Ռուզաննա Տոռոզյան. « Կարևոր է նախ ուժեղացնել կանանց դիրքերը տնտեսական ոլորտում»…

Երբ  2008-ին ԵԱՀԿ աջակցությամբ Սյունիքի մարզի երեք քաղաքներում` Գորիսում, Կապանում և Մեղրիում  ստեղծվեցին Կանանց ռեսուրս կենտրոնները, դժվար էր պատկերացնել, որ նրանք կկարողանան այդքան հաջողակ դառնալ ինչպես այսօր:   Նպատակը բավականին լայն էր դրված՝  բարձրացնել  կանանց  դերը քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքում:  «Մեզ համար շատ դժվար է եղել կանանց մեջ հույս ու իրենց ուժերի նկատմամբ հավատ արթնացնել, որովհետև  մարզը, տարածաշրջանը կարծրատիպերով լի  է, բացի այդ Երևանից բավականին հեռու է, և մենք իսկապես խնդիր ունեինք ճանաչելի դառնալու համար: Բայց այսօր կարող եմ ասել, որ հասանք դրան»,- ասում է մեզ հետ զրույցում Գորիսի ավագանու միակ կին անդամը և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն  Ռուզաննա Տոռոզյանը:

 

 

– «Ռեսուրս կենտրոնի» կայացման համար շրջադարձային էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  աջակցությամբ  2009-ին կատարած մեր այցը Շվեդիա, որտեղից էլ  բավականին հետաքրքիր փորձ կարողացանք ձեռք բերել և վստահություն, որ այն մեծամասամբ հնարավոր է տեղայնացնել  և կիրառել մեր մարզում:  Ծանոթանալով այնտեղ նմանատիպ  կանանց կենտրոնների գործունեությանը  մենք հասկացանք, որ շատ կարևոր է նախ փորձել ուժեղացնել կանանց դիրքերը տնտեսական ոլորտում, որպեսզի այն  համապատասխան կայուն հիմքեր ստեղծի  հետագայում  համայնքային կյանքում ակտիվություն ցուցաբերելու  համար:

 

Մեզ համար, որպես սկսնակ կազմակերպություն իսկապես շատ բարդ էր սերմանել կանանց մեջ սեփական բիզնեսի գաղափարը և որ այն հիմք է հանդիսանում տնտեսական զարգացման համար: Շատ խորհելուց հետո որոշեցինք հենվել ավանդական ձեռքի աշխատանքների վրա, որը յուրահատուկ է մեր տարածաշրջանի համար: Փոքր ցուցահանդես-վաջառքներ էինք կազմակերպում, որպեսզի կանայք ոչ միայն ստեղծագործեն և կիսվեն իրենց աշխատանքով, այլև գումար վաստակեն: Ժամանակի ընթացքում Սյունիքի կանանց ձեռքի աշխատանքները գրավեցին Նորվեգիայի կոնսուլի՝ Թիմ Սթրեյթի ուշադրությունը: Նա մեզ աջակցեց`սպառման շուկաներ գտնելու հարցում: Հաղթահարելով սպառման շուկայի խնդիրը մեր ձեռագործ աշխատանքների համար՝ մենք կարողացանք  ավելի շատ կանանց ներգրավել ոչ միայն Գորիսից, այլև ամբողջ մարզից, և այսօր ես ուրախ եմ նշել, որ տեղի ձեռագործ աշխատանքների պատրաստումը մեր ամենահաջողված ծրագրերից մեկն է:

 

Մեր աշխատանքներում այժմ ներգրավված են 82 սոցիալապես անապահով կանայք, որոնց հետ բավականին երկար ժամանակ աշխատում ենք ուղղությամբ: Հայաստանի այլ մարզերի նման կանանց զբաղվածության խնդիրը մեր մարզում բավական լուրջ է: Գործազուրկների 67 տոկոսը կանայք են և մեր նախաձեռնությունը այսօր շատ ու շատ կանանց թույլ է տալիս աջակցել իրենց ընտանիքներին: Շատ հաջողված պատմություններ գիտենք, երբ կանայք, որոնք ամբողջ կյանքում չեն աշխատել, չունեն կրթություն և այլ հնարավորություններ, սկսում են ներգրավել մեր  ձեռագործության հետ կապված աշխատանքներին և արդյունքում բարելավում են իրենց կյանքը. կարողանում են, օրինակ, առաջին անգամ գնել իրենց երեխաների դասագրքերը: Բնականաբար, եկամուտ ապահովելով իրենց ընտանիքների համար՝ կանանց ինքնագնահատականը բարձրացավ:

 

Այլ կերպ ասած, կարելի է ասել, որ «Ռեսուրս կենտրոն»-ը  փորձում է տնտեսապես  անկախ դարձնել կանանց:

 

– Այո, բայց ոչ միայն: Օրինակ, Հալիձոր համայնքում մենք ստեղծեցինք ձեռքի աշխատանքների խումբ: Այդ խմբի մեջ ներգրավված էին համայնքի ամենաակտիվ կանայք: Խմբի հետ աշխատեցինք և ներգրավեցինք կանանց քաղաքական հզորացման մեր ծրագրերի մեջ, որից հետո չորս կին այս խմբից որոշեց առաջադրվել որպես թեկնածու ավագանու համար տեղական ընտրություններում:

 

Թեև ոչ միայն կանանց ռեսուրս կենտրոնների վաստակն է, Սյունիքում ակնհայտ են դրական զարգացումները քաղաքական ոլորտում կանանց ներգրավվածության ուղղությամբ: Այն փաստը, որ Սյունիքը որքանով էլ ավանդապահ ու կարծրատիպերով աչքի ընկնող մարզ է, այդուհանդերձ ՏԻՄ-երում կանանց մասնակցությամբ այլ մարզերի համեմատ օրինակելի է, վկայում է մեր հաջողությունների մասին:

 

Կարծես երեկ էր, որ մենք Սյունիքով հպարտանալու առիթ չունեինք, քանի որ մարզը  ՏԻՄ-երում կանանց  մասնակցության ամենացածր ցուցանիշն ուներ: Եվ այստեղ է, որ ուզում եմ կարևորել կանանց ռեսուրս կենտրոնների դերը: Մենք աշխատել ենք ոչ միայն քաղաքներում, այլև գյուղական համայնքներում` կազմակերպելով առաջնորդության դասընթացներ, խրախուսելով  նոր մեխանիզմների  կիրառումը և շատ այլ աշխատանքներ կազմակերպել: Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես են կանայք ինքնավստահություն ձեռք բերել մեր աշխատանքների շնորհիվ ու դարձել ավելի ակտիվ իրենց համայնքներում թե որպես առաջնորդ, թե որպես քաղաքական գործիչ:

 

Մեր ամենամեծ հաջողություններից է եղել 2012-ի  ՏԻՄ ընտրությունները, երբ ԵԱՀԿ և Նիդեռլանդների դեսպանատան աջակցությամբ աշխատանք էինք տանում կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում բարձրացնելու ուղղությամբ:  Ես ինքս իմ օրինակով գիտեի, թե որքան դժվար է կնոջ համար մուտք գործել  տեղական իշխանության մեջ: 2003 թ-ին ես առաջադրեցի թեկնածությունս ավագանու անդամության համար (այն ժամանակ միակ կինն էի մարզում) և ես ոչ մի աջակցություն չունեի ու առավել ևս համայնքի կանանցից: Նույնիսկ իմ ընկերների որոշ մասը թերահավատորեն էին մոտենում ինձ և կասկածում էին,  որ կարող եմ մի բան փոխել համայնքում: Ես իսկապես չհասկացա, թե ինչպես հավաքեցի բավարար քվե: Սակայն պատկերն այլ էր 2012-ին: Մարդիկ արդեն ծանոթ էին ռեսուրս կենտրոնների աշխատանքներին ու հասկանում որ կանայք ունեն մեծ ներուժ: Այսօր մարզում առաջադրված 36 կանանցից 28-ը ընտրվեցին:

 

 

– Այնուամենայնիվ, Սյունիքի  քաղաքներում  կանանց ներկայացվածությունն ավագանիներում սահմանափակվում է մեկ կին անդամով, նույն  Գորիսում միայն Դուք եք: Ստացվում է, որ գյուղական համայնքներում կանայք ավելի ակտիվ են, թե՞ խնդիրն  այլ է:

 

– Խնդիրը նրանում է, որ ինչքան բարձրանում ենք, այնքան մրցունակությունն է ավելանում ու ընտրությունների խաղադրույքներն են բարձրանում: Կանանց համար չափազանց դժվարանում  է ընտրապայքարը:

 

 

Նկատի ունեք ֆինանսակա՞ն  հնարավորությունները…

 

– Ֆինանսական ռեսուրսները միայն մի մասն են, սակայն ավելի կարևոր է գիտակցել, որ ընտրական գործընթացների մեծ մասում և շատ կարևոր քաղաքական քննարկումներում առկա է տղամարդկանց մենաշնորհը Հայաստանում՝ ամբողջ պետության մակարդակով: Հենց դրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ կանայք քիչ են պայքարում նաև պատգամավորության համար:

 

 

Ընդհանուր կարծիքն այն է, որ կանանց ներգրավվածության ավելացումը քաղաքական գործընթացներում արհեստական բնույթ է կրում, իրականում կանայք ոչինչ էլ չեն լուծումորոշումները կայացնում են տղամարդիկ:

 

– Ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ և մեր օրինակը հակառակն է ապացուցում: 2003 թ-ին, երբ ընտրվեցի Գորիսի ավագանու անդամ, ես համոզվեցի, որ այն հարցերը, որոնք կանանց համար կարևոր են ու կինը դրանք առաջնային է համարում, տղամարդկանց համար կարևոր չեն: Կանայք սոցիալական հարցերին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, ընտանիքի մայր լինելով` շատ հարցերին այլ կերպ են մոտենում: Ավագանիում իմ առաջին երեք տարիների ընթացքում բարձրացրել եմ այնպիսի խնդիրներ, որոնք ողջունել են թե կանայք և թե տղամարդիկ` նախակրթարանների խնդիրները, առաջարկել եմ ավտոտնակների փոխարեն կառուցել խաղահրապարակներ: Ուղղակի այստեղ ամենամեծ խնդիրը նրանում է, որ կանանց գործունեությունը մնում է ստվերում:

 

 

–  Վերջերս  հայտնի է դարձել, որ հնարավոր է պայքարեք նաև Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար..

 

– Գորիսը քաղաքապետ է ընտրելու հունիսին….և ես հնարավոր է առաջադրեմ իմ թեկնածությունը: Բայց դեռ կտեսնենք: Թեև դեռ շատ անելիքներ կա ռեսուրս կենտրոնում,  քանի որ մենք թիմով կոնկրետ խնդիրներ ենք լուծում՝ աջակցելով կանանց, բազմաթիվ կանայք մեծ հույսեր են մեզ հետ կապում, նրանց սպասելիքները չարթարացնել  հնարավոր չէ…

 

Զրուցեց  Է. Մակարյանը 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Օլիվեր Մակքոյ. «Լույսը թունելի վերջում այնուամենայնիվ երևում է»…

 
«Goris Crochet» ձեռագործ հուշանվերները աշխարհի տարբեր երկրներում են սպառվում

 

Կանայք ՏԻՄ-երում. ներկա և ապագա հաջողությունների գրավականը / վիդեո

 

Գորիսը հնարավոր է կին քաղաքապետ ունենա

 

Ռուզաննա Տոռոզյան. «Մի վախեցեք սխալվելուց կամ պարտվելուց»

 

Ռուզաննա Տոռոզյան. « Աշխատելու եմ, սա է հենքային գործոնը»…/ վիդեո

 

Դիտումների քանակը` 6957

Գլխավոր էջ