Պարույր Հայրիկյան. « Մեր կուսակցությունում 70 տոկոսը կանայք են»
ՀՀ նախագահի թեկնածու , Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեզ հետ զրույցի պահին հիվանդանոցում էր: Հունվարի 31-ին նրա դեմ կատարված մահափորձից հետո դեռեւս չի ապաքինվել, ուսի շրջանում ցավեր ունի: Նա դժվարությամբ, բայց պատրաստակամությամբ համաձայնեց ճեպազրույցի:
–Պարոն Հայրիկյան, մի փոքր հարց կանանց մասին:
-Հնարավոր չէ, կնոջ մասին փոքր:
–Ըստ Ձեզ կինը և քաղաքականությունը համատեղելի՞ բաներ են:
-Չհասկացա, ինչո՞ւ, կինը մարդ չի՞:
– Կան մարդիկ, որ կանանց ներկայությունը քաղաքականության մեջ չեն հանդուրժում…
-Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար կազմում, ներկայացուցչական մարմիններում հենց սկզբից կանաց թիվը եղել է 70 տոկոս: Հիմա էլ է այդքան:
–Բավարար համարո՞ւմ եք Հայաստանում քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության մակարդակը:
-Հայաստանում` ոչ, բայց ԱԻՄ-ում` այո:
Ի դեպ մինչ մահափորձը Հայրիկյանը տարբեր ասուլիսների ժամանակ հայտարարել է, որ ընտրվելու դեպքում հայ աղջիկներին հնարավորություն կտա ծառայել բանակում:
«Մենք միայն պոռոտախոսությամբ չենք զբաղվի, որ մեր աղջիկները, տիկնայք փափկասուն… Ես կարծում եմ, որ մեր աղջիկները կամավորության սկզբունքով պետք է գնան մինչև 10 ամիս ծառայելու, որից 6 ամիսը կսովորեն, 4-ը` կծառայեն: Ծառայության գնալու են տնից և երեկոյան կրկին տուն են վերադառնալու: Զինծառայության համար աշխատավարձ չեն ստանալու, սակայն նրանց առավելություն է տրվելու: Վճարովի համակարգով բուհ ընդունվելու դեպքում պետությունը պետք է հոգա նրանց ծախսերը: Պետական կառույցներում աշխատելու դեպքում էլ նրանք առավելություն են ունենալու չծառայածների նկատմամբ»,-առաջարկել էր Հայրիկյանը:
Նախագահի թեկնածուն ասել էր, որ այս ծրագիրն ինքը դեռևս երեք տարի առաջ ներկայացրել է ՀՀ նախագահին, պաշտպանության նախարարին, սակայն ընթացք չեն տվել:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3882