Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

Ցեղասպանությունների, պատերազմների ու կոտորածների պատմությունը լի է զանգվածային սեռական  բռնությամբ ուղեկցվող էթնիկ զտումների վերաբերյալ  փաստերով, թեև մինչ 1990-ական թվականները նմանատիպ բռնությունները հանրության  կողմից  չեն  ընկալվել որպես հետապնդելի  պատերազմական  հանցագործություն: Իսկ  սեռական  բռնությունների  անպատժելիությունը սոսկ կրկնապատկել է դրանց քանակը: Եվ  միայն Հարավսլավիայում /1991-1994թթ/ և Ռուանդայում /1994թ./ տեղի ունեցած բռնություններից  հետո միջազգային հանրությունը  սկսեց դիտարկել զանգվածաբար  և  պարբերաբար իրականացվող  բռնաբարությունները  որպես  ցեղասպանության  իրականացման  միջոցներից  մեկը, որպես  մշակված քաղաքականություն և պարզապես հանցագործություն  մարդկության  դեմ:

 

 

Նորագույն պատմությունը լի է  նման եղանակով ցեղասպանություն իրականացնելու փաստերով: ՄԱԿ-իտվյալներով,  1994-ին Ռուանդայում  երեք ամսվա ընթացքում բռնաբարվել էր մինչեւ  250 հազար կին:  Սիերա-Լեոնեյում քաղաքացիական պատերազմի (1991–2002) ժամանակ բռնաբարվել են  60 հազար կին,  Լիբերիայում (1989–2003) ՝ 40 հազար, նախկին Հարավսլավիայում (1992–1995)՝ 60 հազար,  Կոնգոյում՝ 1998-ից սկսած  բռնաբարված կանանց թիվը  200 հազարից ավել է ….

 

 

Թեև ՄԱԿ-ի  ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը  կանխելու  և պատժելու  մասին» Կոնվենցիայի /1948 թ. դեկտեմբերի 9/  համաձայն «էթնիկ խմբի անդամներին  լուրջ  մարմնական  կամ  մտավոր  վնաս  հասցնելը»  համարվում էր  ցեղասպանության  դրսևորում, այնուհանդերձ նույն Կոնվենցիայով  սեռական  բռնությունը   սահմանված  չէր  որպես  ցեղասպանական  հանցագործություն: Եվ  միայն 2008 –ին  Միջազգային  քրեական  դատարանի դատախազ  Լուիս Մորենո-Օկամպոնի որոշմամբ՝   Սուդանի  նախագահ  Օմար ալ –Բաշիրին ներկայացված մեղադրական հայտում զանգվածային  բռնաբարությունը որակվեց   ցեղասպանություն:  Դրան  հաջորդեց  2008թ. հունիսի  19-ին ՄԱԿ-ի Անվտանգության  խորհրդի 1820-րդ  բանաձևի  ընդունումը, որով ռազմական  բախումների  և ցեղասպանությունների  ժամանակ  իրականացվող  բռնաբարությունները  և սեռական այլ  բռնությունները համարվեցին  պատերազմական հանցագործություն,  հանցագործություն  մարդկության  դեմ կամ  ցեղասպանության  իրականացման բաղկացուցիչ  գործողություն:

 

Միջազգային իրավունքը լռում էր, երբ 20-րդ դարի սկզբին  Օսմանյան  Թուրքիան աշխարհի աչքի առջև սրի էր քաշել  մի ողջ ժողովրդի, երբ աքսորի  ճանապահին հայ  կանանց ու աղջիկների  հանդեպ  իրականացվում էին զանգվածային   բռնաբարություններ: Արդյո ՞ք  սեռական  բռնության  նպատակը սոսկ անասնական  բնազդն էր, իհարկե` ոչ: Երիտասարդ  աղջիկների ու կանանց հանդեպ զանգվածային  բռնությունները ցեղասպանություն  իրականացնելու գործիք էին գերագույն նպատակին հասնելու համար` կասեցնելու տվյալ ազգի սերունդների  վերարտադրությունը:

 

Ականատեսների  վկայությամբ բազմաթիվ կանայք ճանապարհին առևանգվում էին օսմանյան բանակի զինվորների, քրդական ավազակախմբերի կողմից. մահվան էր դատապարտված նա, ով կփորձեր դիմադրել նրանց: Տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ մահացան անապատների ճանապարհներին, մինչդեռ ուրիշները, խուսափելու համար անարգանքից և բռնությունից, զանգվածաբար ինքնասպան էին  լինում: Եղել են  անգամ  կանանց մասսայական  խելագարության  դեպքեր, որոնց  մասին  400-ից ավելի  վկայություններ  կան: Արժեքավոր վկայություններից  է ցեղասպանության ժամանակ ողջ ընտանիքը կորցրած 16-ամյա  մի  հայ  աղջկա` Արշալույս Մարտիկանյանի  հուշերը, որոնք ամփոփվել են 1918 թ-ին ԱՄՆ-ում  հրատարակված «Բռնաբարված Հայաստան. Մի քրիստոնյա աղջկա`Ավրորա Մարտիկանյանի պատմությունը, որը  վերապրեց  եղեռնը» գրքի էջերում: 1919 թ. ԱՄՆ-ում այդ  գրքի  հիման  վրա նկարահանվեց  80 րոպե տևողությամբ ֆիլմ, որից այսօր դժբախտաբար  պահպանվել են միայն 20 րոպեանոց  կադրեր: Մեկ այլ  վկայություն փաստում է, որ հայ  կինն իր 15-ամյա գեղատեսիլ դստերը 11 հայ  մանկահասակ /5-8 տարեկան/  երեխաների փրկագնի դիմաց վաճառել է  մի քրդի,  համոզված, որ աղջիկն անշուշտ կապրի ու  չի  մոռանա իր ազգությունը, սակայն  մանկահասակ երեխաները կձուլվեին օտարին ու կմնային արյան  կանչին  անհաղորդ:

 

Հարազատների և սեփական կյանքը փրկելու համար շատ հայ կանայք իրենց կամքին հակառակ մահմեդականություն էին ընդունում: Նրանք ամուսնանում էին մուսուլման տղամարդկանց հետ, և համաձայն տեղի ցեղային ավանդույթների ստանում էին հատուկ դաջվածքներ: Այս նոր նշանները ներկայացնում էին կանանց նոր պատկանելիությունը, և նշում էին նրանց կյանքում կատարված փոփոխությունը: Բռնաբարված ու դաճված հայ  կանանցից շատերը  չէին  համակերպվում  իրենց  նոր կարգավիճակին: Նրացից շատերը  վաճառվում էին ստրկության,  ոմանք համալրում  էին  Հալեպի հասարակաց  տները,  ոմանց  կնության էին առնում  արաբները, իսկ  նրանք, ում  հաջողվում էր վերադառնալ   հարազատ միջավայր, գերադասում էին ապրել սպիներով  պատված մարմնով ու դեմքով,  միայն  թե ազատվեն խարազանի  նման դրանց  վրա արված  դաջվածքներից:

 

Սակայն եղել են  նաև հայ  տղամարդու և դաջված հայ  կնոջ ամուսնության  դեպքեր, որոնք ընդունվում էին Հայ Առաքելական եկեղեցու  կողմից, քանի որ  հայկական  գենոֆոնդը  փրկելու լավագույն  միջոցն էին:  Զեյթունցի Փառնակ Շիշիկյանը կնության առնելով դաճվածքով ու  հարեմից ազատագրված հայ  կնոջ, իր 10  երեխաների և շուրջ 800 փրկագնված հայ երեխաների  հետ հայրենդարձվում է Հայաստան: Փ.Շիշիկյանը Արմավիրի մարզում հիմնում է Մայմանդար /ներկայիս Հովտաշեն/ գյուղը, որն այսօր հանրապետության  բերքառատ գյուղերից է: Այսօր գյուղում լեգենդ  դարձած Փառնակի  տանն ապրում են նրա թոռները, ովքեր իրենց  պապի տունը վերածել են թանգարանի, տուն, որի  պատերի մեջ ամփոփված են դարի  մեծագույն ոճրի ականտեսի հուշերը…

 

Անուշ Ներսիսյան

 

 

Հ.Գ.Այս հոդվածի պատրաստման համար օգտագործվել են  ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների կողմից  տրամադրած նյութերը,  ինչի համար էլ  հայտնում ենք մեր երախտագիտությունը:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

 

 

«1915 թվականի կնոջ դեմքը»

 

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

 

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

 

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

 

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

 

Լեսկոն նրա անունը չէր…

 

 

Դիտումների քանակը` 6003

Գլխավոր էջ