Սունիտա Քրիշնան. «Ես չեմ ընտրել զոհ լինելը, ես ընտրեցի վերապրող լինելը»

 «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր Սունիտա Քրիշնանը  Հնդկաստանից այս տարի  «Ավրորա» մրցանակի համար առաջադրված երեք նվիրյալներից մեկն է:  Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության և ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, ռեաբիլիտացնի և հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի և հարկադիր  մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17,800 կանանց և երեխաների կյանքում։ Նա պարգևի էր առաջադրվել կազմակերպությունների, որոնք Հնդկաստանում պայքարում են գենդերային անհավասարության, սեռական բռնությունների եւ թրաֆիքինգի դեմ։

 

«Ավրորա 2018»-ի մրցանակաբաշխության նախօրեին Aurora Dialogues երկխոսության շրջանակներում -ի Սունիտա Քրիշնանին  պատասխանել  էր Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսի հարցերին, ինչպես նաև հարցազրույց տվել  Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում։

 

– Դուք աշխատում եք թրաֆիքինգի ենթարկված կանանց, երեխաներին սեռական բնույթի աշխատանք կատարողների կյանքերը փրկելու ուղղությամբ։ Գիտեմ, որ չեք սիրում նայել անցյալին, սակայն պիտի խնդրեմ՝ մի փոքր պատմեք Ձեր հերոսական փորձառության մասին, որ ունեցել եք տարիներ առաջ։

 

 

– Հինգ դյույմ հասակով ես կարողացել եմ անել բաներ, որոնց համար շատերն ասում են՝ հերոսական եք։ Չեմ ուզում կենտրոնանալ խմբակային բռնաբարության վրա, բայց  ինձ փոխեց այն, ինչ տեղի ունեցավ այդ դեպքից հետո։ Ես տեսա բացառում, մերժում, որ չէի տեսել իմ ծննդյան օրվանից մինչև 15 տարեկանը, քանի որ մինչ այդ իմ համայնքի լավագույն օրինակն էի, դրանից հետո դարձա բնավորություն չունեցող, անարժան մի մարդ, և հասկացա, որ դա անարդար է։

Բռնաբարությունը ինքնին տհաճ հանգամանք է, փաստ է, բայց երբ քո ընտանիքը մեղադրվում է նրանում, որ քեզ չափից ավելի ազատություն է տվել… ծնողներն ասում էին՝ երեխաներն իմ կողքը չնստեին, որ ես իրենց «չփչացնեմ», մոտ երկու տարի, երբ փողոցով քայլում էի, ինձ բորոտի պես էին ընդունում: Կյանքն այն է, ինչ դու ընտրում ես. ես չեմ ընտրել զոհ լինելը, ես ընտրեցի վերապրող լինելը։ Դու հասկանում ես, որ ինքդ չես պատասխանատուն քեզ հետ պատահածի, այլ այն ութ հոգին, խոսքը միայն մեր հնդկական համայնքի մասին չէ։

Աշխարհի ցանկացած վայրում մենք ուզում ենք լսել միայն ուրախ, երջանիկ պատմություններ, մենք չենք սիրում լսել սրտաճմլիկ պատմություններ, իսկ ես անցա մի բանի միջով, որ մարդկանց դուր չէր գալիս։ Նրանք ասում էին՝ բարոյազուրկ է, դասեր չի քաղում։ 27 տարի է անցել, ես մինչ օրս լսում եմ նման կարծիքներ։ Երբ ես պատմում եմ այս մասին, մինչև անգամ իմ գործընկերներն ասում են՝ դա անում է, որ անուն ձեռք բերի, դրամաշնորհներ կորզի։ Ես անարդարացիորեն մեղադրվում էի մի հանցանքի մեջ, որ չէի գործել, և սա դարձավ իմ կյանքի շրջադարձը։

Վերջին 27 տարվա իմ առաջմղիչ ուժը զայրույթն է եղել, և այն աճել է, ու ես տեսնում եմ նման դեպքերի կրկնություն. 8 ամսական, 10 տարեկան երեխաների են բռնաբարում, ես տեսնում եմ, որ իմ աղջիկները, զավակները մերժվում են, այսինքն՝ այդ մասին ֆիլմերը, պատմությունները նորմալ են, բայց նորմալ չէ նրանց հետ ընտանիք կազմելը, նրանց աշխատանք տալը, օգնելը, այսինքն՝ իմ անունը պիտակ է, վատ անուն է իմ երեխաների համար:

 

– Ձեր կազմակերպությունը փրկում, վերաինտեգրում, շահերի պաշտպանություն է իրականացնում, կարելի՞ է մի քանի կետեր նշել՝ ինչ ձեռքբերումներ եք գրանցել։

 

– Երեք հիմնական ձեռքբերում կնշեմ. մենք կարողացել ենք կանխարգելել մի քանի տասնյակ հազար երեխաների՝ սեքս-թրաֆիքինգի մեջ ներգրավումը: Շատ կարևոր է նաև այն, որ այսօր իմ կողքին կան մեծ թվով անձինք, ովքեր տեղեկություն են տալիս ամբողջ աշխարհից, ասում՝ կա այսինչ երեխան, որին սպառնում է նմանատիպ բռնություն, իձն թվում է՝ այս ցանցը մեծ նշանակություն ունի:

Դարեր շարունակ մարդիկ համոզված են եղել, որ սա անհրաժեշտ չարիք է: Սա մի բան է, որը չես կարող ուրանալ, դժվար է հետո վերականգնել այդ մարդկանց արժանապատվությունը, մարդիկ չեն փորձել ցույց տալ, որ հնարավոր է նրանց փրկել շահագործումից, տալ նոր լիազորություններ, դարձնել առաջնորդներ։ Կազմակերպությունը, որ ես ղեկավարում եմ, հիսուն տոկոսով կազմված է վերապրողներից, մյուս հիսուն տոկոսը փրկողներն են, մարդիկ, որ ցույց են տալիս՝ կա ելք: Նրանք փորձում են խախտել կառավարության լռությունն այս հարցերի շուրջ, պարտադրել կառավարությանը՝ դիտարկել այս հիմնահարցը:

Ես սկսեցի ամոթանքի քարոզարշավը, այսօր մենք բոլորս պատասխանատու ենք, որ ձևավորվի այնպիսի միջավայր, որը կբացառի անպատժելիությունը, ի վերջո, այդ միջավայրը մենք ենք ձևավորել:

 

– Կասե՞ք մի քանի բառ Ձեր վերաինտեգրման ծրագրի մասին. մարդիկ գալիս են բավական ծանր վիճակում, ինչպե՞ս եք կարողանում ոտքի կանգնեցնել, որ վերադառնան իրենց համայնք:

 

– Անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են նրանք, ում հետ ես գործ ունեմ. 20 տարեկան երեխա, որ գտնվում է, այսպես ասած, հասարակաց տանը, օրական սպասարկում է ամենաքիչը տասը հոգու, առավել իրատեսական թիվը 20-50։ Այսինքն՝ 5 տարում մոտ 18 հազար տղամարդ ամեն օր բռնաբարում են այդ աղջկան, մենք նրան փրկում ենք հինգ տարի անց, ու մեզ մոտ գալիս է մարդ, որ այլևս չի վստահում մարդկությանը, ինքն իրեն, իր համար նորմալ վիճակն այն է, որ իրեն շահագործում են, մենք իրեն հասկացնում ենք՝ նորմալ է, որ դու շահագործման չես ենթարկվում։

 

Նա նաև իր հետ բերում է մի շարք ինֆեկցիաներ, ֆիզիկական վնասվածքներ, կարող է ունենալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ, նաև, ամենայն հավանականությամբ, օգտագործում է թմրամիջոցներ: Իմ առաքելությունն է՝ ձևավորել միջավայր, որ նա ընդունի, որ զոհ է. սովորաբար մեր առաջին երկխոսությունը դա է, նա ասում է՝ ինձ դուր է գալիս այս ամենը, ինչու՞ եք ինձ ուզում օգնել: Մենք կյանքի հմտություններ ենք փոխանցում, սոցիալական աջակցություն, ունեմ երեխաներ, որ սովորում են բժշկություն, դեղագործություն, աշխատում են բազմազգ կորպորացիաներում, կանայք կան, որ աշխատում են որպես ատաղձագործ, մարզիչներ, դերձակներ և այլն, փորձում են վերականգնել իրենց քաղաքացիական ինքնությունը, որ կարղանան շարունակել ապրել։ Մենք տալիս ենք իրենց անուն, անձնագիր, սա դառնում է վերականգնողական գործընթացի վերջը, որ տանում է վերաինտեգրման։

 

– Քանի՞ կնոջ եք օգնել այս տարիների ընթացքում։

 

– Գիտեք, ինձ այդ հարցը դուր չեկավ, ես դա որպես ձեռքբերում չեմ դիտարկում, երևի թե այստեղ նստածներից ոչ մեկը չգիտի՝ ես ինչ չեմ արել. երբ գնում եմ Դելի կամ այլ քաղաքներ, կարող է՝ հարյուր աղջիկ վերցնեմ ու գամ, բայց երբ հետ եմ նայում, տեսնում եմ՝ վեց հազար հոգի մնաց։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երեք միլիոնից ավելի կանայք ու երեխաներ Հնդկաստանում սեռական ստրկության մեջ են: Ես չեմ կարող փոխել ողջ աշխարհը, բայց գոնե փոխում եմ այս մարդկանցից յուրաքանչյուրի կյանքը, ներաշխարհը, այն մարդկանց, որոնց հանում եմ ստրկությունից:

 

– Ձեր աշխատանքում ամենամեծ մարտահրավերը ո՞րն է։

 

– Ես պայքարում եմ կազմակերպված հանցավորության դեմ, իմ մասնագիտական վտանգն այն է, որ ինձ կարող են ծեծել հանցավոր աշխարհի ներկայացուցիչները։ Ես իմ կյանքում 17 անգամ բռնության եմ ենթարկվել, իմ գրասենյակներն ավերվել են, ստիպված եմ եղել տեղափոխվել, ամենակարևորը մարդկանց վերաբերմունքն է: Մարդկանց իներտությունը, ապատիան ամենամեծ մարտահրավերն է: Մարդիկ որոշում են ոչինչ չանել, և սա լուրջ մարտահրավեր է:

 

 

– Ձեր գերակա նպատակն է վերջ դնել սեռական ստրկությանը, ինչպիսի՞ առաջընթաց եք արձանագրել:

 

– Ես կարծում եմ՝ այո, բոլոր նրանք, ովքեր նստած են այստեղ, մեզանից ամեն մեկը ինքն է որոշում կայացնում. եթե որոշում է գոնե երկու տղայի պատմել՝ ինչ է նշանակում իսկական տղամարդ, այսինքն՝ մարդ, որ բռնության չի ենթարկում ուրիշին, դա արդեն ձեռքբերում է, նրանց դաստիարակությունն է կարևոր, փոխել մոտեցումը, և եթե ուզեն՝ դա կանեն:

 

Աղբյուրը` Panorama.am

 

Դիտումների քանակը` 2577

Գլխավոր էջ