Ջեմմա Հասրաթյան. «Եթե այս օրենքը վտանգ ներկայացներ մեր ընտանիքների համար, առաջինը ես դեմ կլինեի դրան»

 

 Երեկ  ԵԱՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի  ընթացքում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը ի պատասխան այն հարցին՝ թե ինչպես  կգնահատեր կանանց դերն ու մասնակցության աստիճանը Հայաստանում,   հիշեցրեց, որ  կանանց ներկայացվածությունը  Հայաստանի ԱԺ-ում 10.6 է, իսկ ամբողջ աշխարհի խորհրդարաններում՝ միջինում մոտ 20 տոկոս է:

 

 

«ՏԻՄ մարմիններում ավագանիների կազմում կանայք  ընդգրկված են 8.6 տոկոսով, 866 գյուղական համայքներից միայն 19-նն  են կանայք ղեկավարում: մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են: Տնտեսության ոլորտում՝ Հայաստանի կանանց միջին աշխատավարձը մոտ 40 տոկոսով ավելի ցածր է՝ տղամարդկանց միջին աշխատավարձից», – ասաց Հասրաթյանը, նշելով, որ տղամարդիկ էլ այսօր լուրջ խնդիրներ ունեն  եւ գենդերային մոտեցման իմաստն այն է, որ  հաշվի առնենք ոչ միայն կանանց, այլ տղամարդկանց շահերը:

 

 

«Այսօր մի իրավիճակ է, երբ ստեղծվել են հեռահար ընտանիքներ, երեխաները զրկված են հայրական դաստիարակությունից: Այսօրվա միգրացիան բերել է մի իրավիճակի, որ երեխաներն իրենց հայրերի հետ շփվում են Skype-ով, որ լիարժեք ընտանիք չունենք, ինչից  տուժում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք», -ասաց նա:

 

 

Անդրադառնալով լրագրողների խնդրանքով « Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի դեմ սկիզբ առած գործընթացին,  Հասրաթյանը կարծիք հայտնեց, որ այսպես կոչված «Ծնողական կոմիտեյի» գործունեությունը  ուղղորդվում է որոշակի կենտրոնից: Պատահական չէ այն հանգամանքը, որ բոլոր նյութերը ռուսական աղբյուրներից են՝ ռուսերեն  լեզվով են հրապարակվում կայքում, հետո նոր թարգմանվում:

 

 

«Իհարկե, յուրաքանչյուրն իրավունք ունի իր տեսակետն արտահայտելու, սակայն չդիմելով այն ապատեղեկատվությանը, որ նրանք այսօր տարածում են: Ինչու, երբ օրենքը ընդունվեց մայիսին, առաջին, երկրորդ ընթերցում անցավ, լսումներ եղան,  ոչ մի դեմ կարծիք չկար, և հանկարծ հիմա, երբ Հայաստանը փորձում էր ստորագրել ԵՄ-ի Արևելյան գործընկերության ասոցացման պայմանագիրը, սկսվեց այս շարժումը: Համոզված եմ, լրագրողներն բավականին սուր միտք ունեն, որ հասկանան  այս գործընթացի դրդապատճառները», – ասաց Ջ. Հասրաթյանը:

 

 

Բանախոսի  խոսքով,  օրենքի մեջ փոփոխություն ենթադրող կառավարության  նախագծի ընթացքից նա տեղյակ չի, սակայն կարծում է, որ այն պետք չէ ընդունել, որովհետև այսօր արդեն պարզ է՝   սա քաղաքական գործընթաց է,  որն ուղղված է ոչ միայն «ձեռքբերովի» բառը կամ «գենդեր» տերմինը հանելու, այլ ամբողջությամբ օրենքը բեկանալու, եւ օրենքի ընդդիմախոսները իրենց այդ նպատակը չեն թաքցնում:

 

 

« Յոթ փորձագետներ են աշխատել օրենքի ստեղծման վրա, նրանցից 5-ը իրավաբաններ են, ուսումնասիրվել են 28 երկրների օրենքներ, այն երկրների, որոնք ունեն մեզ հետ համեմատալի իրավիճակ ու  պայմաններ: Եթե ես տեսնեի, որ այս օրենքը վտանգ է ներկայացնում մեր ընտանիքների համար, առաջինը ես դեմ կլինեի դրան: Բազմակարծությունը լավ բան է, այն ժողովրդավարության հիմքն է, սակայն չի կարելի այն շահարկել, մանիպուլյացիա անել՝ հետապնդելով որոշակի շահեր:  Բացարձակ հիմքեր չունի «ձեռքբերովի» բառի շուրջ աղմուկը՝ մենք բոլորս սոցիալականացման ընթացքում ձեռք ենք բերում այն հատկանիշները, որոնք պետք է իրացնենք սոցիալական, քաղաքական ոլորտներում, եւ անիմաստ են այն նույնացնում համասեռականության կամ սեռի փոփոխության  հետ», – ասաց նա, նշելով, որ առավել անհասկանալի է օրենքի դեմ այս ալիքը, եթե  հիշենք,  որ հայոց պատմության մեջ առաջին հերթին տղամարդիկ են բարձրաձայնել կանանց կրթելու, նրանց հասարակական կյանքում ներգրավելու  խնդիրները…

 

 

«Այս օրենքը ունի կարևոր մեկ խնդիր, մենք պետք է ունենանք նորմալ կայուն զարգացում, իսկ կայուն զարգացումը ենթադրում է ողջ հասարակության ակտիվ մասնակցություն՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց: Իսկ եթե հասարակության կեսը  չի մասնակցում այդ դժվար գործընթացին, ապա երկիրը  չի կարող առաջընթաց ունենալ: Այս օրենքի նպատակը այն է, որպեսզի կանանց ներուժը չվատնենք, այլ հավասարաչափ ներգրավվենք կանանց ու տղամարդկանց  հայ հասարակության զարգացման գործընթացում», – եզրափակեց բանախոսը:

 

Կարդացեք ասուլիսի մասին մեր կայքում.

 

Ջյուն Զեյթլին. «Գենդեր» տերմինի միտումնավոր աղավաղումները պետք է վիճարկվեն…»

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

 

 

Դիտումների քանակը` 6391

Գլխավոր էջ