Ջավախք. Կնոջ ուսերին ծանրացած ավանդույթներ ու առօրյա հոգսեր
Առավոտյան ժամը յոթն է, սակայն Ջավախքն արդեն ապրում է լիարժեք կյանքով: Դեպի Հայաստանի սահմանը տանող միջպետական, բոլորովին վերջերս բարեկարգված ճանապարհը, որի աջ ու ձախ կողմերում են տեղակայված ջավախահայերի օջախներն ու դրանցից անպակաս արագիլների բույները, վաղ այս ժամին արդեն մարդաշատ է՝ նոր օր, նոր հոգսեր:
Իսկ հոգսերն իսկապես շատ են: Անցում կատարելով քաղաքականությունից ու ավելորդ անգամ չհիշատակելով դրա մասին նշենք, որ այդ վաղ ժամին ինքներս էլ ակնհայտ տեսանք հիմնական խնդիրը, որ առկա է Ջավախքում՝ հատկապես գյուղերում նկատելի էր տղամարդկանց բացակայությունը, իսկ տեղ-տեղ հենց կանայք են կատարում այն աշխատանքը, որ իսկզբանե տղամարդու գործառույթն է՝ ցախ կոտրում, կով պահում, ծանր դույլերով այս ու այն կողմ անում:
«Սաղ դրսում են բալա ջան, գնում են, մնան ինչ անե՞ն: Մի ժամանակ էդ հնարավորությունն էլ չունեին, վատ էր ռուսների հետ հարաբերությունները, դե մերոնք էլ ամենաշատը տուժեցին դրանից, գոնե ռուսները մեր բերքն էին առնում մենք էլ յոլլա էինք տանում .. հիմա շատերը տակ են տալի ու թողնում ընտանիքները գնում: Լավա հիմա կարում են գնան-գան, բայց դե ստեղի հոգսն էլ հո՞ մնում ա: Կնանիք են յոլլա տանում, միշտ էլ կնիկնա ամենաշատը տուժում»: Ահա այսպես, պատասխանեց մեր հարցին՝ թե ինչո՞ւ են կանայք տղամարդու գործ կատարում, իր տան բակում լվացք փռող ջավախեցի մի կին, ով մեզ ջուր հյուրասիրեց ու մեզ հետ զրույցի բռնվեց:
Նրա խոսքով, գյուղի կյանքն այնպիսին է, որ կին-տղամարդ բոլորին հավասարեցնում է և եթե տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնած, ապա էլ ո՞վ, եթե ոչ կինը պետք է տան հիմնական (հասկանալ նաև ծանր) գործերն անի: Այո, տարեցները մնում են գյուղում, շարունակեց նա, բայց նրանք հիմնականում չեն կարող (նաև ավանդույթներն են խանգարում) օրինակ, գոմից կաթով ծանր բիդոնը հասցնել ճամփի եզրին կանգնած ավտոմեքենային կամ էլ գյուղի այս ծայրից մյուսը տանել, քանի որ ավտոմեքենա չկա, սակայն կաթը հանձնելու ժամանակն է.
«Էլ չեմ ասում, որ ջուր պտի տուն բերվի, մանավանդ ձմեռը, որ սաղ սառում ա ու գյուղի էս ծերից էն ծայրը պիտի բերես՝ խմելու, ճաշ եփելու, լվացքի, անասունի համար…. է, ո՞րն ասեմ»,- թվարկելուն զուգահեռ աթարի մրից սևացած ու ծանր աշխատանքից կոշտացած մատները ծալելով նշեց նա:
Թեև առաջին հայացքից պահպանված ավանդույթներով ապրող այս գյուղում կանանց ու տղամարդկանց միջև կարծես կարելի է հավասարության նշան դնել (առօրյա հոգսերն ու դերերի բաշխումն են բերել դրան), այդուհանդերձ կանայք շարունակում են պահպանել այն քիչը, ինչ դարերով է եկել: Օրինակ, խուսափում են զրուցել անծանոթների հետ, հատկապես եթե անծանոթը տղամարդ է, տանից դուրս գալիս անպայման գլխաշոր են կրում, ոտքերն ու ձեռքերը փակող հագուստներ, երբ հարևանությամբ սկեսուրը կամ էլ սկեսրայրն են, ապա խոսում միայն նրանց թույլտվությամբ և այլն:
«Նախագահի խոստացած գործարանը երկար սպասեցինք, դեռ չի երևում, որ այն կկառուցեն: Բայց ստեղ մեծ շինարարություն ա հիմա գնում, էնքան տեխնիկա են բերել լցրել, որ էլ ասելու չի՝ օր ու գիշեր աշխատում են: Ասում են երկաթգծի մեծ կայարան են կառուցում….էդ լավ ա, շատ լավ, թե չէ մեր տարածաշրջանը ամենամեծն ա ու երկրի ուրիշ շրջաններ հասնելու համար ժամերով ճամփա ենք գնում: Համ էլ հույս ունենք, որ կարող է ապագայում էլ էդ գիծը Հայաստան էլ գնա, ո՞վ գիտե: Բայց առաջնահերթ նրանով ա լավ, որ մեծ շինարարությանը մեծ աշխատուժ ա պետք ու աշխատող ձեռներ: Մեր գյուղի ջահելներից արդեն աշխատում են ստռոյկում, դե ձմռան մոտ էլ տղամարդիկ դրսից գան, ի՞նչ իմանաս, կարող ա էլ չգնան էլ՝ կմնան ստեղ կաշխատեն…հաստատ ավելի լավ ա, քան թե ուրիշ հողում»,- հույս հայտնեց մեր զրուցակիցը ու շտապեց տուն՝ փեջի վրա արդեն նախաճաշն էր դրված, պետք էր հետևել:
Երկաթգծի կայարանի կառուցումը իսկապես հույսեր է արթնացրել ջավախահայության մոտ: Նրանք հույս ունեն, որ բացի աշխատատեղերից, այն նաև կստիպի վրաց իշխանություններին ուշադրություն դարձնել իրենց տարածաշրջանի ծանր սոցիալական իրավիճակին ոչ միայն ճանապարհ կառուցելու կամ ջրագիծ անցկացնելու տեսանկյունից, ինչն արդեն արվել է, այլև իշխանությունները կաջակցեն վերանորոգել իրենց տները, որոնք ուղղակի փլվում են.
«Ի՞նչ անես, որի՞ն հասցնես: Ամուսինս դրսում է, հազիվ օրվա հացի փող ա ուղարկում, ես էլ արանքից երեխու ուսման վարձի փողն եմ փախցնում, որ կարողանա սովորի Թիֆլիսում: Ուրիշ բանի փող չի մնում, ո՞նց տանիքը վերանորոգեմ կամ էլ տան պատերը…. Համ էլ ստեղ վերանորոգելու խնդիր չի ՝ պիտի քանդվի ու նորից տուն կառուցվի, սրանք հազար տարի հո կանգուն չե՞ն մնալու»,- մատնացույց անելով իր կիսափլված տանիքին ու կիսախարխուլ տանը նեղսրտեց մեկ այլ կին ու ավելացրեց՝ ստիպված են ապրել այդ տներում մինչև մի օր հաջողություն ու լիություն բերող արագիլի բույնի հետ միասին, խոտածածկով տանիքը կփլվի իրենց գլխին:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 5965