Սկեսուրի կողմից ծեծվածի պահանջը վնասի փոխհատուցում է, ոչ թե շանտաժ

 

 Երեկ Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում մոտ 4 ժամ տեւեց դատական նիստը, որտեղ լսվում էր Մարիամ  Գևորգյանի հայցն ընդդեմ սկեսուր Հայկանուշ Միքայելյանի, որը մեղադրվում է հարսին պարբերաբար խոշտանգումների համար: Դատավարությունը շարունակվելու է օգոստոսի 9-ին: Քանի որ նիստը դռնփակ է, ուստի մանրամասների մասին փաստաբաններն իրավունք չունեն տեղեկատվություն հրապարակել:

 

 

Երեկ դատարանի շենքի առջեւ թե մեղադրող եւ թե մեղադրվող կողմերի հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել:

 

 

Նշենք, որ տուժող կողմը որպես փոխհատուցում նաեւ պահանջում է 17 միլիոն 350 հազար դրամ. Սա առիթ դարձավ, որ տուժող Մարիամ Գեւորգյանի նախկին ամուսինն ու ծեծի ենթարկած սկեսուրի հարազատները հայտարարեն, որ այս դատական հայցը մի նպատակ ունի` ուզում են իրենցից փող պոկել:

 

 

Aravot.am-ը Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ հիման վրա է հաշվարկվել 17 միլիոն 350 հազար դրամը: Փաստաբանի խոսքերով` ցանկացած տուժող, որին հանցագործությամբ պատճառվել է վնաս, իրավունք ունի վնասի փոխհատուցում պահանջել, տվյալ դեպքում այդ գումարը բարոյական եւ նյութական վնասի հանրագումարն է: Ինչ վերաբերում է գումարին, ապա դա բժշկական փաստաթղթերի հիման վրա հաշվարկված գումարն է, որով հետագայում, եթե դատավճիռը կայացվի հօգուտ տուժողի, պետք է ուղղվի բժշկական ծառայություններին: Այսինքն` փոխհատուցման գումարով պետք է վերականգնվի Մարիամ Գեւորգյանի առողջությունը, որը, ըստ հայցի, վնասվել է խոշտանգումների արդյունքում:

 

 

Հիշեցնենք, որ տուժող Մարիամ Գեւորգյանը նախկին ամուսնուն եւ նախկին սկեսուրին մեղադրում է, որ ամուսնության ընթացքում իրեն պարբերաբար դաժան ծեծի են ենթարկել` արդուկով այրել մարմնի որոշ հատվածներ եւ պատառաքաղով ծակծկել ամբողջ մարմինը: Նշենք, որ տուժողի նախկին ամուսինը նախորդ տարի համաներմամբ ազատ է արձակվել եւ այժմ միայն Մարիամի նախկին սկեսուր Հայկանուշ Միքայելյանը , որը կալանավորված է, դատարանում «պատասխան է տալիս»:

 

 

http://www.aravot.am/2012/08/03/97651/

 

 

“Պիտի հոգեկան հիվանդ լինես, որ ինքդ քեզ հարդուկով այրես”

Ինչպես նշել էինք, դատավարության ողջ ընթացքում ` Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ բողոքի ակցիա էր տեղի ունենում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից:  Ակցիային էին միացել Մարիամի հարեւաններն ու բարեկամները:   Այստեղ ներկա էին նաեւ մեղադրվող կողմի հարազատները, որոնք բավականին ագրեսիվ հայտարարություններ են անում` «Իրանց հիվանդ աղջկան տվել են մեր տղուն, ու չեն ասել, որ էրեսը դուրս ա տալիս: Իրանց թուղթ ու գիր անող աղջիկը…Փողի համար են անում էս ամենը»:

 

Զիրոյանների հարազատները հայտարարում են, որ նկարներում, որտեղ պատկերված է Մարիամի` արդուկով այրված մեջքը, «սարքած գործ է», դա կնոջ մեջք չէ: Մեզ հետ զրույցում Մարիամի հայրն այդ հայտարարություններին ի  պատասխան՝ վստահեցրեց, որ մինչեւ հիմա հետքերը մնացել են, եւ դա հերքել անհնար է:

 

Aravot.am-ի հետ զրույցում Մարիամի նախկին ամուսին Դավիդ Զիրոյանն ասաց, այս պահին ոչինչ չի ուզում խոսել, դատական վճռից հետո, ինքը փաստերով հանդես կգա: Մեր այն հարցին, արդյոք մարդկայի՞ն է Մարիամին խոշտանգել նրա համար, ինչ է թե`դեմքին բշտիկներ են հայտնվում, Դավիդն ասաց. «Էդ ինքն ա իրան վառել, որ մեզանից կվարտիրա ու փող պահանջի»:

 

Մարիամ Գեւորգյանի  նախկին ամուսնու այս պնդումներին, Մարիամի ծնողներն ու քույրն ասացին. «Առնվազն հոգեկան պետք է լինի մարդը, որ ինքն իր կրծքերը արդուկով այրի: Բա Մարիամն ինքն իրա քիթը ո՞նց ջարդեց,  իրենք տանը չէի՞ն, որ Մարիամն ինքն իրան վառում էր, բա թող ասեին, աղջիկ ջան, էդ ինչ ես անում: Կամ, որ մաշկային հիվանդություն ուներ, թող հետ ուղարկեին, ոչ թե պահեին՝ տանջամահ անեին»:

 

Մարիամի հարազատների պատմելով, երբ օդանավակայանում հանդիպեցինՄարիամին` չճանաչեցին, այն աստիճան դեմքը խոշտանգված էր.« Ամբողջ գյուղում հարգված ընտանիք է, շատ համեստ ու խելոք աղջիկ է միշտ եղել Մարիամը»:

 

 

Դատարանի շենքի առջեւ Մարիամի մայրը մի քանի անգամ վատացավ` նախկին խնամիների կողմից լսվող ագրեսիվ հայտարարությունների պատճառով:

 

 

 

Նշենք, որ դատական նիստը դռնփակ է ընթանում, իսկ ակցիայի մասնակիցները պահանջում են արդար դատավարություն:

 

 

 

Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց , որ իրենք դիմել են Վերաքննիչ դատարան՝  դռնբաց նիստի պահանջով, սակայն Վերաքննիչը վարույթ չի ընդունել` պատճառաբանելով, որ ՀՀ օրենսդրությամբ չի նախատեսվում նման հայցեր քննելը: Նոնա Գալստյանի փոխանցմամբ, իրենք հղում են արել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածին, որը նման բան նախատեսում է: Փաստաբանի խոսքերով` դիմել են նաեւ Վճռաբեկ դատարան, սակայն առայժմ պատասխան չեն ստացել, եւ մինչ Վճռաբեկը կարձագանքի, հնարավոր է՝ Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանն արդեն վճիռ կայացնի:

 

 

http://www.aravot.am/2012/08/02/97089/

Դիտումների քանակը` 3470

Գլխավոր էջ