Ջյուն Զեյթլին. «Գենդեր» տերմինի միտումնավոր աղավաղումները պետք է վիճարկվեն…»

 

Այսպիսի կարծիք հայտնեց  ԵԱՀԿ գործող նախագահի գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջյուն Զեյթլինն, ով արդեն մի քանի օր  ինչ Հայաստանում հանդիպումներ է անցկացնում  խնդրով զբաղվող պաշտոնյանների եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ: Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում  ասուլիս էր հրավիրվել՝ ներկայացնելու նրա հայաստանյան այցի արդյունքները: Լրագրողների հետ հանդիպմանը  մասնակցում էին նաեւ  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:   

 

 

Ջյուն Զեյթլինը ներկայացնելով իր այցի նպատակն ասաց, որ Հայաստան էր  ժամանել   քննարկելու՝  երկրում իրականացվող  քաղաքականությունը գենդերային հավասարությունը խթանելու, կանանց քաղաքական և հասարակական մասնակցությունը ընդլայնելու ուղղությամբ, ինչպես նաեւ  անդրադառնալու ընտանեկան բռնության դեմ պայաքարի խնդիրներին:  Նա նշել է , որ ԵԱՀԿ-ի համար և բոլոր մասնակից երկրների համար գենդերային հավասարությունը գերակա առաջնահերթություն է, քանի որ  կանանց լիակատար մասնակցությունը երկրի զարգացման,  տնտեսական ծաղկման, անվտանգության գրավականն է: Դա են փաստում բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք կատարվել են Համաշխարհային բանկի, ՄԱԿ—ի և այլ միջազգային կառույցների կողմից:

 

 

Զեյթլինը տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի, ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանի, այլ փոխնախարարների, կառավարության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համանախագահությամբ համակարգվող Գենդերային հարցերով խմբի անդամների հետ:

 

 

«Հայաստանն իր ազգային օրենքները և քաղաքականությունը ներդաշնակեցնելու ճանապարհին  է՝ ձգտելով համապարփակ և համակարգված  ձևով խթանել կանանց ու տղամարդկանց   հավասարությունը և աստիճանաբար մեծացնել կանանց քաղաքական ներգրավվածությունը բոլոր մակարդակներում, ինչպես նաև լուծել գենդերային բռնության խնդիրները: Որոշակի առաջընթաց է արձանագրվել՝ չնայած մենք գիտակցում ենք, որ այս բոլոր փոփոխությունները չեն կարող իրականացվել մեկ օրում: Չափազանց կարևոր է ունենալ այնպիսի ազգային օրենսդրություն, որը նպաստում է այն հասարակական նորմերի և այն համոզմունքի ամրագմանը, որ կանայք պետք է ունենան տղամարդկանց հետ  հավասար իրավունքներ և հնարավորություններ, եւ որ ընտանեկան բռնությունը անընդունելի է և պետք է պատժվի»,- ասել է Զեյթլինը:

 

Խոսելով ընտանեկան բռնության խնդրի մասին,  Զեյթլինը նշեց, որ իրեն տեղեկացրել են  ընդդեմ այդ չարիքի ոստիկանության կողմից կատարվող որոշակի քայլերի, ինչպես նաեւ  «Ընտանեկան բռնության մասին» օրենքի մշակման աշխատանքների մասին: Նշելով, որ  օրենքը դեռ չի ընդունվել  նա ասաց, որ նման օրենքի ընդունումը շատ կարևոր է, քանի որ այն  ցուցանիշ է հանդիսանում, թե  որքանով է տվյալ երկիրը պատրաստակամ  պայքարել ընտանեկան բռնության դրա դեմ:

 

 

«Մենք նաև քննարկեցինք կանանց քաղաքական մասնակցության խնդիրները՝ ԱԺ-ում և ՏԻՄ մարմիններում: Գոյություն ունի միջազգային չափանիշ, ըստ որի կանանց ներկայացվածությունը խորհրդարանում պետք է լինի ոչ պակաս քան 30 տոկոս: Չնայած որոշակի դրական քայլեր արվել են, սակայն Հայաստանի Ազգային ժողովում կանանց թիվը 10 տոկոսից մի քիչ ավել է եւ նոր ջանքերի անհրաժեշտություն կա՝ հաջորդ ընտրություններին ընդառաջ:

 

 

Անդրադառնալով Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման մասին օրենքի և գենդերային գործողությունների ծրագրի ընդունման հետ կապված վերջերս ծավալված  հանրային քննարումներին ՝ Զեյթլինն ասաց, որ  «գենդեր» տերմինը հաճախ սխալ է մեկնաբանվում և հասկացվում: Նրա խոսքով, թեպետ ժողովրդավարական հասարակությունում հանրային քննարկումները ցանկացած հարցի, այդ թվում  գենդերային հավասարության և կանանց իրավունքների շուրջ առողջ երեւույթ են, սակայն բանավեճը պետք է ընթանա քաղաքակիրթ ոճով: «Կարծիքները պետք է հիմնվեն փաստերի և իրողությունների վրա: Միտումնավոր կատարվող աղավաղումները և խեղաթյուրումները պետք է վիճարկվեն պետական  ամենաբարձր մակարդակներում, ինչպես նաև միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության առաջնորդների կողմից» – նշեց նա:

 

 

Անդրադառնալով նաև ԵԱՀԿ երեանյան գրասենյակի կողմից, կատարվող աշխատանքներին՝ Երևանում և գյուղական համայնքներում, մասնավորապես հեռավոր Սյունիքի մարզում, կանանց տնտեսական և քաղաքական առաջխաղացման  ուղղությամբ,  նա խոստացավ շարունակական օգնություն ցույց տալ Հայաստանին գենդերային հավասարության վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները կատարելու հարցում:

 

 

Ասուլիսի ընթացքում լրագրողների կողմից հնչեցված այն հարցին՝ թե ինչպես  կգնահատեր կանանց դերն ու մասնակցության աստիճանը Հայաստանում՝Զեյթլինը պատասխանեց, որ պատասխանը պետք է փնտրել այս ուղղությամբ Հայաստանում իրականացված  հետազոտություններում, որոնց ավելի լավ ծանոթ են տեղական փորձագետները:

 

 

Դիտեք նաեւ   Արմնյուզ լրատվական-ի   ռեպորտաժը ասուլիսից.

 

 

Կարդացեք ասուլիսի մասին մեր կայքում.

 

Ջեմմա Հասրաթյան. «Եթե այս օրենքը վտանգ ներկայացներ մեր ընտանիքների համար, առաջինը ես դեմ կլինեի դրան»

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Դիտումների քանակը` 3730

Գլխավոր էջ