Սուսաննա Մուրադյան. «Իմ երազած Երևանի տերը երևանցին է, ոչ թե ծառան…»

 

Երևանի ավագանու ընտրությունների «Բարև Երևան» դաշինքի ցուցակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Սուսաննա Մուրադյանը ասում է՝  եթե հնարավորություն ունենար, ապա բոլոր ագահներին կհեռացներ Երևանի կառավարման համակարգից…

 

Մասնագիտությամբ տնտեսագետ է: Աշխատանքային գործունեությունը սկսել է 80-ականներին ՝  Երևանի առևտրի վարչությունում` որպես ավագ տնտեսագետ: Երկար տարիների ընթացքում  եղել է  Երևանի առևտրի վարչության արհմիության միացյալ կոմիտեի ազատված նախագահ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի անդամ է: Սուսաննա Մուրադյանը  միշտ  ակտիվ հասարակական գործիչ է եղել, այսօր էլ   IUF VECA միջազգային կազմակերպության կանանց խորհրդի անդամ է, ՀՀ հանրային խորհրդի անդամ՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի «Աշխատանքային օրենսգիրք, աշխատանքային հարաբերություններ» ենթահանձնաժողովի նախագահ: «Ժառանգություն» կուսակցությանը անդամագրվել է 2010-ին,  ղեկավարել է Կենտրոնի տարածքային ստորաբաժանումը, 2012-ի հունիսին ընտրվել է կուսակցության վարչության անդամ: WomenNet-ի առաջին հարցը նրան ՝ ինչու՞ որոշեց անցում կատարել   հասարաակական ակտիվ գործունեությունից դեպի քաղաքական դաշտ, այն էլ   ընդդիմադիր եւ   ինչպե՞ս դա ընկալվեց  իր շրջապատի կողմից:

 

 

–  Ընդդիմադիր դաշտը ընտրեցի, քանի որ  չէի կարող անտարբեր մնալ երկրում տարիներ շարունակ կուտակված խնդիրների նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ շրջապատի արձագանքներին, ապա նշեմ, որ վերջիններս միշտ զարմանում էին, թե  ինչու չեմ զբաղվում ակտիվ քաղաքական գործունեությամբ, քանի որ տեսակով, բնույթով համապատասխանում եմ ադ կերպարին:

 

 

-Մայրաքաղաքի խնդիրներին որքանո՞վ եք ծանոթ, ինչպե՞ս եք դրանց լուծումները պատկերացնում:

-Երևանի առևտրի վարչությունն առաջ, եկար տարիներ  քաղաքապետարանին էր պատկանում: Ուստի, ես շատ լավ ծանոթ եմ Երևանի խնդիրներին, ինչպես ասում են՝ «ամենառաջին ձեռքից»: Թեպետ  այդ խնդիրները տեսնելու համար մեծ ջանք պետք չէ գործադրել: Հենց որպես քաղաքացի տեսնում եմ, որ մեր քաղաքում պարզապես իրականացվում են կոսմետիկ  բարեկարգումներ: Ոչ մի խորքային լուծումներ խնդիրներին չեն տրվում: Անշնորհք և անճաշակ, առանց խտությունն հաշվի առնելու կառուցապատումն էլ է լրջագույն խնդիր, կանաչապատումն էլ, խայտառակ աղբահանությունն էլ…

 

 

-Այսնիքն, ըստ Ձեզ, ոչ մի դրական քայլ չի՞ ձեռնարկվում քաղաքի զարգացման գործընթացում:  Ինչպես  կգնահատեիք այդ ուղղությամբ քաղաքապետարանի կատարած աշխատանքները:

– Ծախսվող գումարների համեմատ,  ես կատարված աշխատանք ընդհանրապես չեմ տեսնում: Ամենուր իրականացվում են միայն կոսմետիկ բարեկարգումներ, որոնց վրա ծախսվում են անհավանական գումարներ:  Ո՞վ է տեսել, որ թափառող շների համար  ծախսեն 400 մլն դրամ: Մի խոսքով՝ ոչ արդյունավետ է օգտագործվում քաղաքապետարանի բյուջեն…

 

 

Իսկ որպես կին,  ի՞նչ կփոխեիք կամ կավելացնեիք Երևանում

-Բոլոր ագահներին կհեռացնեի Երևանի կառավարման համարկարգից: Ագահ մարդը չի կարող կառավարիչ լինել մեր գեղեցիկ քաղաքին, որը բոլորիս է պատկանում: Կարծում եք «Օղակաձև զբոսայգի» կա ՞ Երևանում: Դեռ վաղ անցյալում այդ տարածքը մի հրաշալի տեղ էր, որտեղ իրենց հանգիստն էին անցկացնում ծերերը, երեխաները.. հիմա  այն դարձել է «Օղակաձև կաֆե»: Եթե  փորձում ես այնտեղ նստել, մատուցող է մոտենում և հարցնում՝ ի՞նչ եք կամենում: Ոչինչ էլ չեմ կամենում, եղբայր, պարզապես ուզում եմ նստել…

 

Եթե ինձ հնարավորություն տրվեր, ես այլ կերպ կկանաչապատեի մեր քաղաքը,  Երևանին իրականում անհրաժեշտ ծառատեսակներով… Ես կուզեի, որ փողոցներում տեսնեինք ժպտացող երևանցիներ, և ոչ թե հոգսերի բեռի տակ կքած, քաղաքից մի տեսակ նեղացած… Բայց քաղաքը մեղք չունի…

 

Որտե՞ղ են երևանցիները: Եթե հարցում անենք, ապա շատ հնարավոր է պարզվի, որ Երևանի բնակչության 25 տոկոսն էլ երևի բնիկ երևանցիներ չեն: Որ ասում ենք , Երևանը երևանցիներին» դա չի նշանակում՝ «Երևանն առանց երևանցիների»: Չնայած, եթե այսպես շարունակվի, ապա այդպես էլ կլինի…

 

Կվերականգնեի կինոթատրոնների, բոլոր մշակութային օբյեկտների գործունեությունը, որովհետև անընդունելի է, երբ քաղաքում միայն տոնավաճառներ են, խանութներ…  Մեր ծանոթներից մեկը վերջերս մի միտք արտահայտեց, որն ինձ շատ  դուր  եկավ՝ Երևանը մի գեղեցիկ  կտավ է, որը խզբզել են ապաշնորհ նկարիչները:  Հիմա  ինչքան հնարավոր է պետք է մաքրել ադ խզբզոցները:

 

 

-Այնուամենայնիվ, կարծում եք, որ շտկել, ուղղել դեռևս հնարավո՞ր է:

– Դե «Երիտասարդական պալատ»-ը ետ չես բերի, «Սևան» հյուրանոցը նույնպես, բայց կարելի է դեռևս փրկել Փակ շուկան…

 

 

-Իսկ առհասարակ կանանց դերակատարությունը երկրի, մասնավորապես, մայրաքաղաքի կառավարման գործընթացներում ինչպե՞ս եք գնահատում:

-Անբավարար: Հայաստանում չզբաղված քաղաքացիների 70 տոկոսը կանայք են: Այսինքն՝ տղամարդիկ ավելի հեշտ են աշխատանք գտնում, քան կանայք: Կամ էլ, ասենք, կանայք  աշխատանքի դիմաց   միջինում ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ: Ղեկավար պաշտոններում կանայք  նեկայացված չեն:  Բայց իմ կարծիքով՝ կինը շատերից ավելի լավ կկառավարեր, ասենք հենց Երևան քաղաքը:

 

 

-Իսկ որտե?ղ եք տեսնում խնդիրը, որ այդպես էլ կին թեկնածուներ չենք ունենում:

-Ես կարծում եմ, որ հասարակությունը ոչ թե չի վստահում, այլ պարզապես հետ է սովորել… Թե չէ մենք այն տարիներին կին ղեկավարների լավ օրինակներ ունեցել ենք՝ Դոնարա Հարությունյան, Ջեմմա Հասրաթյանը և այլոք… Հայերը տեսել են այդպիսի կանանց ու կինն էլ ունի ղեկավար լինելու շնորհքն ու գիտելիքները:  Պարզապես տղամարդկանց շրջան ապրեցինք այս 25 տարիներին, ինչն էլ սովորության ուժով գնում է: Պարզապես պետք է մի կին հաստատուն քայլերով  պայքարի և ասի՝ այո, ես կարող եմ ու կտեսնեք, որ հասնելու եմ դրան: Հասարակությունն էլ նորից կտեսնի, որ հայ կանայք կարող են նաև շատ լավ ղեկավարներ լինել:

 

 

– Ո՞վ է «Բարև Երևան» դաշինքի ընտրողը,  ինչպե՞ս  պետք է կողմնորոշվի նույնաբովանդակ, գեղեցիկ շարադրված խոստումների հեղեղում…

-Մենք ի տաբերություն այլ կուսակցությունների հաշվետվողականության սկզբունքն ենք առաջարկում: Մեր ընտրողին մենք ասում ենք՝ հաշվետու ենք լինելու պարբերաբար, եռամսյակը մեկ, վեց ամիսը մեկ: Հասարակության համար բաց են լինելու ավագանու նիստերը: Մենք նաև ասում ենք, որ հանրաքվեի իրավունք ունի ժողովուրդը: Այսինքն՝ երևանցուն վերաբերող ցանկացած կարևոր հարցի լուծման առանցքում հաշվի է առնվելու նաև երևանցու կարծիքը:

 

 

Ձեր երազած Երևանը… 

-Իմ երազած Երևանն իմ մանկության Երևանն է: Ես ծնվել և մեծացել եմ Շինարարների փողոցում, որտեղ շատ ծառեր կային: Այնքան սիրուն էր Երևանը, գիշերային Երևանը:  Իմ երազած Երևանի տերը երևանցին է, ոչ թե ծառան…

 

Ա.Հակոբյան  

 

Դիտեք նաեւ Սուսաննա Մուրադյանի հարցազրույցը ՀՀ աշխատանքի շուկայում գենդերային անհավասարության վերաբերյալ.

 Փնտրում եմ աշխատանք. ի՞նչ է առաջարկում Հանրային Խորհուրդը/ վիդեո

 

Դիտումների քանակը` 5954

Գլխավոր էջ