Սահմանամերձ գյուղի հոգսը նաև Երևանինն է/ լրացված

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ  Բախշյանը հանդես է եկել առաջարկով.

 

 «Մեկ տարի առաջ դիմել եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկելով էրեբունի-Երևան տոնակատարության առթիվ, որպես նվեր, ծախսերի մի մասն ամեն տարի ուղղել սահմանամերձ մի գյուղի որևէ խնդիր լուծելու նպատակով: Անցյալ տարի առաջարկս չի ընդունվել, համարձակվում եմ այս տարի կրկնել այն ու ասել, որ սահմանամերձ գյուղերի մեր ժողովուրդը պարզապես նախանձով է նայում, թե ինչպես Երևանում մեզ թույլ ենք տալիս նման ահռելի ծախսեր, երբ կան գյուղեր, որոնք ունեն, օրինակ ջրի, դպրոցի կամ մանկապարտեզի խնդիր: Որքան լավ կլիներ, եթե Երևանի այս տարվա հերթական տարեդարձի առթիվ որևէ գյուղի մի խնդիր լուծեինք,այդ գյուղի ժողովուդը որքան ուրախ կլիներ ու կզգար, որ ինքը գտնվում է նաև Երևանի իշխանության ուշադրության կենտրոնում: Կան երիտասարդներ, ովքեր սահմանամերձ գյուղերի հոգսերով մտահոգված, իրենց պարտքն են համարում սատարել նրանց, բայց նրանց ուժերն անհամատեղելի են մայրաքաղաքի հնարավորությունների հետ: Կարծում եմ երևանցիներս նույնպես մեզ լավ կզգայինք: Այն շռայլությունը, որը թույլ ենք տալիս Երևանում, չափազանց խտրական մոտեցում է, կարծում եմ անհամատեղելի մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների աղքատ իրականության հետ, անարդար է ու անհասկանալի նաև երևանցիներիս համար: Հարգելի պարոն Մարգարյան, խնդրում եմ քննարկել երևանցիներիս առաջարկն ու այս տարի էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված ծախսերի մի մասի հաշվին իրականացնել որևէ ծրագիր սահմանամերձ գյուղերից մեկում», — ասված է Անահիտ Բախշյանի կողմից տարածված նամակում:

 

Այս առաջարկին հաջորդեց   change.org կայքում մի խումբ երիտասարդների կողմից սկսված  ստորագրահավաքը. «Երևանի օրվա տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ բնակավայրերից մեկին»։

 

«Հարգելի ընկերներ, եկեք մեզ համար նախատեսվող տոնակատարությունը դարձնենք բարի գործ, վստահ եմ մեզանից յուրաքանչյուրի համար ավելի մեծ ուրախություն չի կարող լինել, քան մեր սահմաններն օր ու գիշեր զինվորին հավասար պահող հայրենակիցներին օգտակար լինելը»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։

 

Հ.Գ.  Այս առաջարկն ավելի քան արդիական է սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակի մասին վերջին  լուրերի համատեքստում

…Այսօր երեկոյան ադրբեջանական ռմբակոծությունից Նոյեմբերյանի Բերդավան գյուղում, իրենց տան մեջ զոհվել են գյուղի 40-ամյա բնակիչ Սոնա  Ռեւազյանը եւ 90-ամյա Շուշան Ասատրյանը: Բերդի տարածաշրջանի Պառավաքարում զոhվել է 82-ամյա Պայծառ Աղաջանյանը: Բերդավանի ռմբակոծությունից վնասվել է նոր նորոգված մշակույթի տունը, գյուղի առանձնատներ: 4 արկ ընկել է  Նոյեմբերյան քաղաքում, այդտեղից տարհանվել են մանկահասակ երեխաները, – այս մասինէ հաղորդում Տավուշի մարզից «Առավոտի» թղթակիցը…

 

 

Դիտումների քանակը` 3250

Գլխավոր էջ