Ջեմմա Հասրաթյան. «Պետք է հստակ գիտակցենք, որ քվոտաները ժամանակավոր միջոց են»

Ինչպես հայտնի է ՝ նորընտիր Ազգային Ժողովում կանանց ներկայացվածությունը  18% է կազմում,  թեպետ  Ընտրական օրենսգրքով կուսակցությունների նախընտրական ցուցակներում կին և  տղմամարդ թեկնածուների 25/75  համամասնություն էր ամրագրված:  Որքանո՞վ աշխատեց գենդերային քվոտան այս տարվա խորհրդարանական  ընտրություններում – այս հարցի շուրջ WomenNet.am-ը զրուցում է  Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ, ով վերջերս  ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի էր  արժանացել  ակտիվ հասարակական գործունեության  համար: 

 

Տիկին Հասրաթյան, Ձեր գնահատականը քվոտայի արդյունավետության  վերաբերյալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան միշտ հանդես  է եկել այդ ուղղությամբ առաջարկներով: 

 

  Կարծում եմ,  մեր առաջարկությունները քվոտայի բարձրացման մասով   ճիշտ էին և իրականում դրական փոփոխություն  տեղի ունեցավ, որովհետև ԱԺ նախկին կազմում մենք ունեցել ենք կանանց ներկայացվածության 10.7 տոկոս, իսկ այսօր այդ ցուցանիշը կազմում է շուրջ 18 տոկոս: Խնդիրը նրանում է, որ երբ մենք բարձրացնում էինք քվոտաների խնդիրը, այն ժամանակ հայտնի չէին դեռ այն փոփոխությունները, որոնք հետագայում արվեցին Ընտրական օրենսգրքում: Եթե մենք նախօրոք իմանայինք այդ փոփոխությունների մասին, ապա մեր պահանջները՝ տոկոսային իմաստով, ավելին կլինեինք, քան  30 տոկոսը: Բայց եղավ այն ինչ եղավ, և  այս ընտրությունների համար կուսակցությունների ցուցակներում  օրենքով ամրագրվեց յուրաքանչյուր քառյակում մեկ կին  ակզբունքը, ինչը  դինամիկայի տեսակետից  դրական տեղաշարժ առաջացրեց: Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է ոչ թե այն, թե քանի կին ավելացավ ԱԺ-ում, այլ ինչ որակով կին պատգամավորներ  ավելացան, իսկ դա ցույց կտա նրանց  հետագա աշխատանքը: Գաղտնիք չէ, որ նախորդ ԱԺ կազմում և դրանից առաջ ոչ բոլոր կանայք էին հասկանում ու ըմբռնում, որ իրենք քաղաքացիական հասարակության սեկտորի առաջարկությամբ մտցված քվոտաներով են անցել խորհրդարան  և  պարտավորված են ավելի ակտիվ աշխատել: Քվոտաների զուգահեռ  մեր հիմնական պահանջը միշտ  եղել է  այն , որ խորհրդարան պետք է գնան կանայք, որոնք գիտակ են,  իրավիճակներին տիրապետում են, կարողանում են բարձրացնել այն հարցերը, որ ոչ միայն կանանց, այլև ընդհանրապես հասարակությանն են հուզում ու պետք է կարողանան այդ հարցերը լուծել: Ցավոք, նախորդ ԱԺ-ում քվոտաներով անցած ոչ բոլոր  կանայք այդ պահանջարկին համապատասխանում էին:   Ընդհանրապես, եթե մարդը գնում է օրենսդիր մարմին, ապա նա պետք է զբաղվի օրենսդիր գործունեությամբ և կամ պետք է հրաժարվի, որովհետև քվոտաների ավելացումը ինքնանպատակ չէ:

 

Այսինքն, կարելի է ասել, որ այսօր, երբ կին պատգամավորների թիվը, կարևոր է որքանով նրանք  կարդարացնեն  քվոտաների համար պայքարող  քաղաքացիական սեկտորի վստահությունը…

 

-Միանշանակ: Կին պատգամավորների  թիվն, այո, ավելացել է, բայց մենք նրանց ակտիվության հետ կապված  սպասելիքներ ունենք և կարծում եմ, որ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի առաջիկայում գտնվեն տարբերակներ այդ կանանց հետ հանդիպելու, նրանց, գուցե, ուղղություն տալու, գրականություն փոխանցելու և ներկայացնելու  մեր սպասելիքները …

Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո ամենախնդրահարույց  նորամուծություններից էր տարածքային կամ  ռեյտինգային ցուցակների  գաղափարը, որի վերբերյալ  ի սկզբանե  մտահոգություններ կային,  որ այն կհարվածի կանանց՝ նրանց դուրս մղելով ընտրական գործընթացից:

 

-Արդեն նշեցի, որ երբ քվոտաների հարցն էր քննարկվում և մենք առաջարկներով էինք հանդես գալիս, ռեյտինգային ցուցակների ներմուծման մասին ոչինչ  հայտնի  չէր: Բացի այս, պետք է հստակ գիտակցենք, որ քվոտաները ժամանակավոր միջոց են, մինչև քաղաքացիական հասարակության համակազմում ՀԿ-ները, քաղաքական կուսակցությունները պատրաստեն կանանց  այն համակազմը, որը պետք է գնա խորհրդարան: Ժամանակ կգա, որ այդ ժամանակավոր միջոցները չեն լինի, երբ քաղաքական կուսակցությունների ղեկավար  կազմում առնվազն  կեսը կկազմեն կանայք և կլինեն մեծ թվով ակտիվ կանայք, ովքեր ինքնուրույն, առանց քվոտաների  կկարողանան մտնել առաջարկվող ձևի մեջ ու ինքնուրույն կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել: Ի վերջո, մինչև երբ քաղաքացիական սեկտորը պետք է խնամակալ լինի կանանց, որպեսզի նրանք հայտնվեն օրենսդիր մարմնում: Սա է, որ կարևոր խնդիր է, որի շուրջ պետք է մտածել: Իսկ մինչ այդ  հնարավոր է  կարող են  հարցեր առաջանալ, թե արդյոք այն կանայք են ընտրվել, որոնք կարող են աշխատել, ինչպե՞ս են իրենք ընտրվել և այլն: Բայց, այնուամենայնիվ, այն կանայք, ում  կուսակցությունները ներգրավել  են  իրենց ցուցակներում պետք է հասկանան, որ պարտավորություններ ունեն հասարակության առաջ:

 

Դուք նշեցիք, որ հնարավոր են հանդիպումներ նորընտիր կին պատգամավորների հետ: Ձեր կազմակերպությունը պատրա՞ստ է աջակցել  նրանց:

 

– Միանշանակ է, որ ՀԿ-սեկտորը  պատգամավոր ընտրված կանանց հետ պետք է աշխատի: Մենք  նույնպես  պատրաստ ենք օգնել, որպեսզի ընտրված  կանայք արագ մտնեն հունի մեջ, պետք է փորձենք   աջակցել այդ կանանց տարբեր ձևերով: Դեռ մինչ ընտրությունները մեր կազմակերպությունն օգնել է հինգ կուսակցություններին գենդերային պլաններ կազմելու հարցում, ու  մենք պատրաստ ենք իրենց աջակցելու այդ պլանները կյանքի կոչելու: Այդ պլաններով, ի դեպ,  նախատեսված է նաև աջակցություն այն կանանց, որոնք արդեն հայտնվել են ԱԺ-ում:

 

Ուզում եմ նաև   հատուկ ընդգծել, որ այսօր ԱԺ-ի  կազմում  ընտրվել են  և՛ նոր կանայք, և՛ այն կանայք, որոնք ունեն օրենսդիր աշխատանքի որոշակի փորձ: Եվ շատ կարևոր է, որ օրենսդրական  աշխատանքում  ավելի  փորձառու կանայք լինեն ավելի մտահոգ իրենց գործընկերուհիների նկատմամբ ու  հաղորդեն նախորդ տարիներին ձեռք բերված փորձը, որովհետև միայն դրսից չէ, որ աջակցություն  պետք է լինի: Կուսակցություններն էլ կանանց առաջմղման հարցով շատ անելիքներ ունեն կան, ինչն, ի դեպ,  նշվել է  ԵԱՀԿ/ժՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում:

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 «Դինամիկան դրական է, բայց աճի տեմպերն ու մասշտաբները չի կարելի բավարար կոչել»…

Ջեմմա Հասրաթյան. «Պետք է հստակ գիտակցենք, որ քվոտաները ժամանակավոր միջոց են»

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Կուսակցությունները պետք է ավելացնեն կին թեկնածուների թիվը

 ՀՀ Ազգային ժողովի կազմում կանանց ներկայացվածությունը 18% է. ևս մեկ կին մանդատ ստացավ/ ինֆոգրաֆիկա

  Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 23.4% է

 Լույս է տեսել «Կինը եւ քաղաքականությունը» թերթի նոր համարը

 «Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին

 

Դիտումների քանակը` 3559

Գլխավոր էջ