Պաղպաղակ ձմռանը…
Օրերս զբոսնում էի քաղաքում և հանկարծ սիրտս պաղպաղակ ուզեց: Գնեցի և ուտելով շարունակեցի ճանապարհս: Ակամայից նկատեցի ինձ ուղղված զարմացած հայացքները: Չեմ հասկանում, ամբողջ աշխարհում մարդիկ ձմռանը պաղպաղակ են ուտում, իսկ մեզ մոտ դա չգիտես ինչու տարօրինակություն է համարվում: Պետք է պատրաստ լինես անցորդների զարմաքով լի հայացքների, ոմանք էլ կարող են շրջվել, ևս մեկ անգամ համոզվելու համար, որ չեն սխալվել և իրոք ինչ-ոչ մեկի խելքին փչել է ձմեռվա ցրտին պաղպաղակ ուտել: Գոնե ինձ համար, դա բացարձակ անհասկանալի խտրականություն է ուտելիքի հանդեպ: Ինչու՞ , ասենք, պոնչիկներին և խաչապուրիներին այլ կերպ են վերաբերվում:
Հիշում եմ, այս հարցը ինձ մանկուց հետաքրքրել է և միշտ հարցրել եմ. «Մայրիկ, ինչու՞ են Ռուսաստանում ձմռանը պաղպաղակ ուտում, իսկ մեզ մոտ ոչ»: Մայրս փորձում եմ բացատրել, որ մեզանում բնակարանները վատ են ջեռուցվում: Բայց այսօր ջեռուցուման խնդիրը կարծես թե լուծված է: Կարծրատիպը այնուամենայնիվ մնում է և ձմեռը պաղպաղակ ուտելը՝ նոնսենս է համարվում և վերջ: Շատ ժամանակ մարդիկ չեն էլ փորձում վերանայել իրենց կարծիքը: Չնայած գուցե պետք էլ չէ, հաշվի առնելով, որ կարծրատիպը, ըստ էության, անվնաս է: Համենայն դեպս, ձմեռը պաղպաղակ ուտելու կոնկրետ իմ ցանկությունս դրանից չի պակասում… Իսկ այն մեծամասնությանը, որ ցուրտ եղանակին գերադասում է տաք սուրճ ըմպել, կարծրատիպը չի վերաբերվում…
Դրա հետ մեկտեղ՝ մի պահ լրջանանք և հիշենք, որ կան այլ, շատ ավելի վտանգավոր կարծրատիպեր: Դրանք հասարակության կոցմից պարտադրվող այն նորմերն են ու կեղծ պատկերացումները, որոնք ակնհայտ սահմանափակում են մեր անհատականությունը, վարքը, գործողությունները, շատ դեպքերում նաև կյանքը: Դրանց պատճառով մարդիկ կարող են նաև այնպիսի արաքներ գործել, որոնց մասին մտածել իսկ չէին կարող…
Խոսքը, օրինակի համար, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին է: Դժվար թե, այս ճանապարհով ապագա երեխայի սեռը ընտրող ծնողները այնչափ անկեղծանան, որ հասարակությունը ստույգ պատկերացում ստանա այս երևույթի տարածվածության մասին: Բայց դատելով իմ շրջապատում գտնվող կանանց խոստովանություններից ակնհայտ է , որ նրանց այս քայլին դրդում են ամուսինները, որոնք հիվանդագին չափով երազում էին արու զավակ ունենալ: Հարց է ծագում . իրոք այդքան շատ են ուզու՞մ որդի ունենալ, թե՞ դա ուղղակի հասարակության կողմից պարտադրված կարծրատիպն է: գործում: Ընդ որում պարտադրանքը այնքան ուժեղ է ամրագրված գիտակցության մեջ, որ նրանք պատրաստ են ստիպել կնոջը, որ ընդհատի իրենց իսկ երեխայի արդեն ձևավորված կյանքը միայն այն պատճառով, որ աղջիկ է…
Տաս տղամարդկանցից յոթը, որոնց հետ փորձեցի խոսել այս թեմայով խոստովանեցին, որ ավելի շատ դուստրերին են սիրում: Այս դեպքում, գուցե ժամանակն է, որպեսզի երիտասարդ հայրիկները ազատեն իրենց կարծրատիպի ճիրաններից և ,առավել ևս, չզոհաբերեն հանուն դրա իրենց ապագա դուստրերին: Ընդամենը մի պահ պատկերացրեք նրան, ով ձեզ քնքշորեն հայրիկ է անվանում, և որի համար դուք տղամարդու միակ իդեալն եք, և համոզված եմ, նման քայլի չեք դիմի: Ուրեմն, եկեք կոտրենք կարծրատիպերը և ապրենք մեր կյանքով…
Իսկ պաղպաղակի մասին հիշատակումը, համարեք, որ ընդամենը պատրվակ էր կարծրատիպերի մասին խոսելու: Չնայած, իմ կարծիքով, պաղպաղակը ձմռանը ՝ աներևակայելի զգացողություն է …
Ա.Պ.
Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.
«160 մլն մարդ սեռի պատճառով լույս աշխարհ չի եկել»
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …
Բավական, Հերիքնազ … արդեն իսկ խոսուն անուններ են»…
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Դիտումների քանակը` 5447