Սոնա Աղեկյան. «Անարդարության հանդեպ չեմ կարող անտարբեր լինել»
«Մենք փորձելու ենք լցնել մեր քաղաքը մարդկային ջերմությամբ…», – այսպիսի նպատակադրմամբ է մասնակցում Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակի 3-րդ հորիզոնականում ներկայացված Սոնա Աղեկյանը: Ծնվել է 1980թ. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է «Մխիթար Գոշ» համալսարան, այնուհետև շարունակել է ուսումը «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանում` ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան /անգլերեն լեզու/: Աշխատել է միջնակարգ, հիմնական դպրոցներում որպես անգլերենի ուսուցիչ, նաև որպես լրագրող, սրբագրիչ: 2016թ. օգոստոսին հիմնել է «ԱրևԷլլա» մանուկների զարգացման կենտրոնը: Ամուսնացած է, ունի երկու դուստր:
-Ինչու՞ որոշեցիք ավագանու ընտրություններում առաջադրվել որպես թեկնածու:
– Բնույթով այնպիսին եմ, որ անարդարության հանդեպ չեմ կարող անտարբեր լինել ու սպասել, որ ինչ-որ մեկն իմ փոխարեն քայլ կանի արդարությունը վերականգնելու կամ ծառացած խնդրին լուծում տալու համար: Ցավոք սրտի, մեր կյանքում այսօր այնքան շատ են այդ անարդարությունները, որ գերիշխում են արդեն: Հասկանում ես, որ լինելով քաղաքացի իրավունք չունես աչքերդ փակելու կամ ջայլամի քաղաքականություն վարելու: Միայն քաղաքականության միջոցով կարող ես ազդեցություն ունենալ սխալ որոշումների վրա: Ես երկու երեխաների մայր եմ և ամեն ինչ անելու եմ, որ երեխաներս` բոլորիս երեխաներն ապրեն հնարավորինս արդար, հնարավորինս կիրթ, և որ ամենակարևորն է` քաղաքակիրթ կյանքով: Սրանք են պատճառներից հիմնականները, հանուն որոնց որոշեցի առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում որպես թեկնածու:
-Երևանի կառավարման համակարգում ի՞նչ բացթողումներ եք նկատում:
– Բացթողումները բազմաբնույթ են և հենց այդ բացթողումների արդյունքում է, որ այսօր բոլորս բողոքում ենք մեր ամեն ինչից, ամեն քայլափոխի, ամենուր լսում ենք մեր քաղաքացիների բողոքները: Բարձիթողի է կրթությունը. ամեն օր շփվում եմ և’ նախադպրոցական, և’ դպրոցական տարիքի երեխաների հետ և ամեն անգամ ցավով փաստում, որ ամեն ինչ արվում է միայն ստուգումների ժամանակ մաքուր երևալու, վերևների աչքին հաճոյանալու համար:
Իսկ ի՞նչ վիճակում է մանկապարտեզը, ուր ընտանիքից հետո առաջին անգամ ապագա քաղաքացին շփվում է աշխարհի ու իր հասակակիցների հետ. խոնավ, 60 –ականներից առ այսօր վերանորոգման կարոտ: Բոլոր մանկապարտեզներն ունեն մասնաշենքեր, որոնք չեն ծառայում իրենց նպատակին` անմխիթար վիճակում գտնվելու պատճառով: Եվ պատկերացնում եք. հղի կինն իր դեռ չծնված երեխային հերթագրում է մանկապարտեզ հաճախելու համար, սպասում մինչեւ երեխան դառնում է դպրոցական, դպրոց գնում, սակայն նրա հերթն այնպես էլ չի հասնում: Ասեմ նաև, որ բազմաթիվ դաստիարակներ ու դայակներ կապահովվեն աշխատանքով, եթե այդ արհամարհված վիճակում գտնվող մասնաշենքերը վերանորոգվեն և օգտագործվեն ըստ իրենց նշանակության:
Կարևոր խնդիրներից է հանրային տրանսպորտի վիճակը. միայն այն, որ ուղևորը քաղաքի մի ծայրից մյուս ծայր է տեղափոխվում կրկնակի ծալված և ստորացուցիչ հանգամանքներում, կարծում եմ, քաղաքի իշխանության ուղևորների հանդեպ արհամարհական վերաբերմունքի բավականին խոսուն փաստ է: Շատ արագ անհրաժեշտ համալիր լուծումներ տալ կարմիր գծանշումների, ավտոկայանատեղիների և ճանապարհատրանսպորտային խախտումների վերահսկողության վերաբերյալ: Բազմաթիվ են խախտումների ոչ իրավաչափ պատժամիջոցները, որոնք հարկ է վերանայել…
–Շատ է խոսվում Երևանի համայնքային բյուջեի ոչ արդյունավետ ծախսման վերաբերյալ: Ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում այս ոլորտում:
-Կարծում եմ, մեր կյանքն ու փաստերն են ցույց տալիս, որ մայրաքաղաքի բյուջեն արդյունավետ չի ծախսվում: Համոզված եմ , որ մեր բյուջեն ունի հնարավորություն, որպեսզսի քաղաքի ամենաառաջնային խնդիրներն իսպառ վերանան և ստանան իրենց երկար սպասված լուծումները: Դրա համար համակարգային փոփոխություններ են պետք…
– Որքանո՞վ է հարմար Երեւանը ընտանեկան հանգստի, մանկական ժամանցի կազմակերպման տեսակետից:
– Մանկական ժամանցի վայրերը թեկուզ միջին աշխատավարձով ապրող քաղաքացու համար չափազանց թանկ են, նույնը կասեմ նաև ընտանեկան ժամանցի վայրերի վերաբերյալ: Այնպես որ, մանկական ժամանց հնարավոր է կազմակերպել, եթե երեխայի ծնողն այդ ամիս ստացել է իր աշխատավարձը եւ կարողացել է հոգալ այդ ամսվա երեխայի բոլոր մյուս կենսական պահանջները:
-Մայրաքաղաքի զարգացման Ձեր տեսլականը:
– Երևանը արևի, ջերմության քաղաք է և պետք է լինի հոգատար ձեռքերում: Կինը՝ մայր լինելով, լավագույնս կարող է իր զավակի նման հոգատարություն ցուցաբերել նաեւ իր քաղաքի նկատմամբ: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մարդկային ջերմությամբ է լցնելու մեր քաղաքը և այդպիսի մթնոլորտում մեզ հուզող խնդիրներն իրենց լուծումներն էլ շատ կարճ ժամանակում կստանան: Երևանը համայն հայության մայրաքաղաքն է և պետք է լինի հարմար իր բնակիչների եւ գրավիչ իր հյուրերի համար` հնամյա, քաղաքակիրթ ու կրկին վերդառնալու կանչող քաղաք:
–Բայց քաղաքականությունը Հայաստանում դա «տղամարդկանց աշխարհ» է: Ի՞նչ դեր է վերապահված կնոջը, որքանով է Հայաստանում օգտագործվում կանանց ներուժը քաղաքական գործըթացներում:
– Համամիտ եմ, բայց կարծում եմ, արդեն եկել է ժամանակը, որ կինը, հայ կինը ներգրավվելով քաղաքականության մեջ, օգնի իր երկրի խնդիրները լուծելուն: Չէ՞ որ ընտանիքը կանգուն է, եթե կինն ուժեղ և իմաստուն է, հակառակ դեպքում ընտանիքը քայքայվում է: Այսպես է նաև քաղաքականության մեջ, կինն է այն հենասյունը, որի վրա պետք է կառուցել մեր երեխաների ապագան: Եվ փաստենք նաև, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը այն կին քաղաքական գործիչներից է, ով իր անձը, անձնական շահը մի կողմ դնելով, պայքարում է երկրում տիրող անարդարությունների դեմ, բարձրաձայնում բոլորիս հուզող խնդիրները, և իր կեցվածքով և անցած քաղաքական կյանքով բազմիցս ապացուցել է կնոջ դերի կարևորությունը հայկական քաղաքականության մեջ: Մի խոսքով` Երևանին անհրաժեշտ է մայրական հոգածություն և մարդկային ջերմություն: Մենք փորձելու ենք լցնել մեր քաղաքը մարդկային ջերմությամբ…
Զրուցեց Տաթևիկ Սարգսյանը
Դիտումների քանակը` 4324