Սիրիահայ կանայք սիրով են մասնակցում ցուցահանդես-վաճառքների

Մեր զրուցակիցներն են  սիրիահայ   երկու Անիները ՝ Անի Արթինյանը եւ Անի Տերտերյանը: Նրանց հետ մենք ծանոթացանք  վերջերս կայացած  «Գյուղական կյանքիև ավանդույթների» փառատոնին, որին մասնակցում էին  նաեւ Հայաստանում  հաստատված մեր հայրենակիցները Սիրիայից:   

 

Անի Արթինյանը  մասնակցում էր փառատոնին որդու՝ Արթո Քաֆագյանի հետ:

 

-Արդեն  3 տարի է, որ  ընտանիքիս՝ ամուսնուս  և երեք որդիներիս  հետ Հայաստանում ենք: Հալեպում զբաղվում էի  հուլունքագործությամբ, այնուհետև Գազայում  հաճախեցի  խոհարարական  դասընթացների և վարպետանալով կարողանում էի  քաղցրավենիքի վաճառքով քիչ թե  շատ վաստակել: Այստեղ  հիմնավորվելուց  հետո ամուսինս  տեղավորվեց աշխատանքի,  մասնագիտությամբ  զոդող է,  ես էլ  իմ երկու մասնագիտությունների շնորհիվ  կարողանում եմ թեթևացնել ընտանիքիս  հոգսը: Սիրով  մասնակցում եմ  ցուցահանդես-վաճաքների, որդիներս այդ  հարցում օգնում են  ինձ: Ժամանակիս մեծ մասը հատկացնում եմ  հուլունքագործությանը, ձեռագործ աշխատանքներս  ներկայացնում եմ Վերնիսաժում: Չեմ դժգոհում, ընդունում  եմ  քաղցրավենիքի, մսեղեն  կերակրատեսակների և ձեռագործ աշխատանքների պատվերներ, – ասում է նա՝ հավելելով, որ  նման  միջոցառումների կազմակերպումը մեծ աջակցություն է սիրիահայերին:

Անի Արթինյանի նպատակը որդիներին    իրենց  նպատակին հասցնելն է, եթե ոչ բարձրագույն  կրթության,  ապա  արհեստներում  վարպետանալու ձգտումը կա ու կա: Սիրիա  վերադառնալու ցանկություն չկա,  անգամ  մտքներով  չի անցնում. « Հոն  ծնվեցինք,  մեծացանք, բայց  հոս  կմեռնենք»,- ասում է Անին:

 

Ի դեպ, փառատոնին մասնակցում էին նաեւ մեր վաղեմի ծանոթներ՝ Յոլանդ և Րաֆֆի Ռշտունիները, ում  տաղավարում  դարձյալ  բուրում էր համեղ ու հյութալի տեքով անուշեղենն ու զանազան  թխվածքաբլիթները:

Արևելյան անուշեղենի, ձեռագործ աշխատանքերի ու զարդերի տեսականիով առատ է  նաև Մարաշի ասեղնագործ տարազով ներկայացած 20-ամյա Անի Տերտերյանի տաղավարը: Անին իր քույրերի հետ դեռ Սիրիայում ապրած տարիներին սիրով ուսանում էր Մարաշի ասեղնագործությունը: Այդ  հարցում նրանց ուսուցիչը մայրն էր, ով  դստրերի հետ ասեղնագործում ու կարում էր Մարաշի ասեղնագործ տարազներ: Նրանք այդ տարազներով էլ  ներկայացել էին  փառատոնին:

 

Անին Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական  պետական  ինստիտուտի Ֆիզիոթերապիայի բաժնում ուսանելու հետ մեկտեղ քույրերի հետ օգնում է  մորը թխվածքների պատրաստման  գործում: Թեև օրվա  ընթացքում շատ է զբաղված, սակայն ժամանակ է  գտնում  նաև զարդերի պատրաստման  համար: Իսկ  նրբագեղ ու ճաշակով թևնոցների,  շղթաների ու փափուկ  խաղալիքների պահանջարկը բավականին մեծ է,  ինչն էլ ոգևորում է Անիին: Ճիշտ է,  տարազների պատվերներ դեռ  չունեն, այցելուները միայն  հիանում են  մոր և աղջիկների հիասքանչ տարազներով, սակայն, ով գիտե, գուցե  մի օր էլ  տարազների կամ թե Մարաշի ասեղնագործ հագուսների պահանջարկ լինի:

 

-Մեր ընտանիքով  որոշել ենք  ստեղծել ձեռքի աշխատանքերի արտադրամաս, ցանկանում  եմ զբաղվել նաև զարդերի վաճառքով, ինչ-որ կերպ ընտանիքիս պետք է աջակցեմ, թե ոչ,-ասում է Անին:

Նմանատիպ փառատոններին սիրիահայերի մասնակցությունը թերևս անհնար լիներ առանց ՄԱԿ-ի ՓԳՀ-ի,  միջազգային  և տեղական  մի շարք  կազմակերպությունների աջակցության:

 

– Այսպիսի  փառատոնները տասնյակ  կազմակերպությունների  համատեղ աշխատանքի արդյունքն են, այդ թվում սիրիահայերին աջակցող ,-ասում է ՄԱԿ ՓԳՀ-ի արտաքին  կապերի  համակարգող Անահիտ Հայրապետյանն ու հավելում,- Փառատոններում  ու ցուցահանդեսներում սիրիահայերի  ակտիվությունը  գովելի է,  նրանք  ոգևորվում են,  երբ իրենց  գործերում առաջընթաց են տեսնում , նրանց  ժպիտը դա է փաստում: Իսկ  մենք  ուրախ ենք, որ այս  գործում  մեր լուման  ունենք: Մրցակցությունը, որը  բացակայում էր Սիրիայում, այստեղ  կա,  ինչն էլ  խթան է  հանդիսանում  քաջատեղյակ  լինել օրենսդրությանն ու  շուկայի պահանջարկին: Ուստի կատարելագործում են  իրենց արտադրանքի որակն ու արտաքին  ձևավորումը՝ հարմարեցնելով այն տեղական շուկային: ՄԱԿ ՓԳՀ-ն էլ իր գործընկերների հետ միասին  միշտ  պատրաստ է աջակցել ու խրախուսել նրանց բոլոր նախաձեռնություններում:

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 5080

Գլխավոր էջ