Սիրանուշ Սահակյանը` հայ գերիների վերադարձով զբաղվող  կինը

 

 «Գիտակցում ենք, որ ժամանակը՝ նույնիսկ րոպեները կարող են կյանքեր արժենալ»

 

Հայտնի իրավաբան Սիրանուշ Սահակյանի օրը հոկտեմբերից ի վեր սկսվում է առավոտյան ժամը 8-ից, ավարտվում արդեն լուսաբացին՝ ժամը 4-5-ը։ Օրվա ընթացքում իր գործընկերոջ՝  իրավաբան Արտակ Զեյնալյանի հետ միասին  հանդիպում են արցախյան վերջին պատերազմում  գերի ընկած զինվորների ու քաղաքացիների  հարազատներին, ուսումնասիրում թշնամու կողմից համացանցում տարածված տեսանյութերը՝ ներառելով  դրանք որպես հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բռնությունների, խոշտանգումների մասին փաստող ապացույցներ ու վկայություններ Եվրոպական դատարան ներկայացվող դիմումներում։

 

Սիրանուշ Սահակյանը  մասնագիտացված է մարդու միջազգային իրավունքերի ոլորտում, ինչը նշանակում է, որ փաստահավաք գործունեության ընթացքում կարող է առերեսվել կոպտագույն խախտումների։ Սակայն ինչքան էլ մասնագիտության բերումով հոգեբանական բարդությունները կանխատեսելի ու կառավարելի լինեն, եղել են պահեր, երբ կին իրավաբանն ուղղակի ընդհատել է տեսանյութերի դիտումն ու դուրս եկել մաքուր օդ շնչելու։

 

«Այս գործունեությունն իր մեջ ունի նաև բարոյական, հոգեբանական ասպեկտներ՝ սկսած այն բանից, որ մենք նայում ենք դաժանություններ պարունակող տեսանյութեր, շփվում ենք նաև գերիների հարազատների հետ, ովքեր կրում են աղետալի պատմությունների ողբերգական հետևանքները։ Սկզբում շատ ավելի էմոցիոնալ էի, դժվարանում էի նայել դրանք, նաև ազդեցություններն էին շատ երկարաժամկետ՝ սկսած տրամադրության անկումից մինչև կենտրոնացման հետ կապված խնդիրներ։ Եղել են դեպքեր, երբ բացել եմ տեսնայութը, դաժանությունները տեսելով, ստիպված եմ եղել ընդհատել, ապա հաջորդ առավոտյան ուժ հավաքելով՝ բացել, նայել եմ։ Երբեմն ստիպված ենք լինում մի տեսանյութը դիտել 5-6-7 անգամ՝ դետալներ հավաքելու նպատակով»,-WomenNet.am-ի հետ զրույցում պատմում է իրավաբանը։

 

Նա ցավով նշում է, որ ռազմագերիները, գերիներն այսօր էլ նույն դաժանություններին, բռնություններին, նաև խոշտանգումներին են ենթարկվում, ինչ դարեր առաջ տարբեր պատերազմների ընթացքում ու դրանցից հետո, երբ ամեն ինչ թաքուն պահելու ու այդ հիմքով պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն կար։ Պնդում է՝ միջազգային հանրությունը չպետք է որևէ կերպ  արդարացնի նման անմարդկային վերաբերմունքը։

 

«Նախկինում շատ բաներ կարող էին հայտնի չդառնալ, կատարողների մեծ մասն էլ ապավինում էին հենց չբացահայտված մնալուն։ Բայց հիմա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ամեն ինչ բացահայտել, պարզել,  ամեն մարդ զինված է տեսաձայնագրման սարքերով։ Ադրբեջանի կողմից այս դաժանությունները կատարվում են այն գիտակցմամբ, որ դրանք հայտնի են դառնալու, բայց կատարողները չեն ամաչում, չեն փորձում թաքցնել, այլ լայնորեն տարածում են, հրճվում։ Դրանում կա նաև բնակչության ահաբեկման տարր, ինչին միջազգային հանրության արձագանքը պետք է շատ կոշտ լինի»,-ընդգծում է իրավունքի մասնագետը։

 

 

Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի  կողմից վերջին երկուսուկես ամիսների ընթացքում ավելի քան յոթ տասնյակ գերիների վերաբերյալ դիմումներ են ներկայացվել ՄԻԵԴ, ևս երեք տասնյակ դիմումներ ներկայացվել են ՄԻԵԴ  ՀՀ ներկայացուցչի կողմից։ Ի դեպ, Եվրոպական դատարան ներկայացվող դիմումները կազմվում են բացառապես Զեյնալյանի ու Սահակյանի համատեղ աշխատանքի արդյունքում, որևէ անգամ միջազգային որևէ գործընկերոջ հետ խորհրդակցություն չի եղել։  Փորձառու ու պատրաստված իրավաբանները դրսի գործընկերների աջակցությանը չեն դիմել նաև այն պատճառով, որ կան նաև վստահության, անվտանգության հարցեր, հետախուզության ու հակահետախուզության վտանգներ, ուստի պետք է շատ զգոն լինել՝ ազգային, պետական նշանակության գործերին չվնասելու համար։

 

 

Հայաստանցի իրավաբանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գրեթե բոլոր դիմումների հիման վրա Եվրոպական դատարանը անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումներ է կայացնում, հայ գերիների պահման պայմանների, առողջական վիճակի, բուժզննության ենթարկվելու, դրա արդյունքում կազմած եզրակացության ու այլ հարցերի վերաբերյալ պատասխաններ է պահանջել ու պահանջում Ադրբեջանից՝ դրանք ստանալու համար սահմանելով ժամկետներ։ Արդեն մի քանի գերիների մասով նաև ՄԻԵԴ հիմնական գանգատներ են ներկայացվել։

 

 

Ի դեպ, մինչ այս էլ Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում ներկայացրել է 2004 թվականի փետրվարի 19-ին Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից  քնած ժամանակ կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի։ Արդյունքում, այս տարվա մայիսի 26-ին ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Բաքուն խախտել է Մարգարյանի կյանքի իրավունքն ու դրսևորել խտրականություն:

 

 

«ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի, Մանվել Սարիբեկյանի, Կարեն Պետրոսյանի ու այլ գործերի միջոցով բացահայտել է Ադրբեջանի քաղաքականությունը հայերի նկատմամբ, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Բաքվի ձեռագիրը։ Մենք կարողացել ենք կոտրել կարծրատիպեր, քանի որ մեծ քաղաքականության մեջ ի սկզբանե Հայաստանն ու Ադրբեջանը ընկալվել են որպես հավասար։ Հիմա այդ բալանսը խախտված է՝ ի օգուտ մեզ, միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է  հայերի քաղաքակրթվածության աստիճանն ու արժեքաբանությունը, դա հակադրում է ադրբեջանական վայրագություններին»,-ասում է նա։

 

 

Թե Սահակյանը, թե Զեյնալյանը շատ լավ ծանոթ են ՄԻԵԴ մոտեցումներին, ապացուցողական շեմերին, անում են հնարավոր ամեն ինչ՝ հիմնավոր ապացույցներով անխոցելի գործեր ներկայացնելու համար։

 

 

«Առանց հիմնավոր ապացուցողական բազայի չենք ներկայացնում գործերը միջազգային հանրությանը։ Միշտ կա վտանգ, որ դատական քննությունների պրոցեսում կարող են ընտրվել թույլ փաստերով գործերը։ Եվ եթե դրանք դառնան նախադեպ խախտումների չարձանգրման մասով, ապա բացասական ազդեցություն կունենան նաև ուժեղ գործերի վրա։ Դրա համար շատ խիստ ստանդարտներով ենք առաջնորդվում, իհարկե հասկանում ենք նաև ապացույցների ձեռքբերման բարդությունները։ Այնպիսի իրավիճակ է, որ ողջ տեղեկատվությունը գտնվում է  Ադրբեջանի բացառիկ իրազեկվածության տիրույթում։ Չենք կարող անահամաչափ բեռ դնել ընտանիքի անդամների վրա, հետևաբար միջազգային ատյաններում շեղում ենք ապացուցման պարտականության կանոնները, որոշ հարցերում կանխավարկած ենք կառուցում, այն հերքելու բեռը թողնում ենք Ադրբեջանի վրա»,-մասնագիտական հնարքները ներկայացնում է փորձառու իրավաբանը։

 

 

Օրեր առաջ Բաքվից Երևան վերադարձած 44 գերիներին դիմավորողների թվում Սիրանուշը չկար, չնայած տղաների կեսից ավելին Սիրանուշ Սահակյանի ու Արտակ Զեյնալյանի վստահորդներն էին։ Նրանք փիարվելու ոչ ժամանակ ու ոչ էլ կարիք ունեն, գրեթե ամեն օր նոր ռազմագերիների վերաբերյալ նյութեր են հայտնվում համացանցում, պետք է դրանք ուսումնասիրել, փաստարկված ու անխոցելի դիմումներ ներկայացնել հնարավորինս շատ տղաների իրավունքների պաշտպանության համար։

 

 

«Եթե մեր ռեսուրսն ուղղենք կատարած գործի լուսաբանմանը, ապա դրանից զոհերը տուժելու են։ Մենք փաթեթներ ենք պատրաստում, օր առաջ, ժամ առաջ դրանք ՄԻԵԴ ներկայացնելու համար, որպեսզի հասնենք չուշացած որոշումների կայացմանը։ Գիտակցում ենք, որ ժամանակը՝ նույնիսկ րոպեները կարող են կյանքեր արժենալ, ճակատագրական լինել»,-անկեղծանում է  Սիրանուշը։ 

 

 

Բացի այդ նրանք գրեթե ամեն օր շփվում են գերիների ընտանիքների անդամների հետ, բուժզննումներն ավարտելուց հետո դեռ իրենց վստահորդների հետ հանգիստ պայմաններում հանդիպելու, նրանց լսելու հնարավորություն կունենան։

 

 

«Խիստ կարևորում եմ պարոն Թաթոյանի, ՄԻՊ գրասենյակից բժշկի այնտեղ գտնվելը, փաստերն արձանագրելը, որը բխել է ՄԻՊ մանդատից։ Դրանք հույժ կարևորություն ունեն հետագա վարույթների համար։ Չմոռանանք, որ այս տղաները գտնվում են ՄԻԵԴ անհապաղ միջոցների պաշտպանության ներքո, Ադրբեջանը փորձելու է ցույց տալ, որ նրանք խնդիր չունեն, փորձելու է վիժեցնել իրավական գործընթացները, մոացության տալ մինչ վերադարձը այդ տղաների  նկատմամբ վերաբերմունքը, որոնք շատ դեպքերում խոշտանգումներ են»,-ներկայացնում է Սիրանուշ Սահակյանը։

 

 

Վերջին դիմումներն իրավաբանները ստացել են Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում գերեվարվածների հարազատներից։

 

 

«Մեր կողմից հայտնաբերված ու հաստատված դեպքերն անհամամետ ավելին են, քան վերադարձած զինվորներն են։ Առաջին անգամ գործարկվեց գերիների, ռազմագերիների նկատմամբ անհապաղ միջոց կիառելու մեխանիզմը, որը կյանքն ապահովելու ու ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու հատուկ միջոց է այն դեպքերի համար, երբ վնասը կարող է անդառնալի լինել։ Իսկ մենք քաջատեղյակ ենք, որ Ադրբեջանի իշխանությունների հսկողության ներքո հայտնված յուրաքաչյուր անձի կյանքի համար կան իրական ու անմիջական սպառնալքիներ։ Շատ ցավալի է, որ գերեվարվածների վերադարձի հետ միաժամանկ մենք ունենում ենք գերեվարման նոր դեպքեր, ինչը չի բխում կոնֆլիկիտի հանգուցալուծման տրամաբանությունից»,-Womennet.am-ի հետ զրույցում ասում է իրավաբանԼ

 

 

Գործընկեր իրավաբանները շարունակելու են  Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված հետևողական քայլերը, իսկ վերադարձած տղաների  իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված քայլերի մասին դեռ կտեղեկացնեն հանրությանը:

 

 

Հ. Կարապետյան

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 1525

Գլխավոր էջ