Ջեմմա Հասրաթյան. «Պետք է հստակ գիտակցենք, որ քվոտաները ժամանակավոր միջոց են»
Ինչպես հայտնի է ՝ նորընտիր Ազգային Ժողովում կանանց ներկայացվածությունը 18% է կազմում, թեպետ Ընտրական օրենսգրքով կուսակցությունների նախընտրական ցուցակներում կին և տղմամարդ թեկնածուների 25/75 համամասնություն էր ամրագրված: Որքանո՞վ աշխատեց գենդերային քվոտան այս տարվա խորհրդարանական ընտրություններում – այս հարցի շուրջ WomenNet.am-ը զրուցում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ, ով վերջերս ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի էր արժանացել ակտիվ հասարակական գործունեության համար:
– Տիկին Հասրաթյան, Ձեր գնահատականը քվոտայի արդյունավետության վերաբերյալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան միշտ հանդես է եկել այդ ուղղությամբ առաջարկներով:
– Կարծում եմ, մեր առաջարկությունները քվոտայի բարձրացման մասով ճիշտ էին և իրականում դրական փոփոխություն տեղի ունեցավ, որովհետև ԱԺ նախկին կազմում մենք ունեցել ենք կանանց ներկայացվածության 10.7 տոկոս, իսկ այսօր այդ ցուցանիշը կազմում է շուրջ 18 տոկոս: Խնդիրը նրանում է, որ երբ մենք բարձրացնում էինք քվոտաների խնդիրը, այն ժամանակ հայտնի չէին դեռ այն փոփոխությունները, որոնք հետագայում արվեցին Ընտրական օրենսգրքում: Եթե մենք նախօրոք իմանայինք այդ փոփոխությունների մասին, ապա մեր պահանջները՝ տոկոսային իմաստով, ավելին կլինեինք, քան 30 տոկոսը: Բայց եղավ այն ինչ եղավ, և այս ընտրությունների համար կուսակցությունների ցուցակներում օրենքով ամրագրվեց յուրաքանչյուր քառյակում մեկ կին ակզբունքը, ինչը դինամիկայի տեսակետից դրական տեղաշարժ առաջացրեց: Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է ոչ թե այն, թե քանի կին ավելացավ ԱԺ-ում, այլ ինչ որակով կին պատգամավորներ ավելացան, իսկ դա ցույց կտա նրանց հետագա աշխատանքը: Գաղտնիք չէ, որ նախորդ ԱԺ կազմում և դրանից առաջ ոչ բոլոր կանայք էին հասկանում ու ըմբռնում, որ իրենք քաղաքացիական հասարակության սեկտորի առաջարկությամբ մտցված քվոտաներով են անցել խորհրդարան և պարտավորված են ավելի ակտիվ աշխատել: Քվոտաների զուգահեռ մեր հիմնական պահանջը միշտ եղել է այն , որ խորհրդարան պետք է գնան կանայք, որոնք գիտակ են, իրավիճակներին տիրապետում են, կարողանում են բարձրացնել այն հարցերը, որ ոչ միայն կանանց, այլև ընդհանրապես հասարակությանն են հուզում ու պետք է կարողանան այդ հարցերը լուծել: Ցավոք, նախորդ ԱԺ-ում քվոտաներով անցած ոչ բոլոր կանայք այդ պահանջարկին համապատասխանում էին: Ընդհանրապես, եթե մարդը գնում է օրենսդիր մարմին, ապա նա պետք է զբաղվի օրենսդիր գործունեությամբ և կամ պետք է հրաժարվի, որովհետև քվոտաների ավելացումը ինքնանպատակ չէ:
–Այսինքն, կարելի է ասել, որ այսօր, երբ կին պատգամավորների թիվը, կարևոր է որքանով նրանք կարդարացնեն քվոտաների համար պայքարող քաղաքացիական սեկտորի վստահությունը…
-Միանշանակ: Կին պատգամավորների թիվն, այո, ավելացել է, բայց մենք նրանց ակտիվության հետ կապված սպասելիքներ ունենք և կարծում եմ, որ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի առաջիկայում գտնվեն տարբերակներ այդ կանանց հետ հանդիպելու, նրանց, գուցե, ուղղություն տալու, գրականություն փոխանցելու և ներկայացնելու մեր սպասելիքները …
–Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո ամենախնդրահարույց նորամուծություններից էր տարածքային կամ ռեյտինգային ցուցակների գաղափարը, որի վերբերյալ ի սկզբանե մտահոգություններ կային, որ այն կհարվածի կանանց՝ նրանց դուրս մղելով ընտրական գործընթացից:
-Արդեն նշեցի, որ երբ քվոտաների հարցն էր քննարկվում և մենք առաջարկներով էինք հանդես գալիս, ռեյտինգային ցուցակների ներմուծման մասին ոչինչ հայտնի չէր: Բացի այս, պետք է հստակ գիտակցենք, որ քվոտաները ժամանակավոր միջոց են, մինչև քաղաքացիական հասարակության համակազմում ՀԿ-ները, քաղաքական կուսակցությունները պատրաստեն կանանց այն համակազմը, որը պետք է գնա խորհրդարան: Ժամանակ կգա, որ այդ ժամանակավոր միջոցները չեն լինի, երբ քաղաքական կուսակցությունների ղեկավար կազմում առնվազն կեսը կկազմեն կանայք և կլինեն մեծ թվով ակտիվ կանայք, ովքեր ինքնուրույն, առանց քվոտաների կկարողանան մտնել առաջարկվող ձևի մեջ ու ինքնուրույն կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել: Ի վերջո, մինչև երբ քաղաքացիական սեկտորը պետք է խնամակալ լինի կանանց, որպեսզի նրանք հայտնվեն օրենսդիր մարմնում: Սա է, որ կարևոր խնդիր է, որի շուրջ պետք է մտածել: Իսկ մինչ այդ հնարավոր է կարող են հարցեր առաջանալ, թե արդյոք այն կանայք են ընտրվել, որոնք կարող են աշխատել, ինչպե՞ս են իրենք ընտրվել և այլն: Բայց, այնուամենայնիվ, այն կանայք, ում կուսակցությունները ներգրավել են իրենց ցուցակներում պետք է հասկանան, որ պարտավորություններ ունեն հասարակության առաջ:
– Դուք նշեցիք, որ հնարավոր են հանդիպումներ նորընտիր կին պատգամավորների հետ: Ձեր կազմակերպությունը պատրա՞ստ է աջակցել նրանց:
– Միանշանակ է, որ ՀԿ-սեկտորը պատգամավոր ընտրված կանանց հետ պետք է աշխատի: Մենք նույնպես պատրաստ ենք օգնել, որպեսզի ընտրված կանայք արագ մտնեն հունի մեջ, պետք է փորձենք աջակցել այդ կանանց տարբեր ձևերով: Դեռ մինչ ընտրությունները մեր կազմակերպությունն օգնել է հինգ կուսակցություններին գենդերային պլաններ կազմելու հարցում, ու մենք պատրաստ ենք իրենց աջակցելու այդ պլանները կյանքի կոչելու: Այդ պլաններով, ի դեպ, նախատեսված է նաև աջակցություն այն կանանց, որոնք արդեն հայտնվել են ԱԺ-ում:
Ուզում եմ նաև հատուկ ընդգծել, որ այսօր ԱԺ-ի կազմում ընտրվել են և՛ նոր կանայք, և՛ այն կանայք, որոնք ունեն օրենսդիր աշխատանքի որոշակի փորձ: Եվ շատ կարևոր է, որ օրենսդրական աշխատանքում ավելի փորձառու կանայք լինեն ավելի մտահոգ իրենց գործընկերուհիների նկատմամբ ու հաղորդեն նախորդ տարիներին ձեռք բերված փորձը, որովհետև միայն դրսից չէ, որ աջակցություն պետք է լինի: Կուսակցություններն էլ կանանց առաջմղման հարցով շատ անելիքներ ունեն կան, ինչն, ի դեպ, նշվել է ԵԱՀԿ/ժՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Դինամիկան դրական է, բայց աճի տեմպերն ու մասշտաբները չի կարելի բավարար կոչել»…
Ջեմմա Հասրաթյան. «Պետք է հստակ գիտակցենք, որ քվոտաները ժամանակավոր միջոց են»
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Կուսակցությունները պետք է ավելացնեն կին թեկնածուների թիվը
ՀՀ Ազգային ժողովի կազմում կանանց ներկայացվածությունը 18% է. ևս մեկ կին մանդատ ստացավ/ ինֆոգրաֆիկա
Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 23.4% է
Լույս է տեսել «Կինը եւ քաղաքականությունը» թերթի նոր համարը
«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին
Դիտումների քանակը` 3601