«Չհանձնվելու իմ պատմությունն ամփոփել եմ իմ գրքում».  Անի Քոչար

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան գրառում է  արել՝  անդրադառնալով  իր առաջին գրքին, որը քաղցկեղը հաղթահարելու մասին է: Գիրքը լույս կտեսնի այս տարվա գարնանը: Հիշեցնենք, որ WomenNet.am- ն առիթ է ունեցել   զրուցելու  Անի Քոչարի հետ 2013-ին , երբ   նա «Բարև Երևան» դաշինքի կազմում  առաջադրվել էր Երևանի ավագանու ընտրություններում: Սակայն այս անգամ իր պատմությունը քաղաքականության մասին չէ, այլ կյանքի ու մահու պայքարի:

 

Աշխարհում ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են լսում մահվան դատավճիռ թվացող ախտորոշումը. «Ցավում ենք, սակայն Դուք քաղցկեղ ունեք»: Քաղցկեցը 21-րդ դարի ամենասարսափելի հիվանդություններից է: 2018-ին քաղցկեղից մահացել է 9 մլն. 600 հազար մարդ։ Քաղաքակիրթ աշխարհը խոսում է այս մասին, օգնում դժվարին պայքարում և ամենակարևորը՝ տեղեկացնում է կանխարգելման հնարավոր տարբերակների մասին: Ահա ինչու է փետրվարի 4-ը հռչակվել քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:

 

Իսկ ի՞նչ է արվում մեր երկրում։ Գրեթե ոչինչ։ Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում օնկոլոգիական հիվանդությունները 70 տոկոս ավելացել են։ Ընդ որում քաղցկեղային հիվանդությունների գրեթե կեսն ախտորոշվում է 3-րդ և 4-րդ կարգի բարդությունների ժամանակ. պատճառը հաճախ ոչ բավարար տեղյակ լինելն է, ժամանակին չստուգվելը կամ որևէ կանխարգելիչ միջոց չձեռնարկելը: Քաղցկեղով հիվանդ բազմաթիվ մարդիկ ամաչում են խոսել իրենց հիվանդության մասին, իսկ հայտնի անձինք 7 փակի տակ են պահում իրենց գլխով անցածը:

 

Ոչ ոք հիվանդություններից ապահովագրված չէ, բայց յուրաքանչյուր մարդու թվում է, թե դա կարող է պատահել ում հետ ասես, միայն ոչ՝ իր կամ իր հարազատի: Սա ամենամեծ մոլորությունն է: Երբ ե՛ս բախվեցի այդ խնդրին, շոկ ապրեցի։ Հետո հիվանդության դեմ պայքարի ծանր փուլ սկսվեց իմ կյանքում։ Հետո եկավ ապաքինումը։ Այդ ընթացքում, ի տարբերություն շատերի, ես չեմ լռել, չեմ ամաչել իմ հիվանդությունից։ Պատմել եմ, թե ինչերի միջով եմ անցել, ինչ ծանր փուլեր եմ հաղթահարել։

 

Այդ ժամանակ չեմ մտածել, որ իմ գրառումները կարող են օգնել մյուսներին։ Ես ուղղակի անկեղծ եմ եղել իմ ընկերների ու հետևորդների հետ։ Հետո միայն պետք է զգայի, թե որքա՜ն մարդկանց եմ ակամա օգնում: Որքա՜ն մարդկանց է գոտեպնդում իմ պայքարի ուղին, խթանում՝ իմ հաղթանակը: հուսադրում՝ իմ չհանձնվելը, չընկրկելը: Եթե միայն իմանայիք, թե ամեն օր քանի նամակ եմ ստանում: Մարդիկ ցանկանում են խոսել իրենց բաժին հասած ցավերի մասին, ցանկանում են սովորել` ինչպե՛ս չհանձնվել:

 

Չհանձնվելու իմ պատմությունն ամփոփել եմ իմ գրքում։ Ընթերցողի առջև այնքան բաց ու անկեղծ եմ եղել, որ գրելիս երբեմն ինձ հարց եմ տվել. նախապաշարումներով լի մեր հասարակությունն ինչպե՞ս կընդունի այդչափ անձնական սյուժեն: Մի բան հաստատ գիտեմ. իմ կյանքի առաջին գիրքը շատերի համար կարող է օրինակ դառնալ: Թեկուզ հարյուրավոր ձախողումներից հետո էլ չհանձնվելու, պայքարելու և կյանքը սիրելու օրինակ:

 

Այս գիրքը քաղցկեղի մասին չէ, այլ կյանքը շատ սիրելու, մեծ հավատով պայքարելու և երբեք չհանձնվելու մասին է: Չհանձնվել անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, երբ չգիտես՝ ևս մեկ լուսաբաց կդիմավորե՞ս, թե՞ ոչ։ Այս գիրքը ներարկելու է ապրելու շատ մեծ ցանկություն, անսասան հավատ և կյանքի ամեն րոպեն գնահատելու մղում:

 

Մոտիվացնող գրականության այս մի հատորը կարող է դառնալ կյանքի դժվարին փուլում գտնվող յուրաքանչյուր անհատի սեղանի գիրքը: Այն կյանքի կոչելու համար շնորհակալ եմ Newmag հրատարակչատանն ու հատկապես Արտակ Ալեքսանյանին: Գիրքն այժմ խմբագրման փուլում է և լույս կտեսնի գարնանը։

 

Աղբյուրը՝ Անի Քոչարի ֆեյսբուքյան էջ  

 

Դիտումների քանակը` 1118

Գլխավոր էջ