Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատարը հրաժարական տվեց
Պռոշյան գյուղի գյուղապետի պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանը դիմել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին՝ խնդրելով դադարեցնել իր լիազորությունները: Արմենուհի Մելիքյանն իր այս քայլը պատճառաբանում է գյուղացիների կազմակերպած բողոքի ակցիաներով, որոնք ըստ տիկին Մելիքյանի գյուղում գռեհիկ վարքագիծ դրսեւորող խմբի անկառավարելի, հակաօրինական եւ անհադուրժելի գործողություններ ու հայտարարություններ էին:
ՙՄիեւնույն ժամանակ դատապարտում եմ մարզպետարանի եւ ոստիկանության անգործությունը՝ ովքեր չկարողացան պաշտպանել օրենքի պահանջները, չկարողացան կամ չցանկացան կատարել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, ինչը այդ խմբին դարձրեց ավելի անկառավարելի եւ սանձարձակ՚,- տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է Մելիքյանը՝ հավելելով, որ նրանք չկարողացան կարգի հրավիրել համայնքային ծառայողներին եւ կոռեկտության կոչել:
ՙԻմ լավագույն ցանկությունները՝ գյուղում թուլացնելու առկա լարվածությունը, մարդիկ վերաորակեցին եւ հրահրեցին արհեստական լարվածություն: Ես շարունակելու եմ ապրել այս գյուղում, եւ թող ամաչեն իմ աչքերին նայել այն մարդիկ, ովքեր չեն կարողանում տիրապետել հասարակ հոդաբաշխ խոսքով հարաբերվելու մշակույթին՚:
Արմենուհի Մելիքյանի գնահատմամբ՝ յուրաքանչյուր ոք դիմացինի մեջ տեսնում է իր բարոյական նկարագիրն ու դիմացինի մասին մտածում նախասիրությունների իր չափանիշով: Գյուղապետի արդեն նախկին պաշտոնակատարը հայտարարել է, որ արհամարհում է իր մասին հնչեցված անհիմն մեղադրանքներն ու կոչ է անում համագյուղացիներին ցուցաբերել զսպվածություն եւ չտրվել սադրանքներին: Մելիքյանը նաեւ կոչ է անում պատկան մարմիններին կանխելու հետագա սանձարձակ դրսեւորումները:
Դիմելով սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հարազատներին՝ Մելիքյանը կոչ է արել չտրվել բանսարկությունների: ՙՈրոշ մարդիկ ինքնագովազդի եւ հանցագործություններ թաքցնելու նպատակով խաղում են Ձեր ազնիվ եւ նվիրական զգացմունքների հետ: Որպես համագյուղացի եւ միմյանց ճանաչող մարդիկ Ձեզ հետ կիսում է Ձեր վիշտն ու Ձեզ հետ հավասար շահագրգիռ եմ ստոր հանցագործության բացահայտմանը՚,- եզրափակել է Արմենուհի Մելիքյանը: Հիշեցնենք, որ Արմենուհի Մելիքյանը նշանակվել էր Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն գյուղացիներն ընդդիմացել էին՝ հայտարարելով, որ նա դրածո է:
Մելիքյանի հրաժարականաից հետո գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի նոր անուն է շրջանառվում: Ամենայն հավանականությամբ Կոտայքի մարզպետն այս պաշտոնում կնշանակի իր օգնականին՝ Վրեժ Մնացականյանին, ով նաեւ ավագանու անդամ է:
Հ. Հ.
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.
Դրածոն դրածո է ՝ կին թե տղամարդ …
Դիտումների քանակը` 3134