Սկրինինգ ծրագրեր. որ «դանակը ոսկորին չհասնի…»

«Մինչև դանակը ոսկորին չի հասնում հիվանդը բժիշկի չի դիմում»: Ժողովրդական այս խոսքը մինչ օրս էլ արդիական է, իսկ հայ կանայք, ցավոք,  հավատարիմ են մնում այդ կարգախոսին:

 

Այս տարվա սկզբից առողջապահության նախարարությունն իրականացնում է ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղված սկրինինգ ծրագրեր, որոնց նպատակն է հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը: Եթե շաքարային դիաբետի կամ  զարկերակային ճնշման դեպքում հիվանդությունը ախտանիշներ ունի, ապա քաղցկեղի պարագայում չկա որևէ ախտանիշ, սակայն այն կարող է  հայտնաբերվել  սկրինինգ ծրագրերի շնորհիվ վաղ շրջանում և դրանով իսկ  կյանքը փրկելու շանս տալ:

 

 

Արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգ ծրագրի հետ կապված ոլորտի մասնագետները նշում են,որ Հայաստանում կանայք դժվարությամբ են գնում հետազոտման, այն դեպքում, երբ հիվանդացությունը բավականին բարձր տոկոս է կազմում երկրում: Քաղցկեղի այս տեսակը զարգանում է շատ դանդաղ` 5-10 տարվա ընթացքում, ինչին նախորդում են նախաքաղցկեղային վիճակները, որոնք սկրինինգների միջոցով հնարավոր է հայտնաբերել և ժամանակին բուժելով` կանխել։ Մինչդեռ, ըստ ուռուցքաբանության ազգային կենտրոնի՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի 57%-ը գրանցվում է հիվանդության զարգացման 3-4-րդ փուլերում:

 

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն, ընտանեկան բժշկության զարգացման բաղադրիչի համակարգող Երվանդ Էլիբեկյանը նշում է, որ հունվարից մինչև սեպտեմբեր հետազոտվել է 33.500 կին, որոնցից 6 տոկոսի մոտ հայտնաբերվել են բջջաբանական շեղումներ,որը չի նշանակում քաղցկեղի հայտանաբերում:

 

Արգանդի վզիկի քաղցկեղի առումով խոցելի են սեռական կյանքով ապրող բոլոր կանայք, հատկապես` 30-60 տարիքային խումբը, ովքեր կլինիկական նշանների բացակայության պայմաններում գործնականում կարող են իրենց առողջ զգալ: Հետևաբար կառավարության կողմից իրականացվող սկրինինգային ծրագրերը իրականացվում են հենց այս տարիքային խմբում:

 

Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտի մասնագետները նշում են,որ իրենց մարզում արգանդի վզիկի քաղցկեղի բարձր ցուցանիշը կապված է մարզից արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց մեծ թվի հետ:  Նրանք սեռավարակներով վերադառնում են,չեն գնում ստուգման ,արդյունքում՝ հիվանդանում են և իրենք և իրենց կանայք:

 

Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Չիչոյանն էլ նշում է,որ տարվա այս եղանակին, երբ տղամարդիկ վերադառնում են արտագնա աշխատանքից, իրենց մոտ սեռավարակների պիկ է գրանցվում: «Կնոջը պետք է հասկանալի ու մատչելի ձևով բացատրել,որ ՊԱՊ թեստի ստուգումը անհրաժեշտ ու բխում է իր առողջության շահերից, այլապես երբ կինը լսում է քաղցկեղ անունը, խուճապի է մատնվում:

 

Ըստ Գավառի պոլիկլինիկայի գինեկոլոգ սոնոգրաֆիստ Մարինե Մարտիրոսյանի՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Գավառից և հարակից գյուղերից նախաքաղցկեղային վիճակի բջջաբանական հետազոտություն է անցել 470 կին, որոնցից երկուսի մոտ խնդիր է հայտնաբերվել:

 

«Սկզբում կանանց պարտադրելով ենք բերել, հիմա պատկերը այլ է, սկսել են այցելել: Մոտ 30 հոգու մոտ հայտաբերվել են արգանդի պարանոցի պոլիպներ, ինչը սեռավարակաների, չհետևելու, չհետազոտվելու արդյունք է: Կան կանայք, որ խոստովանում են, որ մի տաս տարի գինեկոլոգի չեն դիմել»,- ասում է Մարինե Մարտիրոսյանը:

 

Մարտունու բժշկական կենտրոնում ՊԱՊ թեստի հետազոտություն անցել է 103 կին, որոնցից միայն մեկի մոտ է հայտնաբերվել արգանդի պարանոցի քաղցկեղ: Տեղամասային թերապևտ Անուշիկ Հայրոյանը նշում է,որ կանայք շարունակում են անգամ իրազեկվելուց հետո չդիմել բժշկի:

 

«Վերջին երկու ամիսներին սակայն իրավիճակը փոխվել է: Եթե մեկի մոտ մենք հայտնաբերվել արգանդի պարանոցի քաղցկեղ, ապա արդեն իսկ հաղթանակ ունենք, քանի որ առնվազն մեկ կնոջ ճակատագիր կկարողանանք փրկել»,- ասում է Հայրոյանը,ու հավելում,որ հետազոտվողների մեջ մեծ թիվ են կազմում ինֆեկցիոն հիվանդությունները ունեցողները, որի պատճառը դարձյալ տղամարդկանց բերած սեռավարակներն են:

 

Ըստ ԱՆ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի 2010 թ. տվյալների` արգանդի վզիկի քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Շիրակում` 25,6 տոկոս, Արմավիրում` 24,2 և Կոտայքում` 23,3: Ցուցանիշները բարձր են եղել նաև Գեղարքունիքում` 17,6 տոկոս, Լոռու մարզում և Սյունիքում` 16,1:

 

 

Նշենք, որ ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունները ֆինանսավորվում են Համաշխարհային բանկի կողմից և բնակչության համար անվճար են:

Արմինե Գևորգյան

Դիտումների քանակը` 3674

Գլխավոր էջ