Սեդա Ճաղարյան. «Կոոպերատիվն օգնեց մեզ ոտքի կանգնել ու համատեղ ուժերով առողջ բերք ստեղծել»
Տավուշի մարզի Գետահովտի բնակչուհի Սեդա Ճաղարյանը իրենց համայնքում Օքսֆամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահն է: Երկար տարիներ Սեդան աշխատել է Իջևանի զինվորական դատախազությունում, սակայն հաստատության վերակազմակերպման հետևանքով թողել է աշխատանքը: Նրա համար միայն տնամերձով զբաղվելը քիչ էր, ուստի սիրով համաձայնեց Օքսֆամի առաջարկին՝ իրենց համայնքում գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվ ստեղծելու: Դեռ ավելին, երբ շատերը թերահավատ էին նախաձեռնության հանդեպ, Սեդան կոոպերատիվի համար առաջարկեց սեփական հողատարածքը և 2015-ի փետրվարին համայնքում սկսեց գործել անհրաժեշտ սարքավորումներով հագեցած 400 քմ մակերեսով «Գետահովիտ գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվը, որը սկսել և շարունակում է իր գործունեությունը 11 անդամներով: Նրանք հիմնականում համայնքի այն բնակիչներն են, ովքեր զբաղվում են այգեգործությամբ, միրգ-բանջարեղենի արտադրությամբ: Ասում է՝ կոոպերատիվն օգնեց մեզ ոտքի կանգնել ու համատեղ ուժերով առողջ բերք ստեղծել:
Ջերմոցային տնտեսության արտադրանքի տեսականին՝ լոլիկը, վարունգը, պղպեղը, ծիծակը, կանաչեղենը, մեծ պահանջարկ ունեն: Այս տարի կոոպերատիվի անդամները որոշել են նաև լոբի աճեցնել:
«Մեր աճեցրած գյուղմթերքի բերքատվությունից գոհ ենք, հատկապես, համայնքում և Իջևանի խանութներում լավ է սպառվում: Հետո ուսումնասիրում ենք շուկան, թե որ տեսակի մթերքների պահանջարկն է մեծ: Օրինակ՝ ոմանք մանր սորտի վարունգ են աճեցնում, ուրեմն պահանջարկ կա: Ավելին, եթե բերքը լավ լինի, մենք կարող են թթու դնել դրանք և վաճառել պահածոյացված»,- պատմում է Սեդան:
Կոլեկտիվի մասին Սեդան սիրով է խոսում: Աշխատում է երկու հարսների և ամուսնու հետ, ընդգրկված են նաև հարևաններ: Սեդան զբաղվում է վաճառքի և մարքեթինգի հարցերով, քանի որ իր տնտեսության արտադրանքի վաճառքից արդեն առևտրի որոշակի փորձ ունի: Հաճախորդների հետ կարողանում է լեզու գտնել, իսկ դա կարևոր պայման է իրացման գործում: Ոչ ոք աշխատանքից չի խուսափում, յուրաքանչյուրն իր գործի գիտակն է, քանի որ կիրառում է վերապատրաստումների ընթացքում հողագործության առավել արդյունավետ մեթոդների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները:
Խնդիրներից խոսելիս նշում է, որ Գետահովտի ջերմոցային տնտեսությունում ջեռուցման համակարգ չկա: Ու թեպետ այս տարվա մեղմ ձմեռը հնարավորություն ընձեռեց ջերմոցներում առանց ջեռուցման մշակաբույսեր աճեցնելու, նախորդ տարի բավականին սածիլներ ցրտահարվել էին: Սեդայի փոխանցմամբ՝ հսկա տարածքը վառարանով տաքացնել հնարավոր չէ, ուստի ջեռուցման խնդիրն առաջնահերթ է: Մեկ այլ խնդիր էլ կա՝ գյուղտեխնիկայի բացակայությունը: «Հիմնականում նեղվում ենք հողը փորելու ժամանակ, այս աշխատանքը կանայք են անում, եթե վար անելու փոքր մեքենա լիներ, աշխատանքը կհեշտանար»,- ասում է Սեդան:
Սեդայի խոսքով՝ այսօր աջակցություն են ստանում նաև Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթայի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում, որի շնորհիվ նույնպես շատ բան են սովորել, փորձ են ձեռք բերել ու հուսով են, որ կկարողանան ծրագրի ավարտից հետո կանոնավոր շարունակել գործունեությունը:
«Այսօր մենք սերտ կապված ենք Գոշ, Խաշթառակ, Հովք համայնքների կոոպերատիվների հետ, եթե մի բան չենք իմանում, հարցնում ենք մեկմեկու, խորհուրդ տալիս, խորհուրդ ստանում: Ուզում ենք ավելին ստանալ, քանի որ մեր բնամթերքից բաժին ենք հանում նաև համայնքի դպրոցին, մանկապարտեզին ու նաև անապահով ընտանիքներին»,- ասում է Սեդան:
Սեդա Ճաղարյանն արժանացել է «Գյուղմթերքի կին հերոս 2018» կոչմանը «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացմամբ:
Դիտումների քանակը` 2028