Սեռով պայմանավորված աբորտներն արգելող օրինագիծը քննարկվեց Ազգային ժողովում

Այս շաբաթ կայացած արտահերթ նստաշրջանի ընթացքում  Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական  այն հայտնի  փաթեթը, որի հիմնական նպատակը  սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարն է: Հատկանշական է, որ օրինագծի քննարկմանը հարցեր ու ելույթներ հնչեցրեցին բացառապես կին պատգամավորները՝ Մարգարիտ Եսայանը, Հեղինե Բիշարյանը, Ռուզան Մուրադյանը, ռեպլիկներով մասնակցեց նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը…  Մինչդեռ տղամարդ պատգամավորների  պասիվությունն այս հարցում  այդքան էլ հասկանալի չէ: Իրականում,   քննարկված հիմնախնդիրը  վերաբերում է ոչ միայն կանանց, այն հասարակությունում առկա կանանց ու տղամարդկանց անհավասարության դրսեւորում է, ինչպես  նաեւ  լուրջ  ժողովրդագրական  վտանգներ է  պարունակում:   

 

 

«Վերջնական որոշում կայացնելու համար երեք օր  է հատկացվելու»

 

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենսդրական փոփոխությունները   ներկայացրեց  ՀՀ  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ում խոսքով, տվայլ նածաձեռնությունը  պայմանավորված է Հայաստանում նորածինների  բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները շտկելու, հղիության  չհիմնավորված արհեստական ընդհատումները կանխելու, նաև այդ ոլորտում բուժաշխատողների պատասխանատվությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

 

«Փոփոխությամբ հստակ արգելվում է 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդունումն օրենքով չնախատեսված դեպքում, ներառյալ սեռով պայմանավորված: Միաժամանակ արհեստական չհիմնավորված ընդհատումները նվազեցնելու նպատակով սահմանվում է պահանջ՝ օրենքով թույլատրված ընդհատման համար դիմած կանանց տալ 3 օրացույցային օր՝ վերջնական որոշում կայացնելու համար, ինչը լայնորեն կիրառվում է Արևմտյան պետություններում Օրինակ  Գերմանիայում այդ ժամկետը 3 օր է, Նիդերլանդներում՝ 5 օր, Իտալիայում, Իսպանիայում մինչև 7 օր, Բելգիայում՝ 6 օր, ԱՄՆ-ում՝ 18 ժամից մինչև 3 օր»,-մանրամասնեց գործադիրի ներկայացուցիչը:

 

Մուրադյանն ասաց, որ նախագծում սահմանվում են նաև բուժաշխատողների պարտականություններ, նրանք պետք է ունենան կնոջ կամ էլ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնություն, կանանց տրամադրեն անվճար խորհրդակցություն և այլն: Այն բուժաշխատողները, որոնք չեն կատարի կամ պատշաճ չեն կատարի օրենքով սահմաված պահանջները,  Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով կպատժվեն վարչական տուգանքներով՝ 40-100 հազար դրամ:

 

Հիշեցնենք, որ   սեռով պայամանավորված հղիության ընդհատումների պատճառով   նորածինների  սեռերի հարաբերակցությունը  Հայաստանում զգալիորեն շեղված  է  բանականոնից:  Ինչպես նշվում է  օրինագծի հիմնավորման մեջ, 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա):

 

«Հայրս դարդից այնքան էր խմել, որ ծննդյանս վկայականը 10 օր հետո է հանել»…

 

Քննարկմանը մասնակցած բոլոր կին պատգամավորները միակարծիք էին, օրենսդրական  կարևոր նախաձեռնություն է: «Գիտակցելով սեռով պայմանավորված աբորտների խնդրի կարևորությունը բոլոր կին պատգամավորները դեռ 1-2 տարի առաջ համագործակցել են միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ, իրականացրել են  քննարկումներ, լսումներ: Շնորհակալ ենք, որ այսօր այն օրինագծի տեսքով մեր սեղանին է: Պետք է ամեն ինչ անենք, որ այն անթերի աշխատի»,-ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

 

ՀՀկ խմաբակցության պատգամավոր  Մարգարիտ  Եսայանը նկատեց, որ «այնքան էլ լավ օրից չէ», որ նման օրինագիծ մշակելու և ներկայացնելու անհրաժեշտություն է ծագել: 2 աղջիկ և մեկ տղա ունեցող Մ. Եսայանի կարծիքով, տղա երեխաների ծննդյանը նախապատվություն տալն ազգային մենթալիտետի խնդիր է:

 

«Երբ որ ես էի ծնվել, առաջին երեխան էի ու աղջիկ,  հայրս դարդից այնքան էր խմել, որ ծննդյանս վկայականը 10 օր հետո է հանել: Երբ քույրս է ծնվել, էլի՝ աղջիկ, այդ վկայականն ուշացավ եւս 10 օրով »,- անկեղծացավ պատգամավորը:

 

Նա օրենքի ընդունումից հետո կարևորեց վերահսկողության իրականացումը. «Ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե ովքե՞ր են լինելու ստուգողները, ինչպիսի՞ վերահսկողություն է սահմանվելու, որ բժիշկներնը, բուժաշխատողները, տատմերերը չփորձեն խախտել օրենքը»:

 

Նախարար Արմեն  Մուրադյանը նախ վիճակագրությունը ներկայացրեց՝ առաջին երկու երեխաների դեպքում սեռային հարաբերակցությունը պետք է լինի 102-104 տղա 100 աղջկա դեպքում, Հայաստանում՝ 106-108 տղա է: Իսկ երրորդ երեխայի դեպքում այդ հարաբերակցությունը դառնում է մինչև 163 տղա 100 աղջկա դիմաց:  Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում  մինչեւ 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման,  եւ որպես հետեւանք բնակչության թվաքանակի նվազման:

 

«Սա իսկապես մտահոգիչ է: Դա պայմանավորված չէ այն հանգամանքով, որ միայն  մեր երկրում արական սեռի երեխայի ծնունդը գերադասում են, նման միտում կա ողջ աշխարհում, ինչի համար մշակվում են տարբեր մոտեցումներ: Օրինակ, կնոջը տրվող ժամկետը: Կան նաև ավելի ազդեցիկ մեթոդներ, երբ կինը լսում է պտղի սրտի բաբախը: Սրանք որոշ չափով նվազեցնում են»,- ասաց նախարարը:

 

Նա ուրախությամբ արձանագրեց, որ առանց օրենսդրական փոփոխությունների անցած տարի  հասարակական դաշտում կատարած աշխատանքները՝  օրինակ  հայտնի մարդկանց ու նրանց  դուստերերի հետ իրականացրած ֆլեշմոբերը, գերձայնային հետոզոտության սենյակներում աղջիկ երեխաների նկարներ փակցնելը արդեն տվել են դրական արդյունքներ՝ հարաբերակցությունը 163-ից դարձել է 144 տղա 100 աղջկա դիմաց:  Անդրադառնալով վերահսկողությանը, Մուրադյանն ասաց, որ այն  իրականացնելու ռն ԱՆ մոր և մանկան վարչությունը, ինչպես նաև ծննդատների ադմինաստրատիվ պատասխանատուները:

 

«Խորհրդակցություն տրամադրել ոչ միայն կնոջը, այլև նրա ամուսնուն»

 

Հեղինե Բիշարյանը, ով ևս դուստր ունի,  առաջարկում է խստացնել տուգանքը, որպեսզի հղի երիտասարդ կնոջ հետ բուժաշխատողները պատշաճ կերպով աշխատանքներ իրականացնեն: Պատգամավորը համաձայնում է, որ կա տղա երեխայի ծնունդը կարևորելու մենթալիտետ, սակայն համոզված է, որ հղիության արհեստական ընդհատումներն ավելի շատ պայմանավորված են երկրում առկա սոցիալական վատ պայմաններով: Ուստի առաջարկում է, որ այս փոփոխությունների իրականացմանը զուգահեռ  սոցիալական տարբեր պետական ծրագրերով խրախուսել  ծնելիությունը:

 

Ի պատասխան Արմեն Մուրադյանն ասաց, որ այս պահին մշակվում է ժողովրդագրական հայեցակարգ: Տուգանքների չափի ավելացումը նախարարն անհիմն որակեց՝ «հաշվի առնելով հոգատար ու ծայրահեղ ուշադիր բուժաշխատողների մոտեցումները»:

 

Բիշարյանն արձագանքեց, որ նպատակ չուներ քննադատել բուժաշխատողներին, ապա առաջարկեց խորհրդակցություն տրամադրել ոչ միայն կնոջը, այլև նրա ամուսնուն, քանի որ հիմնականում նրանք են սեռի պատճառով հղիության ընդհատման քայլին դրդողները: Նախարար Մուրադյանն հավասատիացրեց, որ բժիշկների մասնակցությամբ քննարկումներին մասնացելու են նաև տղամարդիկ:

 

«Հղիության ընդհատումը կնոջ իրավունքն է»

 

Նախարարն անդրադարձավ նաեւ  այն առաջարկություններին, թե պետք է օրենքով ընդհանրապես արգելել հղիության  արհեստական ընդհատումները, ընգծեց.

«Հղիության ընդհատումը կնոջ իրավունքն է, ամբողջ աշխարհում ընդունված իրավունք է, կարծում եմ,՝ այս հարցը պետք է դուրս լինի քննարկումից:  Առհասարակ հղիության ընդհատումներն արգելելը հղի է վատ հետևանքներով, օրինակ կտրուկ կմեծանա մայրական մահացության ցուցանիշը: Այս  ճանապարհով ևս աշխարհն անցել է: Յուրաքանչյուր կին իրավունք ունի հղիության մինչև 12 շաբաթական  ընթացքում այն ընդհատել, 12-22 շաբաթականում դա լինում է բժշկական ու սոցիալական ցուցումներով»,-ասաց նա:

 

Կառավարության ներկայացուցիչը մանրամասնեց նաև, թե որոնք կարող են լինել այդ ցուցումները. «Սոցիալական հանգամանքներից են կնոջ ամուսնու մահը, կնոջ կալանքում գտնվելը, հղիությունը բռնաբարության հետևանք է և այլն: Բժշկական ցուցումները վերաբերում են պտղի արատ ունենալուն, հետագա առողջությանը, մոր կյանքին վտանգ սպառնալուն: Միայն այս հանգամանքների առկայության պարագայում հղիության 12-22 շաբաթական ընթացքում թույլատրվում է արհեստական ընդհատում: 22 շաբաթականից հետո արդեն գործ ունենք ծննդալուծման հետ: Ի դեպ, պտղի սեռը ներկայիս տեխնոլոգիաներով հնարավոր է 12 շաբաթականում»:

 

Նախարարը համոզված է, որ կնոջը՝ 3 օր որոշում կայացնելու համար ժամանակ տալը նվազեցնելու է հղիության ընդհատումների թիվն առհասարակ: Նրա խոսքով,  հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումներն օրենքով արգելելը խոսում է երկրի քաղաքակրթության մասին: «Մեր երկիրը հայտարարում է, որ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներ այստեղ չեն իրականացվելու»,-ասաց նա:

 

«Հասարակության մեջ պետք է  փոխվի կնոջ դերի նկատմամբ  վերաբերմունքը»

 

Ռուզան Մուրադյանը, ով երկու  դուստրերի մայր է, ընդգծեց, որ հասարակության մեջ պետք է  փոխվի կանանց դերակատարման նկատմամբ  եղած մոտեցումները:

«Եվ դրան պետք է նպատի ԱԺ-ում ընդունվող Ընտրական օրենսգիքրը, որը հնարավորություն է ստեղծում  կանանց ներկայացվածությունն աստիճանաբար բարձրացնելու համր:  Ընտանիքներում էլ պետք է տարբեր ծրագրերի միջոցով բացատրել , որ աղջիկ երեխան պակաս արժեք չունի, նա էլ կարող է հասնել նույն հաջողություններին, ինչ տղամարդիկ»,- ասաց Ռ. Մուրադյանը՝ համոզմումք հայտնելով, որ  ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունման  դեպքում հայ իրականության մեջ  շատ բան է փոխվելու:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Երբ կինը չէ որոշողը…

Առաջին դասարաններում աղջիկները գնալով քչանում են/ տեսանյութ

«Իմ և ամուսնուս համար երեխայի սեռը կարևոր չէ, կարևորն առողջ փոքրիկ ունենալն է»…

Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը

«Պետք է պտղի սեռով պայմանավորված աբորտների պատճառների դեմ պայքարել, ոչ թե հետևանքների». իրավապաշտպանների կարծիքներ

Որքանո՞վ առաջարկվող օրինագիծը կնպաստի պտղի սեռով պայմանավորված աբորտների վերացմանը. բժիշկների կարծիքներ

Օրինագծով պտղի սեռը հայտնելն արգելված չէ. պաշտոնական պարզաբանում

Գոհարին դիտմամբ ծանր աշխատանքների էին «լծում», որ վիժի, ինչ է թե աղջիկ է…

Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը

Ի՞նչ ռիսկեր է պարունակում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները արգելող օրինագիծը. քննարկում են մասնագետները

Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ և դեմ

Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

«Իսկ դու ունե՞ս աղջիկ».

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»

Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

«Հայաստանի չծնված աղջիկները…»

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Դիտումների քանակը` 3727

Գլխավոր էջ