«Սերունդ՝ անսահման հնարավորություններով». աշխարհը միավորվում է նոր նախաձեռնության շուրջ
Աշխարհի առաջնորդները միավորվում են նոր «Սերունդ՝ անսահման հնարավորություններով նախաձեռնության շուրջ, որի նպատակն է մինչև 2030թ. յուրաքանչյուր երիտասարդի նախապատրաստել աշխատաշուկա մուտք գործելուն՝ որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ապահովելով բոլորի համար: Մանրամասները հաղորդում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:
Նախաձեռնության մեկնարկը տեղի է ունեցել երեկ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում: «Սերունդ՝ անսահման հնարավորություններով»նախաձեռնությունը պատասխան է համաշխարհային կրթական ճգնաժամին, որ ներկայում խոչընդոտում է միլիոնավոր երիտասարդների ուղին՝ սպառնալով նաև առաջընթացին և կայունությանը:
Նախաձեռնությանը միացել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Ռվանդայի նախագահ Պոլ Կագամեն (Paul Kagame), Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոնգ Կիմը (Jim Yong Kim), Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մողերինին (Federica Mogherini), ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով հանձնակատար Ջայաթմա Վիքրամանայակին (Jayathma Wickramanayake), Յունիլեվեր ընկերության գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը (Paul Polman), ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Լիլի Սինխը (Lilly Singh) և ճապոնական փոփ խումբ BTS-ը:
Եթե անհապաղ չներդնենք կրթության և կարողությունների զարգացման բնագավառներում, աշխարհում դեռահասների և երիտասարդների արագորեն աճող բնակչությունը, որ 2030թ. կհասնի 2 միլիարդի, կշարունակի անպատրաստ լինել և աշխատաշուկային համապատասխան հմտություններ չունենալ: Բացի դրանից, ավելի քան 200 մլն երիտասարդ միջնակարգ և ավագ կրթությունից դուրս է մնացել, որի արդյունքում, համահավասար առաջընթացին նպաստելու փոխարեն, երիտասարդությունը, հատկապես նրանցից ամենախոցելիները, լուրջ զրկանքներով և խտրականությամբ լեցուն ապագայի առջև կկանգնեն:
«Սերունդ՝ անսահման հնարավորություններով» նախագիծը, որը ՄԱԿ-ի Երիտասարդների 2030 օրակարգի մասն է կազմում, կլրացնի և կկառուցվի արդեն իսկ գոյություն ունեցող դեռահասներին և երիտասարդներին աջակցող ծրագրերի հիման վրա: Համագործակցության այս հարթակը կենտրոնանում է հետևյալ երեք հիմնական տիրույթներում՝ միջնակարգ կրթություն, սովորելու հմտություն, աշխատունակություն և արժանապատիվ աշխատանք, այդ թվում՝ հզորացում:
«Աշխարհը համակած ժողովրդագրական փոփոխությունը, զուգորդված տեխնոլոգիական զարգացման տեմպի հետ, պատմության մեջ հույժ կարևոր պահ են հասունացրել: Եթե շտապ ու մտածված գործենք, մենք կարող ենք երիտասարդների սերունդ ունենալ, ովքեր պատրաստ կլինեն կայուն տնտեսություն և խաղաղ ու բարեկեցիկ հասարակություն ստեղծել: Երիտասարդներն աշխարհի բնակչության գրեթե 25 տոկոսն են կազմում, բայց նրանք մեր ապագայի ամբողջ 100 տոկոսն են: Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ձախողեն»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:
«Այսօր մենք պատմության մեջ երիտասարդության ամենամեծ սերունդն ունենք, փոփոխություն իրականացնելու հզոր մի ուժ: Միլենիալների 84 տոկոսը համոզված է, որ իրենք պարտավոր են աշխարհն ավելի լավը դարձնել, և շատերն արդեն իսկ աշխատում են այդ ուղղությամբ: Այս նախաձեռնության շնորհիվ մենք նպատակ ունենք ապահովել, որ ոչ մի երիտասարդ հետ չընկնի և կարողանա թե՛ իր ու թե՛ հետագա սերունդների համար փայլուն ապագա ստեղծել»,- նշեց Յունիլեվերի գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը:
«Ես անձամբ եմ համոզվել, որ երիտասարդներին լսելն ու նրանցից սովորելը երիտասարդների առջև կանգնած մարտահրավերներին պատասխանելու և դրանց ստեղծարար լուծումներ գտնելու համար լավագույն տարբերակն է: Երբ երիտասարդներին խոսելու և գործելու հնարավորություն ես տալիս, նրանք բազմաթիվ նորարար ու ստեղծարար գաղափարներ են առաջարկում: Ինձ ոգեշնչում է այս սերունդը, և ես պարտավոր եմ անել այն ամենը, ինչը կարող է օգնել երիտասարդներին ավելի բարեկեցիկ ապագա ունենալ»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Լիլի Սինխը:
Մեր ժամանակն է, մեր հերթն է, մեր ապագան է…
Դիտումների քանակը` 2154