա սուրճն անշտապ վայելելու, իրար հետ շփվելու վայր»,- պատմում են աղջիկները:

 

 

Դիլիջանը նրանց գրավեց գեղեցիկ բնությամբ, լավ մարդկանցով, մրցակցության բացակայությամբ և ուղղակի Երևանից փախնելու փոքր-ինչ ռոմանտիկ գաղափարով: Բացի այդ, Երևանում նոր բիզնես հիմնելու համար լուրջ ներդրումներ են պետք: Դիլիջանում դրանք զգալիորեն քիչ են:

 

Դիլիջան հասնելու համար սուրճը հատում է հազարավոր կիլոմետրեր, անցնում  օվկիանոսի վրայով: Տեղում բովում են, աղում ու թրմում, ամեն ինչ արվում է գրամների ճշտությամբ ու մեծ սիրով: Նախ փոքրիկ կշեռքի վրա չափվում են specialty դասի սուրճի կիսաբով հատիկները, հետո անցնում աղացի միջով,  ապա թրմվում ու լցվում թափանցիկ բաժակների մեջ: Ընթացքում Մարիամը պատմում է սուրճի ստեղծման, պատրաստման գաղտնիքների ու ուրիշ շատ հետաքրքիր պատմություններ:

 

«Մեզ համար, իհարկե, ռիսկային էր « specialty»  դասի սուրճը Դիլիջան բերելը, որովհետև մենք հասկանում էինք, որ այստեղ դրա պահանջարկն այդքան շատ չի լինի: Օրինակ, նախապես ծրագրել էինք, որ միայն սուրճ ենք մատուցելու: Հետո պարզվեց, որ այստեղ թեյի պահանջարկն ավելի մեծ է: Սկսեցինք նաև խոտաբույսերից թեյ պատրաստել: Այս գործի մեջ ամենակարևորը համբերությունն է: Լինում է՝ Մարիամը 20 րոպե մանրամասնորեն պատմում է սուրճի պատրաստման տարբեր եղանակների մասին, թե որտեղից է բերվել սուրճը և այլն, իսկ հաճախորդը հանկարծ ասում է՝ «վայ, լուծվող սուրճ էր»,- պատմում է Անին:

 

 

Caffeine Brew Lab-ում ոչինչ նախապես չի պատրաստվում. սուրճը, թեյը, քաղցրավենիքն ու պատառները պատրաստվում են միայն պատվերի դեպքում, հաճախորդի աչքի առաջ, կարևորելով ոչ միայն արդյունքը, այլև՝ պրոցեսը:

 

Արվեստաբան Անին և տնտեսագետ Մարիամը իրենց երազանքների սրճարանը բացեցին մսի նախկին խանութում, որտեղ դիզայնի առումով գրեթե ոչինչ չեն փոխել: Բացի այն, որ խորհրդային խանութի յուրահատուկ ոճը համահունչ էր սրճարանի ձևաչաթին, աղջիկները նաև ուզում էին շարունակել հին շինության պատմությունը: Անսովոր դիզայնով, «Արագած» սառնարանով, թափանցիկ կոլբաներով ու համեղ սուրճով փոքր սրճարանը հատկապես սիրվում է զբոսաշրջիկների կողմից: Շատ են նաև այցելուները Երևանից:

 

 

Անին արվեստը բերել է խոհանոց, թխվածքներն ու ուտեստները, հիմնականում, նրա ձեռքի գործն են: Պատրաստում է այդ պահին ձեռքի տակ եղած ու անպայման տեղական մթերքներից: Խոհարարություն երբեք չի սովորել, ուղղակի սիրում է պատրաստել ու նոր բաներ փորձել:

 

Սուրճի պատրաստման նորարարական մոտեցումներն ու տեխնոլոգիաները ևս սովորել են համացանցից: Ուզում են հմտություններն ավելի հիմնավոր դարձնել մասնագիտական կուրսերի կամ դասընթացների միջոցով, որոնք հաճախ են անցկացվում արտասահմանում:

 

 

Տնտեսագետ Մարիամին իր կրթությունը ևս պետք է գալիս: Բիզնեսի հետ կապված հաշվարկներն ու թղթային բոլոր գործերն ինքնուրույն է անում: Ասում է՝ դժվար ոչինչ չկա: Սկսել է պետք, ընթացքում ամեն ինչ ավելի հասկանալի է դառնում: Միայն վերջերս Մարիամի աշխատանքն ու պայքարը գնահատվեց նաև պաշտոնապես. ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության ընթացքում աղջիկներն արժանացան «Տարվա բիզնես» մրցանակին: Ամիսներ առաջ հարկային տեսուչները սրճարանին տուգանել են անհիմն։ Աղջիկները դիմել էին դատարան և հաջողության հասել.

 

«Հարկային հաշվետվությունը ներկայացնելու օրը գնացի հարկային մարմին Դիլիջանում, բայց դուռը փակ էր: Պարզվեց, որ տեղափոխվել են Իջևան: Մեզ դրա մասին որևէ մեկը տեղյակ չէր պահել: Օրվա վերջ էր, և չէի հասցնի այլևս Իջևան հասնել: Պետք է սպասեի երկուշաբթի օրվան: Դրան հաջորդող շաբաթ-կիրակի օրերին սրճարանն աշխատել է, տպվել են բոլոր ՀԴՄ-ները: Հաշվետվությունը ներկայացվում է՝ հաջորդ ամիս գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Ստացվել էր, որ մենք աշխատել էինք՝ առանց թույլտվության, չնայած, որ գումարը պետբյուջե վճարված էր, ես ընդամենը անդորրագիրը չէի ներկայացրել տարածքային հարկային մարմին:  Դրա համար մեզ տուգանեցին 200.000 դրամով: Մենք, բնականաբար, չվճարեցինք և դիմեցինք դատարան, որտեղ էլ շահեցինք գործը»,- պատմում է Մարիամը:

 

 

Չնայած դրան՝ աղջիկները սա լուրջ խոչընդոտ չեն համարում: Իրենց համար ամենածանր շրջանը համարում են անցյալ ձմեռը, երբ եղանակային վատ պայմանների պատճառով Դիլիջան այցելողների թիվը կտրուկ նվազեց: Նրանք համոզված են, որ համբերատարության և սիրով աշխատելու դեպքում բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են.

 

«Այս ընթացքում մենք մի բան ենք հասկացել. ծրագրել ամեն ինչ անիմաստ է: Իրականանալիս գրեթե ամեն ինչ փոխվում է: Ընթացքն է որոշում վերջնական արդյունքը: Բայց այնուամենայնիվ, եթե պատկերացնենք, թե ինչ է լինելու, օրինակ, 5 տարի հետո, կասենք, որ ուզում ենք մեր թիմն ունենալ՝ կազմված պրոֆեսիոնալ, իրենց գործը սիրող մարդկանցից: Մենք նրանց կսովորեցնենք մեր գործի հետ կապված բոլոր նրբությունները, կաջակցենք, որ նրանք գնան արտասահման, վերապատրաստվեն, դառնան մեզանից լավ մասնագետներ: Մենք չենք ծրագրում ցանց դառնալ, բացել ևս մի քանի սրճարան, որովհետև մեզ համար կարևորը որակն է, իսկ ցանցային բիզնեսի դեպքում, սովորաբար, որակը տանուլ է տալիս: Բացի այդ՝ այդպիսով կկորի Caffeine Brew Lab-ի հիմնական կորիզը՝ փորձարարական, բարձրակարգ սուրճի թրմարանի գաղափարը»,- ասում է Անին:

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 4282

Գլխավոր էջ