Սահմանվել է դատապարտյալ կանանց երեխայի խնամքի համար հարկավոր պարագաների ցանկը

Կառավարության հոկտեմբերի 15-ի  նիստում հավանության արժանացավ ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծը:

 

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նիստում հայտարարեց, նպատակը սկզբունքային մի քանի հարցերի կարգավորումն է։ «Կարգավորում ենք ոչ միայն հիվանդ, այլ նաև հղի, կերակրող մայր, անչափահաս դատապարտյալներին հատկացվող սննդի չափաբաժինները»,- ասաց նախարարը:

 

Կառավարության պաշտոնական էջում տեղադրված նախագծում ասվում է, որ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավոր կանայք  պահովվում են մանկական սնունդով և նրանց երեխայի խնամքի համար տրամադրվում է հագուստ, կոշկեղեն ու փափուկ գույք:  Որոշման 79-րդ կետի երկրորդ պարբերությունը նախատեսում է, որ հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերում կամ կացարաններում տեղադրվում են միահարկ մահճակալներ, յուրաքանչյուր երեխայի տրվում է մանկական մահճակալ, իսկ խցերը կամ կացարաններն ապահովվում են տաք ջրով:

 

Նախագծի ընդունման անհրաժեշտության, հայաստանյան ՔԿՀ-ներում պահվող հղի և մինչև երեք տարեկան երեխա ունեցող կանանց  թվի վերաբերյալ WomenNet.am-ը մի շարք հարցեր է ուղղել արդարադատության նախարարությանը:

 

  1. 1.    Ինչո՞վ են պայմանավորված նման փոփոխությունները:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի, հանդերձաքի և դրանց շահագործման ժամկետների հետ կապված փոփոխություն չի կատարվել:

Որոշմամբ հստակեցվել են քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող  կամ մասնակի կարգավորվող հարաբերությունները: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները սահմանվում էին ՀՀ կառավարության 10.04.2003 թվականի թիվ 413-Ն որոշմամբ: Նշված որոշումն ընդունվել էր մինչև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ընդունումը և էական փոփոխության մինչ օրս չի ենթարկվել, ուստի անհրաժեշտություն էր առաջացել սահմանել որոշ դրույթներ:

Այսպես՝

  1. 2003 թվականի ապրիլի 10 N 413-Ն որոշմամբ սահմանվում են միայն հիվանդներին տրվող հավելյալ սննդի չափաբաժինները, մինչդեռ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ հավելյալ սննդով ապահովվում են ոչ միայն հիվանդ, այլ նաև հղի, կերակրող մայր կամ անչափահաս դատապարտյալները, այդ իսկ պատճառով նոր որոշմամբ նախատեսվել են ինչպես հիվանդ, այնպես էլ հղի, կերակրող մայր կամ անչափահաս դտարապարտյալներին տրվող սննդի հավելյալ չափաբաժինները:
  2. 2003 թվականի ապրիլի 10 N 413-Ն որոշմամբ սահմանված չէին չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվող սննդի չափաբաժինները, այդիսկ պատճառով Այս որոշմամբ նախատեսված են չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձին կամ դատապարտյալին տրամադրվող սննդի չափաբաժինները:
  3. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 82-րդ հոդվածը թույլատրում է դատապարտյալին  քրեակատարողական հիմնարկում բնակվել  իր՝ մինչև երեք տարեկան երեխայի հետ, սակայն մինչև վերջերս Կառավարության որոշմամբ սահմանված չէին երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաների ցանկը և չափաքանակը: Այդ իսկ  պատճառով նոր որոշմամբ հստակորեն սահմանված են երեխայի խնամքի համար  հարկավոր պարագաների ցանկը, բացի դրանից ամրագրված է, որ իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձինք ապահովվում են մանկական սնունդով, և նրանց երեխայի խնամքի համար տրամադրվում է հագուստ, կոշկեղեն ու փափուկ գույք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի թիվ 815-Ն որոշմամբ սահմանված չափաբաժիններով և ժամկետներով:

 

  1. 2.    ՔԿՀ-ներում պահվող քանի՞ հղի կին կա:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հղի կին չկա:

 

  1. 3.    Մինչև երեք տարեկան երեխա ունեցող քանի՞ կին է պահվում ՔԿՀ-ներում:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկայում պահվում է 39 կին կալանավոր, 131 կին դատապարտյալ, որոնցից միայն մեկն իր խնամքի տակ ունի մինչև երեք տարեկան երեխա:

 

 Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4364

Գլխավոր էջ