Ռուզաննա Տոռոզյան. « Աշխատելու եմ, սա է հենքային գործոնը»…/ վիդեո

Մեր զրուցակիցն է՝  ավագանու  անդամության  թեկնածու, Գորիսի Կանանց զարգացման  “Ռեսուրս կենտրոն”  հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը: Նա միակ կինն է Գորիսում աոաջադրված  թեկնածուների թվում: ՏԻՄ համակարգում նորելուկ  չէ, 2002-ին եղել է Գորիսի առաջին կին ավագանին, այնպես որ  լավ գիտի ավագանու անդամի աշխատանքը: Վերջին  տարիներին առավել ակտիվ է եղել հասարակական ոլորտում: Ղեկավարում է  Գորիսի Կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամը և  իր  թիմի հետ իրականացրել բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք նպատակաուղղված են եղել  քաղաքի   խնդիրների լուծմանը: Այս առումով քաղաքականությունից  երբեք չի էլ հեռացել՝ շարունակելով ապրել ու աշխատել  համայնքի հոգսերով…

 

– Այսօր էլ, ինչպես տաս տարի առաջ, Դուք կրկին  միակ կին թեկնածուն եք …

– Խնդիրն այն չէ, որ կանայք պիտի որոշակի թվով ներկայացված լինեն որոշում կայացնող մակարդակում, այլ այն, որ ցանկացած օղակ կատարյալ է գործում, եթե առկա է կնոջ և տղամարդու ներկայությունն ու համագործակցությունը: Երբ կինը և տղամարդը կանգնած են ինչ-որ խնդրի առջև, նրանք հարցի լուծմանը տարբեր կերպ են մոտենում. տղամարդը իր տեսանկյունից, կինը `լինելով ընտանիքի մայր, բոլորովին այլ տեսակետ ունի: Այստեղ է, որ դիտարկելով խնդիրը տարբեր տեսանկյուններից հարցին հավասարակշիռ  մոտեցում  է  ցուցաբերվում: Ուստի խոսքը  սեռերի միջև պայքարի մասին  չէ, այլ` գաղափարների և մոտեցումների համադրման:

 

– Կին լինելը  օգնու՞մ է քարոզարշավի ընթացքում

– Բնականաբար  օգնում է, քանի որ հանդիպումների ընթացքում վեր են հանվում կանանց խնդիրները և կանանց  կողմից աստիճանաբար ողջունվում է կին թեկնածու տեսնելը: Կարծում եմ` պետք չէ քննադատել տղամարդկանց , որ նրանք դեմ են կանանց  ակտիվ գործունեությանը, խոչընդոտւմ են:  Խնդիրը կայանում է նրանում,  թե որքանով է կինը պատրաստ  քաղաքական գործընթացներին մասնակցելու համար: Նախկինի համեմատ ես նկատում եմ , որ հիմա կնոջ մուտքը քաղաքականություն  կանանց կողմից  խրախուսվում է,  և ավանդական կարծրատիպերը աստիճանաբար կոտրվում են: Այսօր կանանց քաղաքական ակտիվությունը խրախուսվում է նաև կառավարության կողմից.  Չէ որ կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը որոշումների կայացման մակարդակում կայուն ժողովրդավարության կարևոր գործոն է:

 

 

– Ի՞նչ խոստումներ եք տալիս  Ձեր ընտրողներին:

Կարծում եմ, ավագանին չի ընտրվում խոստումներ տալու համար, այլ` աշխատելու: Լինի կին, թե տղամարդ`  յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ քաղաքականություն պատահական  մուտք չեն գործում: Պետք է գիտակցես` ուր ես գնում, ինչի համար, որն է լինելու քո անելիքը, ի՞նչ ես ուզում փոխել մարդկանց կյանքում:

 

 

-Ընտրվելու պարագայում ի՞նչ եք փոխելու:

Աշխատելու եմ, սա է հենքային գործոնը: Աշխատանքն արդեն փոփոխություն է:  Իսկ որպես կին` կարող եմ ասել, որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վրիպում են տղամարդու աչքից, կինն այդ հարցում ավելի նրբանկատ է:

 

Բնականաբար կանանց հուզող հիմնախնդիրներն իմ ուշադրության կենտրոնում կլինեն, ինչպես և նախկինում: Երբևէ համայնքում որևէ խնդիր մեր ուշադրությունից դուրս չի եղել, դա նաև կարելի է տեսնել մեր Կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն”  հիմնադրամի  բլոգում /sharavigh.blogspot.com/: Գրեթե ամեն օր տարբեր տեսանյութեր են տեղադրվում` համայնքային հիմնախնդիրների և իրադարձությունների մասին պատմող: Բոլոր տեսանյութերը հեռարձակվում են մարզային,համապետական հեռուստաընկերություններով: Դա մեր “ Շառավիղ“ ակումբում ներգրավված  երիտասարդ լրագրողների աշխատանքն է, որի արդյունքում բազմաթիվ տեսանյութեր դրական արձագանքներ ու լուծումներ են ստացել: Ի դեպ, հիմնադրամի ջանքերով ստեղծված բոլոր ակումբներ էլ կարճ ժամանակահատվածում մեծ ձեռքբերումներ են ունեցել:

 

Մենք միշտ օժանդակել ենք նաև սոցիալապես անապահով կանանց, բազմաթիվ օրինակներ ունենք, որ մշտապես եղել ենք դժվարին իրավիճակներում հայտնված կանանց  կողքին:  Օրինակ, մեր ձեռքի աշխատանքների ակումբում  գործազուրկ 40կին է ներգրավված, ովքեր հուշանվերներ են գործում և գումար վաստակում: Բոլոր աշխատանքները հիմնականում սպառվում են արտերկրում: Դրանով իսկ փորձում ենք լուծել առաջին հերթին գործազուրկ կանանց զբաղվածության խնդիրը, ապա` նպաստել տարածաշրջանում հուշանվերների շուկայի զարգացմանը: Այս հարցերը  ՏԻՄ-մակարդակում ներկայացնելը ևս կարևոր է, իսկ այս դեպքում կնոջ հիմնախնդիրները կինն ավելի լավ կպատկերացնի ու կներկայացնի:

Եվ ամենակարևորը` ես թիմային աշխատանքի կողմնակից եմ, սիրում  եմ աշխատել թիմով, իմ կողքին մեծ թիմ է, գիտակ ու աշխատասեր թիմ է, որն ունի անհրաժեշտ բոլոր գործիքներն ու հմտությունները լավ աշխատելու համար և  պատրաստ է ինձ ամեն հարցում աջակցել:

 

 

-Ձեր ուղերձը  ընտրողներին…

–  Յուրաքանչյուր ընտրություն կարևոր գործընթաց է, այդ թվում նաև ՏԻՄ ընտրությունները:  Ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի  պետք է կարևորի իր ձայնը և իր ակտիվ մասնակցությունը ունենա ընտրական գործընթացներում` ապահովելով նաև իր մասնակցությունը համայնքի կառավարման գործընթացում:  Կարևոր է նաև հանգամանքը, որ հասարկությունը հանդես գա առաջարկներով, որպեսզի այդ առաջարկությունները  ավագանին ապագայում դարձնի համայնքահենք ծրագիր: Պետք է հաշվի  առնենք, որ այս ընտրություններից է կախված մեր համայնքի զարգացումը մոտակա տարիներին,  ու եթե դրական փոփոխություն ենք ուզում, պետք է խելամիտ ընտրություն կատարենք, ճիշտ ընտրությունը լավ ապագայի նախանշվող ուրվագիծն է…

Զրուցեց ՝ Իրինա Յոլյանը

 

 

Դիտումների քանակը` 7330

Գլխավոր էջ