Սեպտեմբերին հերթական ընտրություններ կանցնեն 17 համայնքներում
Սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի 17 համայնքներում։
Գյուղերից 11-ում քաղաքացիները կընտրեն միայն համայնքապետ, 5-ում՝ միայն ավագանու անդամներ, իսկ մեկում՝ և´ ավագանու անդամներ, և´ համայնքի ղեկավար։
Որպես թեկնածու ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքացիները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն օգոստոսի 25-30-ը։ Թեկնածուների գրանցումը կատարվում է օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 18։00-ը։
Համայնքի զարգացման վերաբերյալ իրենց ծրագրերն ու խոստումները թեկնածուները կարող են ներկայացնել ընտրողներին սեպտեմբերի 11-ից սկսած։ Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար նրանք 16 օր ունեն։ Քվեարկության նախորդող օրը՝ սեպտեմբերի 28-ին լռության օր է:
Մինչ կմեկնարկի թեկնածուների առաջադրումն ու գրանցումը, WomenNet.am-ը փորձեց պարզել, թե ինչպես են ներկայացված կանայք այդ համայնքներում։ Պատկերը բավականին տխրեցնող է։ 12 համայնքներից որևէ մեկի ղեկավարը կին չէ։ Ինչ վերաբերում է ավագանիներին, ապա 6 համայքնքներից հինգի ավագանիներում կանայք ներկայացված չեն՝
Արագածոտն, Շղարշիկ (ավագանու 5 անդամ, 5-ն էլ տղամարդ)
Գեղարքունիք, Դդմաշեն (ավագանու 6 անդամ, 6-ն էլ տղամարդ),
Լոռի, Չկալով (ավագանու 5 անդամ, 5-ն էլ տղամարդ)
Տավուշ, Սարիգյուղ (ավագանու 5 անդամ, 5-ն էլ տղամարդ)
Տավուշ, Խաշթառակ (ավագանու 7 անդամ, 7-ն էլ տղամարդ)։
Միայն Շիրակի մարզի Անուշավան գյուղի ավագանիում են կանայք ներկայացված։ ամայնքի գործող ավագանին ունի 7 անդամ, երկուսը կանայք են՝ Մանե Բայադյանն ու Ռոզա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, այս տարվա ընթացքում երեք օր էր առանձնացվել հերթական ՏԻՄ ընտրությունների քվեարկության անցկացման համար՝ ձմռանը՝ փետրվարի 17-ին, ամռանը՝ հունիսի 9-ին և աշնանը՝ սեպտեմբերի 29-ին։
Լ.Զ.
Դիտումների քանակը` 1895