Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն
Պտղի սեռով պայմանավորված աբորտների թեմային է անդրադառնում «Առավոտ» –ը, նշելով, որ դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերից մեկում ասաց. «Ես որպես վարչապետ եւ որպես 2 աղջիկների հպարտ հայր՝ մտահոգված եմ այն միջավայրով, որտեղ կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր»: Ավելին, վարչապետը առողջապահության նախարարին հանձնարարել էր իրավիճակը շտկելու համար ծրագիր մշակել եւ մինչեւ այս տարվա մարտ ամիսը ներկայացնել կառավարության հաստատմանը:
«Ծրագիրը գրեթե պատրաստ է, այն կառավարությունում շրջանառության մեջ է դրվել, շուտով վերջնական ամփոփ տարբերակը կլինի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նախարարության մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը: Մեր հարցին՝ ի՞նչ մեխանիզմներ են նախատեսում, որոնցով հնարավոր կլինի կանխել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, տիկին Ավագյանն ասաց, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, որով վարչական մեծ պատժամիջոցների կենթարկվեն նրանք, որոնք կփորձեն պտղի սեռով պայմանավորված աբորտ անել. «Ֆինանսական մեծ տույժ է սահմանվել: Եթե աբորտ կատարող բժիշկը մի քանի հազար դրամ պիտի ստանար դրա համար, հիմա այնքան բարձր տուգանք է լինելու, որ կխուսափեն անել այդ, իսկ կրկնելու դեպքում աշխատանքից կզրկվեն»:
«Առավոտի» այն հարցին էլ՝ ինչպե՞ս է բացահայտվելու, որ տվյալ աբորտը սեռով է պայմանավորված եղել, տիկին Ավագյանն ասաց, որ բացահայտման տարբեր ճանապարհներ կան. «Կան որոշ մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի բացահայտել»: Նշենք, որ պտղի սեռը բացահայտվում է 12 շաբաթական հղիությունից հետո, մինչեւ 12 շաբաթական հղիությունը թույլատրելի է այն դադարեցնել, օրենքն արգելում է 12 շաբաթականից հետո աբորտը: Նշենք նաեւ, որ շատ են լինում դեպքեր, երբ 11 շաբաթականի դեպքում էլ պտղի սեռը երեւում է:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ 3 հիմնական ուղղություն կա, որով աշխարհը փորձում է պայքարել սելեկտիվ աբորտների դեմ: Դրանցից մեկն, ըստ Հայրապետյանի, օրենսդրական որոշակի սահմանափակումներն են. «Շատ երկրներ են այդպես վարվել, ընդ որում՝ նաեւ շատ զարգացած երկրներ, որոնք սելեկտիվ աբորտը արգելել են: Այս փորձը կա, բայց այն շատ քիչ արդյունավետություն ունի, բայց առանց սրա էլ հնարավոր չէ քայլ անել, մինչեւ մարդիկ չընդունեն, չհասկանան, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը վատ բան է, չարիք է:
Մյուս կարեւոր քայլը՝ ստեղծել պայմաններ ծառայություններ մատուցող բժիշկների հետ: Ասենք՝ նրանք էլ սկսեն աշխատել ծնողների հետ, փորձել հետ պահել այդ քայլից: Երրորդ ուղղությունն էլ ավելի կարեւոր է՝ բնակչության շրջանում իրազեկման բարձրացումը, հատկապես՝ կնոջ դերի բարձրացումը հասարակության մեջ: Այս 3 ուղղություններն էլ հիմնականում հաշվի են առնվել կառավարության ծրագրում, այսինքն՝ մեր երկրում էլ գրեթե նույնկերպ պետք է պայքարենք սելեկտիվ աբորտների դեմ»:
Պարոն Հայրապետյանի խոսքերով՝ սելեկտիվ աբորտը հետեւանք է, իսկ պատճառները բազմազան են. հիմնական պատճառն այն է, որ մեր հասարակությունում տղամարդն ավելի բարձր դեր ունի, քան կինը: Շատերը ձգտում են տղա ունենալ, ինչպես ցույց են տալիս հարցումները, որպեսզի իրենց լավ զգան, կամ ասենք՝ շատերը կարծում են, որ տղան ավելի լավ ու բարձր վարձատրվող աշխատանք կգտնի, ի վերջո՝ մեծահասակ տարիքում տղան է ծնողներին «տիրություն» անում…
Գարիկ Հայրապետյանը նկատեց, որ պետք է այս կարծրատիպը կոտրել. իրականում շատ են նաեւ այնպիսի դուստրերը, որոնք տղաներից ավելի լավ են խնամում, հոգ տանում իրենց ծնողների մասին, ավելի լավ աշխատանք ունեն եւ ավելի բարձր են վարձատրվում:
Հայաստանը գտնվելով չավարտված պատերազմական վիճակում, ինչպես նկատեց Հայրապետյանը, հետագայում բանակի խնդիր է ունենալու. եթե այսօր մեծ թվով աղջիկ երեխաներին աբորտ են անում, ու տղաները շատ են, դա չի նշանակում, որ մեծ քանակությամբ բանակ զորակոչելու տղաներ կլինեն. կգա մի օր, որ այդ տղաներին ծննդաբերելու համար մայրերի պակաս կլինի.
«20 տարի հետո զինվորներին ո՞վ է ծնելու»: Ծրագրով նախատեսված է, որ նաեւ սոցիալական աշխատողներն ընդգրկվեն սելեկտիվ աբորտների դեմ պայքարում. օրինակ՝ կլինեն ընտանիքներ, որտեղ արդեն 2 աղջիկ երեխա ունեն, 3-րդ աղջիկ երեխայով հղիություն է, եւ մտադրություն կա աբորտի, սոցաշխատողը պետք է այս ընտանիքի հետ հոգեբանական աշխատանք տանի, ուշադիր լինի՝ կանխելու հղիության ընդհատումը:
Կառավարության ծրագիրը, ըստ Հայրապետյանի, միջնաժամկետ է, 3 տարվա ընթացքում հիմնական գործողությունները պետք է իրականացվեն: Ինչ վերաբերում է արգելված աբորտ անող բժիշկներին բացահայտելու եւ պատժելու մեխանիզմին, ապա Հայրապետյանն ասաց. «Միանշանակ դժվար կլինի նրանց բացահայտելը, բայց անգամ 2-3 դեպքն էլ եթե բացահայտվի, այն կտարածվի մյուսների վրա, հաստատ ազդեցություն կունենա»: Մեր այն հարցին էլ՝ արդյոք այդ արգելող օրենքով չի՞ խախտվում այն կնոջ իրավունքը, որը չի ցանկանում աղջիկ երեխա ունենալ, պարոն Հայրապետյանն այսպես պատասխանեց. «Պետք է հաշվի առնենք, որ աբորտով մարդու հիմնարար իրավունքն է խախտվում՝ ծնվելու իրավունքը: Ո՞րը դնենք նժարի վրա, ո՞րն է ավելի ծանր: Մի քիչ մշուշոտ է, մի կողմից՝ երեխայի կյանքի իրավունքն է, մյուս կողմից՝ կնոջ ցանկության իրավունքը»:
Նելլի Բաբայան « Առավոտ»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց
Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ
Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»
Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
Դիտումների քանակը` 4322