Սիրիահայ երեխաները Հայաստանում. ի՞նչ է արվում նրանց ինտեգրելու համար

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպել էին  հունիսի 7-ին   «Երեխայի առաջնորդության» համաժողովը, որի ընթացքում ներկայացրեցին «Սիրիայից տեղահանված երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրման խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ձևավորված «երեխան երեխայի համար» արտադպրոցական ամփոփիչ հանդիպումների արդյունքները:

 

Ողջույնի խոսքով  հանդես եկան  ՄԱԿ-ի ՓՀԳ հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթն ու «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության ազգային հետևորդ, ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգչուհի՝ Զարուհի Բաբայանը:

Մասնավորապես,  «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը նշեց, որ «Երեխան երեխայի համար» հանդիպումների նպատակն էր բարենպաստ միջավայր ստեղծել հասարակությունում Սիրիայից տեղահանված երեխաների ինտեգրման համար, մեծացնել երեխաների մասնակցությունը և պատրաստվածությունը ներառականության և երեխաների իրավունքների հարցերում: «Մենք աշխատում ենք Սիրիայի պատերազմի պատճառով տեղահանված երեխաների և նրանց  ընտանիքների ինտեգրման խնդիրներով: «Սեյվ դը չիլդրեն»-ը դպրոցահասակ երեխաների խնդիրներին նվիրված մի շարք միջոցառումներ է իրականացնում և այս միջոցառումը դրանցից մեկն է: Տարբեր մեխանիզմների ներդմամբ փորձում ենք ինտեգրել հայաստանցի և սիրիահայ երեխաներին ու նրանց ընտանիքներին»,- ասաց Արսեն Ստեփանյանը՝ հավելելով, որ ծրագրի նպատակն էր նաև  հեշտացնել փորձի, ձեռքբերումների և մարտահրավերների փոխանակումը, խթանել երեխաների ներգրավվածությունը, նոր ծանոթությունների հաստատումը և համոզվել, որ նրանց բոլորի ձայները լսելի կլինեն:

 

«Երեխան երեխայի համար» հինգ խմբերի հանդիպումները կազմակերպվել էին Երևանի չորս՝ Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21, Ն.Ստեփանյանի անվան թիվ 71, Ե.Չարենցի անվան թիվ 67 և Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցներում՝ շեշտը դնելով Սիրիայից տեղահանված դպրոցահասակ երեխաների վրա: Ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել է 115 երեխա, որից 35-ը՝ սիրիահայ:

Արսեն Ստեփանյանի խոսքով,   աշխատել են նաև այլ դպրոցների և մանկապարտեզների հետ: «Հատկապես մանկապարտեզը երեխաների համար կարևոր նշանակություն ունեն, քանի որ մանկապարտեզ հաճախելով երեխաների ծնողները նաև զբաղվածության հարց կլուծեն»,- ընդգծեց նա, նշելով,որ  սիրիահայ երեխաների համար անում են ամեն ինչ, որպեսզի նրանք լիարժեք ինտեգրվեն:

 

«Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել այս համաժողովին, որը նվիրված է երեխաների, մասնավորապես՝ տեղահանված սիրիացի երեխաների ինտերգրմանը Հայաստանում»,- իր ելույթում նշեց ՄԱԿ-ի ՓՀԳ հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթոնը և հավելեց. «Այս համաժողովը նվիրվում է երեխաների ինտերգրմանը, իսկ ծնողները երեխաներիհետ միասին մեծ հաջողությունների կարող են հասնել: Ինտեգրացիան այն է, երբ մարդը զգում է իրեն ընդունված, երբ նա ունի իր ներքին ուրախությունը, նրան ջերմ են վերաբերվում, և նա տեսնում է իր ապագան նոր երկրում»,- ասաց նա:

Քրիստոֆ Բիերվիրթոնը խոստովանեց, որ  20 տարի աշխատելով ՄԱԿ-ի փախստականների գրասենյակում, իր գործունեության  ընթացքում մեծերից հաճախ է լսել նման արտահայտություն՝  կորցրեցինք ամեն ինչ՝ տուն, աշխատանք, այն սոցիալական կարգավիճակը, որ ունեինք մեր հայրենիքում, և այդ ամենը կհանդուրժեն միայն մի պայմանով, եթե իրենց երեխաներն ունենան ապագա նոր երկրում:

 

«Այնպես որ, ավարտելով դպրոցը, ինքներդ կկերտեք ձեր սեփական ապագան և այդ ձևով կօգնեք ձեր ծնողներին ևս տեսնել ապագան»,- ասաց Քրիստոֆ Բիերվիրթոնը:

 

Նրա խոսքերով՝ ինտեգրման հարցում կարևոր նշանակություն ունի  նաև հանդուրժողականությունը, ինչը միաժամանակ և բարդ է, և հեշտ: «Կարևորն այն է, որ դու քո տեսակետը, արժեքները պահպանես, բայց բաց ընդունես այն, ինչ տեսնում ես նորովի: Այսինքն՝ ցանկացած նոր իրավիճակում պետք է ավելի հանդուրժող լինել»։

 

Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի տնօրեն Նելլի Երիցյանը նշեց, որ երբ սիրիահայ երեխաները մտնում են դպրոց, մտավախություն կա, թե ինչպես կկարողանան ինտեգրվել: հատկապես խոսքը գնում է լեզվական խնդիրների մասին: Բայց միևնույն ժամանակ նա նշեց, որ իր ղեկավարած դպրոցի աշխատակիցները շատ հոգատար են և անում  են հնարավորը, որպեսզի այդ երեխաները ինտեգրվեն հասարակությանը:

 

Սիրիահայ աշակերտներից մեկը մեզ հետ զրույցոմ ասաց, որ երկու տարի առաջ է  եկել Հայաստան, որոշ դժվարություններ ունեցել է՝ կապված լեզվի հետ, սակայն այդ խնդիրը հաղթահարել է, այսօր շատ ընկերներ ունի, իրեն հիանալ է զգում Հայաստանում, ու ամենակարևորը՝ կարողանում է դասերն ամոբողջությամբ սովորել:

 

Մեկ այլ աշակերտ էլ նշեց, որ սկզբնական շրջանում իր համար շատ դժվար է եղել, ինքը դժվար էր հասկանում լեզուն, սակայն կամաց-կամաց հաղթահարեց այդ խնդիրները և այսօր նույնիսկ Սիրիա վերադառնալու մասին չի մտածում:

 

Մ.Մարգարյան

Լւսանկարները՝ «Սեյվ դը չիլդրեն» -ի

Դիտումների քանակը` 5019

Գլխավոր էջ