Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը
Կնոջը վերջնական որոշում կայացնելու համար տրամադրվելու է երեք օր
Կառավարության վերջին՝ հուլիսի 2-ին կայացած նիստում գործադիրը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին: Առաջարկն երկար փնտրտուքների արդյունք է ՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն արգելելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ հենց դրանց պատճառով են Հայաստանում արձանագրվել ծնված երեխաների սեռային հարաբերակցության զգալի շեղումներ, որոնք ժողովրդագրական լուրջ հետևանքների կարող են բերել:
Նախագիծը ներկայացնող առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը ամրագրել օրենքով, ինչպես նաև սահմանել իրավական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ, որոնք կոչված են հղիության արհեստական ընդհատման հարցում արձանագրված բացերը վերացնելու համար:
Ըստ այդմ, առաջարկվում է ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը: Առաջարկվող փոփոխությունները հստակ սահմանում են, թե ի՞նչ ժամկետում, ո՞ր դեպքում կարելի է դիմել հղիության արհեստական ընդհատման, սահմանվում են նաև հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո բժշկի անելիքները: Դրանք չանելու դեպքում բժիշկներին տուգանքներ են սպառնում:
Ի՞նչ ունենք և ի՞նչ է առաջարկվում
Ներկայում հղիության արհեստական ապօրինի ընդհատման համար ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածով սահանված է պատասխանատվություն, սակայն օրինական ընդհատման ընթացակարգերի պահանջների խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ: Որևէ պատասխանատվություն չկա նաև հղիության արհեստական ընդհատման գործընթացին ներկայացվող պահանջների խախտման համար:
Նախագիծը սահմանում է. Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտ) իրավունք: Հղիության արհեստական ընդհատումը.
1) մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը` կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ,
2) 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը` կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:
3) Բժշկի կողմից բԺշկական կամ սոցիալական ցուցումների` սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է:
Այսպիսով, առաջարկով փորձ է արվում ՝ պահպանելով հղիության արհեստական ընդհատման կնոջ իրավունքը , օրենսդրորեն արգելելել պտղի սեռով պայմանավորված աբորտները, քանի որ այս հարցի հետագա չկարգավորումը լի է ժողովրդագրական սպառնալիքներով և կանանց նկատմամբ խտրականության դրսևորման խորացմամբ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: Այսպես. 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման, և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման:
Երեք օր՝ վերջնական որոշում կայանցնելու համար
Նկատենք, որ գործող օրենսդրությամբ սահմանված չեն հղիության արհեստական ընդհատման չհիմնավորված դեպքերը կանխարգելելու նպատակով կնոջը վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված տալու հետ կապված հարցերը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակները կարծում են, որ ժամանակի տրամադրումը մեծապես կնպաստի կնոջ կողմից հիմնավորված որոշում կայացնելուն: ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրների օրենսդրությամբ բժիշկները պարտավոր են հղիության չհիմնավորված ընդհատումների կանխարգելման նպատակով իրենց դիմած կնոջը տրամադրել վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված, այսպես կոչված waiting period: Նման պահանջի սահմանումը հիմնավորվում է կնոջ կողմից հապշտապ, չկշռադատված որոշում կայացնելուց զերծ պահելու նկատառումներով: Տրամադրվող ժամանահատվածը տարբեր երկրներու տարբեր ՝ Գերմանիայում 3 օր է, Նիդեռլանդներում 5 օր Իտալիայում, Ֆրանսիայում՝ 7 օր, Բելգիայում՝ 6 օր ԱՄՆ-ում 18 ժամից մինչև 3 օր: Հայաստանում առաջարկվում է կնոջը վերջնական որոշում կայանցնելու համար տրամադրել երեք օրացուցային օր:
Կտուգանվեն
Ինչպես նշվեց ներկայացվող փաթեթի մաս են կազմում նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները, որոնց միջոցով վարչական պատասխանատվություն է նախատեսվում թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար::
Օրինակ, սայմանվում է, որ ընդհատման բժշկական միջամտությունը իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը տրամադրել անվճար խորհրդատվություն ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, ինչի մասին բժշկի կողմից գրառվում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում և հաստատվում կնոջ ստորագրությամբ:Եթե բժիշկը դա չի անում, ապա ըստ առաջարկվող փոփոխությունների, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնաապատիկի չափով:
Մասնավորապես, նախատեսվում է պատասխանատվություն հետևյալ դեպքերում.
– բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկից 50-ապատիկի չափով:
– բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտ) անմիջապես հետո կնոջը անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկից 50-ապատիկի չափով:
– բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 80-ապատիկից 100-ապատիկի չափով:
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նշվում է, որ նշված օրենսդրական փաթեթի ընդունմամբ պետական բյուջեում ծախuերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի սպասվում: Նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո:
Դրանց իրավական ուժ ստանալու դեպքում առողջապահության ոլորտի պատասխանատուներն ակնկալում են լրացուցիչ կարգավորումների և մեխանիզմների սահմանմամբ և դրանց կիրառմամբ կանխարգելել հղիության չհիմնավորված արհեստական ընդհատումները:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ
Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում
«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…
Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…
Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք
Դիտումների քանակը` 6181