«Սիրում եմ մտածել, պրպտել, փնտրել ու սովորել»
Գեղանուշ Եղիազարյանը դեռ մանկուց սիրել է նկարել: Նրա առաջին գործերը՝ խատուտիկն ու ջրվեժն սիրով պահպանվում են Հոկտեմբերյանում ապրող պապիկի տան պատերին: Այսօր նա սովորում է Սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժնում, սակայն ծանրաբեռնված ուսումնական առօրյան խոչընդոտ չէ, որպեսզի հասակակիցների նման օրվա մեծ մասն անցկացնի համակարգչի ընկերակցությամբ, որին, ի դեպ կապված էր դեռ տարիներ առաջ:
Բնավորությամբ ինքնամփոփ աղջիկը կայքից-կայք ճամփորդելով մի օր պատահաբար հանդիպեց կոմիքսների մի սայթի, որն ամբողջովին կլանեց նրա ուշադրությունը: Առաջին փորձնական էսքիզները նրան ոգեշնչեցին ու նա որոշեց առավել խորությամբ ուսումնասիրել կոմիքսների պատմությունն ու «անատոմիան»:
-Կոմիքսը, դա նկարների շարք է, այլ կերպ ասած պատկերների և դրանց կցված բացատրությունների միջոցով ստեղծվող պատմություն է:Կոմիքսներ նկարելը սովորել եմ ինքնուսմի մի քանի կայքերի օգնությամբ Wacom գրաֆիկական պլանշետով սկսել եմ նկարել: Իմ կոմիքսները սև ու սպիտակ են, ինչպես ընդունված է ամենուր, գունավոր նկարելու համար երկար ժամանակ կպահանջվի, մինչդեռ այդ ընթացքում կարելի է տասնյակ պատկերներ ստեղծել, -WomenNet-ի հետ զրույցում պատմում է 18-ամյա Գեղանուշը:
Համացանցի միջոցով Գեղանուշը ձեռք բերեց նույն նախասիրությունն ունեցող բազմաթիվ ընկերներ, ծանոթանում էր նրանց աշխատանքերին, միաժամանակ ստեղծելով իրենը: Աշխատելու ընթացքում սիրում է մտածել թեմայի շուրջ, նորանոր գաղափարներ են ծնվում, որոնք շտապում է կյանքի կոչել: Եկամուտ վաստակելու գաղափարը դրանցից մեկն էր: Իսկ ինչո՞ւ չփորձել: Համացանցի օտարերկրյա օգտատերերին ուղարկեց իր կոմիքսները ու պատահեց անսպասելի, ԱՄՆ-ից, Ավստրայից, Շվեյցարիայից, Կանադայից ու Պորտուգալիայից առաջարկներն ու պատվերները չուշացան:
Գեղանուշը թեև փոքր-ինչ թերանում է անգլերեն լեզվի հարցում, սակայն դա խոչընդոտ չէ, քանի որ կոմիքսներ տպագրող ամերիկյան կազմակերպությունը հոգում է ուղղագրության մասին: Շահույթը թեև մեծ չէ, սակայն Գեղանուշը չի դժգոհում, ամեն ինչ դեռ առջևում է:
-Կոմիքսներ նկարելուն զուգահեռ նկարում եմ նաև ստեղծում եմ նաև բրիլոկներ, որոնք նույնպես մեծ պահանջարկ ունեն: Ցանկանում եմ դարձյալ կայքերի օգնությամբ ուսումանսիրել արվեստի մեկ այլ ուղղություն՝ 3D տարածական (եռաչափ) նկարչությունը: Կարծում եմ ինձ մոտ կստացվի, սիրում եմ մտածել, պրպտել, փնտրել, սովորել ու կատարելագործվել,- ասում է Գեղանուշը:
Ի դեպ, նա հաճախ է մասնակցել մանկա-պատանեկան նկարիչների մրցույթներին, արժանանալով բազմաթիվ պատվոգրերի: Իսկ 2016 թվականին մասնակցելով մանկական նկարների միջազգային ցուցահանդեսին դիպլոմի արժանացավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի կողմից :
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2820