Սուդան. հղի կնոջը մահվան են դատապարտել կրոնը փոխելու համար
Վերջերս միջազգային լրատվամիջոցներում մեծ աղմուկ է հանել Սուդանի մայրաքաղաք Խարթումի իսլամական դատարանի կայացրած վճիռներից մեկը, ըստ որի Մերիամ Իբրահիմ անունով երիտասարդ կինը, ով պատրաստվում է մայրանալ, մահապատժի է դատապարտվել կրոնը փոխելու համար։
26-ամյա Մերիամ Իբրահիմը հայտարարել էր, որ ոչ միայն ինքն է քրիստոնեություն դավանում, այլև ամուսնացել է քրիստոնյայի հետ: Նրա մայրը նույնպես Եթովպիայում քրիստոնյա է եղել, իսկ հայրը` իսլամ է դավանում: Սակայն, հայրը թողել է ընտանիքն այն ժամանակ, երբ Մերիամը դեռ երեխա էր ու մայրը նրան քրիստոնյա է դաստիարակել: Սուդանի իշխանությունները, որտեղ պաշտոնական կրոնն իսլամն է համարվում, կնոջը կրոնադավ են հայտարարել: Նրան 4 օր են տվել, որ հրաժարվի իր հավատքից ու դրանով իսկ` խուսափի մահից: Սակայն, Մարիամը չի հրաժարվել քրիստոնեությունից:
Սուդանի օրենսդրության համաձայն, մահմեդականներին արգելվում է այլ կրոնների դիմել: Նման արարքները մահապատժով են ավարտվում: Սուդանի կանանց արգելված է ամուսնանալ ոչ մահմեդականների հետ, չնայած այդ երկրի տղամարդիկ կարող են ամուսնանալ այլադավան կանանց հետ: Սակայն , օրենքի համաձայն, նրանց երեխաները պետք է հոր կրոնն ընդունեն:
Amnesty International միջազգային կազմակերպությունը արդեն քննադատել է դատավճիռը, անվանելով այն «մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստ»: Դատը տեղի է ունեցել մայրաքաղաք Խարտումում: Դատարանի վճռով քրիստոնյա կինը պետք է նաև մարմնական պատիժ կրի` 100 մտրակահարվածի տեսքով: Այդ պատասխանատվությունը իր ամուսնու` Հարավային Սուդանի քաղաքացու` քրիստոնյա Դանիել Վանի հետ կապի համար է , որն ամերիկյան քաղաքացիություն ունի: Վանիին սկզբում մեղադրել են հավատուրացին թաքցնելու համար, սակայն, արդյունքում, նրան անմեղ ճանաչեցին:
Վանին երեխա հասակում ԱՄՆ է տեղափոխվել ապա որոշել է հայրենիք վերադառնալ: Նա ամուսնացել է Մերիամ Իբրահիմի հետ 2011-ին: Ամուսինները բիզնես ունեն ու ֆերմա Խարտումի հարավում: Նրանք մեկուկես տարեկան որդի ունեն, որը հիմա մոր հետ ճաղերի ետևում է գտվում: Մարիամ Իբրահիմի անունը հայտնի դարձավ անցած տարվա օգոստոսից, երբ նրա հոր հարազատները հայտարարեցին, որ նա այլադավանի հետ է ամուսնացել: Նրանք հայտարարեցին նաև, որ աղջկա անունը ծնվելուց եղել է Աֆդալ, սակայն նա հետո ինքն է այն փոխել ու դարձել Մերիամ:
Al Arabiya-յի տեղեկություններով , հասարակության ու բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների ճնշման ներքո դատարանը կնոջ մահապատիժը հետաձգել էր նախքան երեխայի լույս աշխարհ գալը։Ինչպես նշում է նույն աղբյուրը , օրերս Մերիամը ծննդաբերել է։ Նշվում է նաեւ, որ կնոջ ավագ որդին, ով ընդամենը 20 ամսական է, մոր հետ պահվում է բանտախցում՝ մինչ մահապատժի իրականացումը։
Դիտումների քանակը` 4102