Սոցապնախարարը հերքում է մանկատան երեխաների մուրացկանության մասին պնդումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի հայտարարությանը այն մասին, որ  մանկատներից երեխաներին օրավարձով տանում են մուրացկանության: Նախարարը հերքել է պատգամավորի պնդումն ու տեղեկացրել մանկատների տնօրենների հետ ունեցած խորհրդակցության մասին:

 

«Ես անթույլատրելի եմ համարում նման հայտարարությունները, որովհետև եթե կա նման փաստ, ուրեմն պետք է դրանք ներկայացվեն պատկան մարմիններին, և դա ուղղակի ես համարում եմ հաղորդում հանցագործության մասին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

 

Նախարարը նշեց, որ պատկան մարմինները ոչ միայն պետք է արձագանքեն հայտարարությանը, այլ հանցագործության մասին հայտարարություն տվող պատգամավորն էլ պետք է համագործակցի պատկան մարմինների հետ, ոչ թե հայտարարություններ անի:

 

Նախարարը  տեղեկացրեց , թե քննարկում ունեցել է մանկատան տնօրենների հետ և ասաց, որ պատրաստ է կոնկրետ փաստի դեպքում մինչև վերջ գնալ: «Ես դա համարում եմ ամենավտանգավոր երևույթը, և եթե այդպիսի բան բացահայտվի, պետք է լինի ամենախիստ պատիժը, բայց ես բացառում եմ նման բան մեր համակարգի հաստատություններում»,-ասաց նա:

 

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ վերջին տարիներին այս բնագավառում իրականացված աշխատանքները իսկապես մեծ արդյունք են տվել, ինչն արձանագրվում է նաև միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում:

 

Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ով բացառում էր, որ մանկատան երեխաներին օրավարձով մուրացկանությամբ են դրդում, պնդում է, որ այդ  երեխաներին հիմնականում կարելի է  տեսնել Աբովյան փողոցում մուրացկանությամբ զբաղվելիս:
«Ես ասում եմ, որ բազմաթիվ են այն տեղեկությունները, որ այդ կանայք երեխաներ են վերցնում իրենց չքավոր հարևաններից, և կան տեղեկություններ, որ մանկատներից են երեխաներ վերցնում՝ մանկատների աշխատակազմի հետ համաձայնության գալով»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ական պատգամավորը փաստեր ունի՞, որ նման հայտարարություններով է հանդես գալիս, Զոհրաբյանը նկատեց. «Կարող եմ ասել, օրինակ, Աբովյան փողոցը, հիմնականում այնտեղ են տեղակայված այդ կանանցով երեխաները, ինքներդ մոտեցեք և հարցրեք այդ կանանց, թե որքանով կապ ունեն երեխաները կանանց հետ։ Խոսքը 3, 4, 5 տարեկան երեխաների մասին է, եկեք այդ մոնիտորինգը իրականացնենք»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ երբ երեխային հարցրել են՝ ինչ կապ ունի այդ կնոջ հետ, նա պատասխանել է, որ մանկատնից է:
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն ունեն  Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ այցելել այն փողոցներ, որտեղ մշտապես կարելի է հանդիպել կին մուրացիկներ՝ երեխաների հետ:

 

 

Հարցին, թե ինչո՞ւ չի դիմում պատկան մարմիններին խնդրով զբաղվելու համար, Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ արդեն իսկ խոսել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ. «Ասել եմ, թե ինչի ականատես եմ եղել, առնվազն երեք անգամ, երբ փողոցում երեխային հարցրել եմ՝ կա՞պ ունի այդ կինը քեզ հետ, երեխան պատասխանել է ՝ոչ, և երեխային արագ փախցրել են»,-ասաց նա՝ նկատելով, որ այդ տեղեկությունը պատկան մարմիններն արդեն իսկ պետք է ուսումնասիրեին:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մանկատներից «պռակատով» երեխա են վերցնու՞մ. աղմկահարույց հայտարարություն ԱԺ-ում

 

«Ինձ ասել են, որ հայ հասարակությունն երեխաների հանդեպ հատուկ վերաբերմունք ունի»

 

Տեսանելի դարձնել անտեսանելին. ՄԱԿ-ի փորձագետի կոչը

 

Երեխաների վաճառք և սեռական շահագործում. Հայաստանում է ՄԱԿ-ի փորձագետը

 

Դիտումների քանակը` 4366

Գլխավոր էջ