Պատերազմներից տեղահանվածների թիվն աշխարհում գերազանցել է 70 միլիոնը…
2018թ-ին պատերազմներից, հետապնդումներից և հակամարտություններից փախչող անձանց թիվը գերազանցել է 70 միլիոնը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է, որը արձանագրվել է գրեթե 70 տարվա ընթացքում: Այս մասին է հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ն՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ:
Այսօր լույս տեսած ՄԱԿ ՓԳՀ-ի Գլոբալ միտումների տարեկան զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ գրեթե 70.8 միլիոն մարդ այժմ բռնի տեղահանված է: Համեմատության համար, այս թիվը երկու անգամ բարձր է, քան 20 տարի առաջ, 2.3 միլիոնով ավել է, քան մեկ տարի առաջ, և համապատասխանում է Թաիլանդի և Թուրքիայի բնակչության միջինին:
70.8 միլիոն թիվը զուսպ է, մասնավորապես այն պատճառով, որ Վենեսուելայի ճգնաժամը միայն մասամբ է արտացոլված այս թվի մեջ: Ընդհանուր առմամբ, ըստ ընդունող երկների ներկայացրած տվյալների, 4 միլիոն վենեսուելացի լքել է իրենց երկիրը՝ այսպիսով դարձնելով այս իրավիճակը աշխարհում վերջերս ի հայտ եկած և ամենամեծ տեղահանություններով ուղեկցվող ճգնաժամերից մեկը: Չնայած այս մարդկանց մեծամասնությունը փախստականներին բնորոշ միջազգային պաշտպանության կարիք ունի, այնուամենայնիվ առ այսօր միայն շուրջ կես միլիոնն է պաշտոնապես դիմել ապաստանի համար:
Գլոբալ միտումների զեկույցում նշված 70.8 միլիոն թվի մեջ առկա է երեք հիմնական խումբ: Առաջին խումբը փախստականներն են, այիսնքն՝ մարդիկ, ովքեր ստիպված են փախչել իրենց երկրներից՝ հակամարտությունների, պատերազմների կամ հետապնդումների պատճառով: 2018թ-ին ամբողջ աշխարհում փախստականների թիվը հասել է 25.9 միլիոնի՝ 500,000-ով ավել, քան 2017թ-ին: Այս ընդհանուր թվի մեջ մտնում են նաև 5.5 միլիոն պաղեստինցիներ, ովքեր գտնվում են Միավորված ազգերի կազմակերպության օգնության և աշխատանքների գործակալության հոգածության ներքո:
Երկրորդ խումբը ապաստան հայցողներն են՝ մարդիկ, ովքեր գտնվում են իրենց ծագման երկրից դուրս և ստանում են միջազգային պաշտպանություն՝ սպասելով փախստականի կարգավիճակ ստանալու իրենց դիմումի արդյունքին: 2018թ-ի վերջին ամբողջ աշխարհում հաշվվում էր 3.5 ապաստան հայցող:
Երրորդ և ամենամեծ խումբը, որի թիվը կազմում է 41.3 միլիոն, մարդիկ են, ովքեր տեղահանվել են իրենց սեփական երկրի ներսում. խումբ, որին անվանում են ներքին տեղահահնված անձինք կամ ՆՏԱ:
Տեղահանությունների ընդհանուր աճը շարունակում է գերազանցել տեղահանված մարդկանց համար լուծումներ գտնելու հնարավորությունների մակարդակը: Փախստականների պարագայում լավագույն լուծումը կամավոր, ապահով և արժանապատիվ պայմաններում տուն վերադառնալն է: Մյուս լուծումներն են ինտեգրումը հյուրընկալող համայնքում կամ վերաբնակեցումը երրորդ երկրում: Այնուամենայնիվ, 2018թ-ին վերաբնակեցվել է միայն 92,400 փախստական՝ վերաբնակեցման սպասող մարդկանց 7 տոկոսից էլ քիչ: Մոտ 593,800 փախստական կարողացել է վերադառնալ տուն, մինչդեռ 62,600-ը հպատակագրվել են:
“Ցանկացած փախստականության իրավիճակում, որտեղ էլ այն լինի, որքան էլ երկար շարունակվի, պետք է կայուն շեշտ դրվի լուծումների և խոչընդոտների վերացման վրա, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ տուն”, ասում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին: “Սա բարդ աշխատանք է, որում ՄԱԿ ՓԳՀ-ն մշտապես ընդգրկված է, սակայն որը նաև պահանջում է բոլոր երկրների միավորում ընդհանուր բարիքի համար: Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերներից մեկն է”:
****
2018թ-ի գլոբալ միտումներ. 8 փաստ, որոնք պետք է իմանալ
- ԵՐԵԽԱՆԵՐ՝ 2018թ-ին յուրաքանչյուր երկրորդ փախստական երեխա էր, որոնցից շատերը (111,000) միայնակ և առանց ընտանիքների ուղեկցության:
- ՄԱՆՈՒԿՆԵՐ՝ Ուգանդան զեկուցել է 5 տարեկան և ցածր 2,800 միայնակ կամ ընտանիքներից անջատված փախստական երեխաների մասին:
- ՔԱՂԱՔԻ ՖԵՆՈՄԵՆԸ՝ ավելի հավանական է, որ որպես փախստական դուք ապրեք մեծ կամ փոքր քաղաքում (61%), քան գյուղական շրջանում կամ ճամբարում:
- ՀԱՐՈՒՍՏ ԵՎ ԱՂՔԱՏ՝ Բարձր եկամուտ ունեցող երկրները 1000 բնակչի հաշվով միջինը 2.7 փախստական են հյուրընկալում, միջին և ցածր եկամուտ ունեցող երկրները՝ միջինը 5.8, իսկ ամենաաղքատ երկները հյուրընկալում են աշխարհում բոլոր փախստականների մեկ երրորդին:
- ՏԵՂԱԿԱՅՎԱԾՈՒԹՅՈՒՆ՝ Փախստականների մոտ 80%-ը ապրում են իրենց ծագման երկների հարևանությամբ գտնվող երկրներում:
- ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 5 փախստականից գրեթե 4-ը գտնվում են տեղահանության իրավիճակում, որը տևում է առնվազ հինգ տարի: 5-ից մեկը տեղահանության իրավիճակում է գտնվում 20 տարի և ավելի:
- ՆՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐ՝ 2018թ-ին ապաստանի ամենամեծ թվով դիմումներ ներկայացվել են վենեսուելացիների կողմից (341,800):
- ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ փախտական, ապաստան հայցող կամ ներքին տեղահանված անձանց համամասնությունը ընդհանուր թվի մեջ այսօր կազմում է 1-ը 108-ի. տաս տարի առաջ այդ ցուցանիշը 1-ը 160-ի էր:
Ըստ ՄԱԿ ՓԳՀ մամլո հաղորդագրության
Դիտումների քանակը` 1561