Սեքսիզմը՝ անպատժելի չէ, ինչպես ոմանց թվում է…
Երբ Ամերիկայի հնագույն՝ Հարվարդի համալսարանի ռեկտոր Լոուրենս Սամմերսը հայտարարեց, որ « մտավոր եւ գիտական գործունեությունը ավելի է հաջողվում տղամարդկանց քան կանանց ՝ բնածին առանձնահատկությունների շնորհիվ», նա հավանաբար չէր պատկերացնում, թե դա ինչպիսի լուրջ հետեւանքներ կունենա իր համար: Ռեկտորին մեղադրեցին սեքսիզմի համար եւ սկանդալը, ի վերջո, տխուր ավարտ ունեցավ. նա ստիպված եղավ հրաժարական ներկայացնել: Ճակատագրի հեգնանքով՝ նա իր տեղը զիջեց կնոջ: Հարվարդի 371-ամյա պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնում կին ընտրվեց ՝ պատմաբան Դրյու Ջիլփին Ֆաուստը: Իմիջիայլոց, այսօր Ամերիկայի ութ խոշոր հեղինակավոր համալսարաններից չորսը գլխավորում են կանայք: Իսկ Հարվարդի համալսարանի նախկին ռեկտորի օրինակին անդրադարձան աշխարհի բոլոր խոշոր պարբերականները՝ շեշտելով, որ սեքսիզմն անպատժելի չէ, ինչպես ոմանց թվում էր:
Ի՞նչ է սեքսիզմը: Ըստ էության՝ սա խտրականության մի տեսակ է, որը նման է բոլորիս հայտնի ֆաշիզմին ու ռասիզմին, միայն այն տարբերությամբ, որ սեքսիզմը բաժանում է մարդկանց տարբեր կարգերի ոչ թե ըստ ռասայի, այլ սեռային հատկանիշի: Տարբերությունը նաեւ այն է, որ սեքսիզմն այնքան խորն է արմատավորված մշակույթում, հասարակությունում, գիտակցության մեջ, որ հաճախ նույնիսկ չի էլ նկատվում:
Ավելին, մանկությունից մեզ դաստիարակում են սեքսիստական կարծրատիպերի ոգով: Ուստի մեզ բոլորովին չի վիրավորում ի միջայլոց նետված ակնարկը. «Որպես կին՝ դուք այնքան էլ վատ չեք շախմատ խաղում»: Կամ՝ համարյա հաճոյախոսություն ենք ընկալում՝ թերթում կարդալով հայտնի գրողի մեկնաբանությունը. «Նա այնքան տաղանդավոր է, որ նրան հնարավոր չէ բանաստեղծուհի կոչել, միայն բանաստեղծ…»: Այս նույն շարքից է կին քաղաքական գործչին զինաթափ անելու անվրեպ եղանակը. «Չէ՞ որ դու խելացի կին ես, այլ ոչ թե այնպիսին, ինչպես բոլորը»…
Ճիշտ այդպես մենք չենք զարմանում, երբ Ազգային ժողովի պատգամավորը անթաքույց հեգնանքով թույլ է տալիս իրեն հայտարարել. «Եթե իմանայի, որ կին պետք է պատասխաներ, այդքան հարցեր չէի տա»: Հաջորդ անգամ՝ ավելին: Արդեն մեկ ուրիշ պատգամավոր տղամարդկային գերազանցության զգացումով դահլիճին հիշեցնում է «ժողովրդական իմաստությունը». Կնոջը լսիր՝ հակառակն արա, իսկ նախարարը թույլ է տալիս իրեն խորհրդարանի ամբիոնից քննարկել կլիմաքսի թեման, որը վատ է անդրադառնում ոմանց տրամաբանության վրա: Ենթատեքստից պարզ էր դառնում, որ նա նկատի ուներ ամենեւին էլ ոչ տղամարդկանց:
Մեկ այլ պատկեր ԱԺ նիստից. նախագահողը կարգի է հրավիրում հակաճառող կնոջը՝ «Տիկին, համեստ եղեք»: Կարելի է կասկած անգամ չունենալ, որ եթե նրա փոխարեն տղամարդ լիներ, այլ բառեր կլինեին՝ իրավիճակին եւ կանոնակարգին ավելի համապատասխան: Օրենսդիր մարմնում նման ռեպլիկները ամենեւին էլ եզակի չեն: Կարելի էր դրանք անհաջող կատակներ համարել, բայց զարմանալի է մեկ այլ բան. կանանց կողմից ակտիվություն դրսեւորելու հետ մեկտեղ դրանք շատանալու միտում ունեն: Վաղուց է նկատվել. կանանց տեղը դնելու ցանկությունը քաղաքականության մեջ առաջանում է միայն այն ժամանակ, երբ նրանք փորձում են տղամարդկանց հետ ոտք գցել:
Սեքիզմի աննախադեպ օրինակ էր թերթերից մեկում ժամանակին ծավալված քարոզարշավը՝ ընդդիմադիր պատգամավոր Զ. Փ.-ի դեմ, որը արտահայտվեց նրա հասցեին սեքսիստական բնույթի վիրավորանքներով և «Չկայացած պոռնոաստղի սխրանքը« մակագրությամբ լուսանկարով: Սեքսիզմի նման ծայրահեղ դրսևորումները, ընդ որում ոչ միայն այդ քաղաքական գործչի նկատմամբ, խիստ բացասական ազդեցություն ունեցան Հայատանի ողջ լրատավական դաշտի վրա, որը մինչ այդ շատ ավելի զուսպ բառապաշար էր օգտագործում կին քաղաքական-հասարակական գործիչների հանդեպ:
Այս իմաստով մայրաքաղաքի համայնքներից մեկում թաղապետի արված հայտնի խոստովանությունը՝ «Խայտառակություն է ընտրություններում կնոջը պարտվել», ոչ մեկին չզարմացրեց: Մնում էր միայն ուրախանալ այդ թեկնածուի համար, բայց ոչ այն պատճառով, որ հաղթեց այն ընտրություններում, այլ որովհետեւ բարեհաջող խուսափեց «կնոջը պարտվելու խայտառակությունից» : Չնայած որոշ ժամանակ անց նա՝ իր կարիերայի գագաթնակետին հասնելով, միեւնույն է խայտակառության զոհ դարձավ ՝ զրկվելով մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնից մարդ ծեծելու պատճառով:
Բոլոր դեպքերում , մեր քաղաքական գործիչները դեռեւս երջանիկ անտեղյակության մեջ են, որ սեքսիզմը պատժելի արարք է: Ի դեպ, Ստրասբուրգ այցելող պատգամավորները այս մասին պետք է որ լսած լինեին: Երբ ԵԽԽՎ նստաշրջաններից մեկում որոշում էր կայացվում գովազդում սեքսիզմի անթույլատրելիության վերաբերյալ, նրանցից ոմանք այս հարցը անլուրջ համարեցին: Մինչդեռ, այն բավական լուրջ հիմքերի վրա դրված. Իսպանիայում եւ Պորտուգալիայում, օրինակ, կնոջ արժանապատվությունը նվաստացնող գովազդը համարվում է քրեորեն պատժելի հանցագործություն:
Նշենք, որ ԵԽԽՎ-ի կողմից 2010-ին ընդունված թիվ 1751 բանաձեւում (ԶԼՄ-ներում սեքսիստական կարծրատիպերի դեմ պայքարը) հատուկ կոչ է արվում խորհրդարանի անդամներին ձեռնպահ մնալ սեքիստական երանգ ունեցող ձեւակերպումներից եւ առհասարակ սեքիստական կարծրատիպեր չօգտագործել իրենց գործունեությսն ընթացքում:
«Մեր խորհրդարանը զորանոցի է նման»,- մի առիթով նկատեց հայ պատգամավորուհիներից մեկը: Սակայն չնայած դրան՝ կին պատգաավորները, որոնց հետ մենք զրուցում էինք, համարում են, որ չի կարելի սեքսիզմը վերագրել ողջ տղամարդկանց հանրությանը եւ որ դա միայն մի որոշակի շերտի մտածելակերպն է: «Ավելի շուտ՝ դա կապված է դաստիարակության ու ընկալման մակարդակի հետ: Պարզապես ամեն անգամ սեքսիստական արտահայտություններ թույլ տալով՝ նրանք պետք է նկատի ունենան, որ իրենք արտացոլում են մեր հասարակության ամենահետամնաց շերտերի հայացքները»,- ասում է ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Նկատենք՝ պատգամավորը չհիշատակեց կրթությունը: Քանի որ կրթության մակարդակով այս հիվանդությունը չի բուժվում: Ու նույն այդ Հարվարդի ռեկտորը մեր հասարակության մեջ բազմաթիվ հետեւորդներ ունի: Բազմաթիվ կրթված տղամարդիկ ճիշտ նույն կերպ արդարացնում են իրենց հայացքները կենսաբանական տարբերությամբ՝ հաճախ ավելի անմիջական արտահայտվելով. իբր, կանայք իրենց բնույթով տղամարդկանցից պակաս ռացիոնալ են, պակաս տրամաբանող, ուստի արժանի են ավելի ցածր դիրքի: Բանավիճել նման դեպքերում անիմաստ է: Պատժե՞լ սեքսիզմի համար: Դե ինչ, գուցե դա գործուն միջոց է այնքան ժամանակ, քանի դեռ կանանց ու տղամարդկանց չի ձանձրացրել անվերջ վիճաբանությունը՝ ո՞վ է ավելի լավ , ո՞վ է խելոք իսկ ո՞վ ոչ այնքան: Մնում է միայն հուսալ, որ նրանք, ի վերջո, պարզապես կհամակերպվեն այն մտքի հետ, որ տղամարդիկ ու կանայք, թեեւ տարբեր են, բայց հավասար:
Թամարա Հովնաթանյան
Դիտումների քանակը` 6836