«Չլինել անտարբեր բռնության հանդեպ». քայլարշավ Երևանում
Նոյեմբերի 25-ին մեկնարկող Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավին ընդառաջ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին հանրապետությունում կանանց նկատմամբ բռնությունների իրենց ունեցած վիճակագրությունը, բռնությունների բնույթը, քարոզարշավի ընթացքում Հայաստանում իրականցվելիք միջոցառումները:
992 առաջնային զանգ, որոնց 48 տոկոսը՝ հոգեբանական բռնության մասին
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրը Երևանում կանցկացվի քայլարշավ՝ «Չլինել անտարբեր բռնության հանդեպ» խորագրով: Երթը կմեկնարկի Տերյան փողոցի 105 հասցեից՝ Պոլիտեխնիկական համալսարանի բակից: Մասնակիցները կանցնեն հետևյալ երթուղով՝ Երիտասարդական մետրոկայարան-Ալեք Մանուկյան փողոց-Խանջյան փողոց-Մանկավարժական համալսարան: Երթուղու ընտրությունը պատահական չէ: Քանի որ սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացիների կերտումը որոշակիորեն կախված է ԲՈՒՀ-ական համակարգից, այս տարի քարոզարշավի միջոցառումներ հասցեագրված են երիտասարդությանը։
Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը որաշ թվեր ներկայացրեց այս տարվա ընթացքում՝ հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրենց կազմակերպության՝ Երևանում ու յոթ մարզերում գործող թեժ գծերով ստացած ահազանգերի հիման վրա:
«Այդ ընթացքում մենք ստացել են 992 առաջնային զանգ, երբ կինն առաջին անգամ է տեղեկացնում իր նկատմամբ իրականացված բռնության մասին: Այսինքն, օրական ավելի քան 3 կին առաջին անգամ դիմում է մեզ այդ խնդրի հետ կապված»,-ասաց Ա. Առաքելյանը, նշելով, որ կազմակերպությանն ուղղված զանգերի 48 տոկոսը եղել են հոգեբանական բռնության մասին՝ ստորացումների, նվաստացումների, սպառնալիքների, 50 տոկոսը՝ ֆիզիկական բռնությունների, 2 տոկոսը՝ սեռական բռնությունների վերաբերյալ էին:
Բանախոսը նշեցին, որ բռնության խնդիրներով զբաղվող յոթ կազմակերպությունների տվյալներով տարեկան շուրջ 2 հազար ահազանգ է գրանցվում ընտանեկան բռնության մասին:
«Նախորդ տարվա համամետ ֆիզիկական բռնության վերաբերյալ զանգերի թիվն ավելացել է: Ինչ վերաբերում է սեռական բռնություններին, ապա այստեղ խնդիր կա, քանի որ կանայք դրա մասին շատ քիչ են բարձրաձայնում: Հոգեբանների՝ կանանց հետ աշխատանքի ընթացքում պարզվում է, որ ամեն երրորդ դեպքում առկա է նաև սեռական բռնություն, այլ հարց է, որ կանայք երեբեմն չեն գիտակցում,որ ենթարկվում են ամուսնական բռնաբարության եւ միայն մասնագետների օգնությամբ են հասկանում, որ տեղի ունեցածը ամուսնական բռնաբարություն է»,-ասում է Աիդա Առաքելյանը:
Կանանց աջակցման կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Նինա Քանքանյանի կարծիքով, հայ հասարակությունը չի ընկալում ընտանեկան բռնությունը որպես պրոբլեմ: «Որքան էլ որ մենք վիճակագրություն ներկայացնենք, այնուամենյանիվ այն հստակ պատկերը ցույց չի տալիս, քանի որ կանայք հասարակական կարծիքի պատճառով չեն բարձրաձայնում բռնությունների մասին»,-կարծիք հայտնեց բանախոսը:
Նա էլ որպես օրինակ վկայակոչեց իրենց կազմակերպության կողմից ստեղծված «Ապահով տուն» գաղտնի կացարանի վիճակագրությունը: Այն նախատեսված է ընտանեկան բռնության ենթարկված, կյանքին վտանգ սպառնացող կանանց ու նրանց երեխաների համար, եւ դրա նպատակն է կնոջն ու երեխաներին մեկուսացնել բռնարարից ու պաշտպանել նրանց կյանքը:
Խնդիրների մասին կանայք ահազանգում են թեժ գծին՝ 099 88 78 08:
Վերջին 3 տարիների ընթացքում կացարանում մոտ 200 կին և երեխա է ապաստանել, իսկ կազմակերպության իրավաբանական, խորհրդատվական և հոգեբանական ծառայություններից հինգ տարվա ընթացքում օգտվել է շուրջ 600 կին ու երեխա: Խնդիրների մասին կանայք ահազանգում են կազմակերպության թեժ գծին՝ 099 88 78 08:
Հաճախ են լինում դեպքեր, երբ ամուսնու, նրա ընտանիքի անդամների կողմից բռնությունների ենթարկվող կնոջը հայրական ընտանիքն էլ հրաժարվում է իր տանիքի տակ առնել:
«Հասարակության մեջ կա հանդուրժողականություն ընտանեկան բռնության հանդեպ, շատերի մոտ չի ընկալվում բռնությունը որպես հանցանք, քանի որ մենք չունենք օրենք ընտանեկան բռնության մասին: Մեր աշխատանքների մի մասն ուղղված է հենց հասարակության մեջ անհանդուրժողականության ձևավորմանը, որպեսզի կանայք չվախենան բարձրաձայնել իրենց հանդեպ բռնությունների մասին: Փորձը ցույց է տալիս, որ կանայք մեզ դիմում են այն ժամանակ, երբ այդպես ապրելն այլևս անհնար է դառնում»,-ասաց Քանքանյանը:
Բռնության ենթարկված կանանց աջակցություն ցույց տվող կազմակերպության աշխատակիցը խոստովանում է, որ հաճախ ինքն ու գործընկերներն էլ ենթարկվում են բռնությունների:«Շատ հաճախ բռնարար ամուսիները գտնում և սպառնում են մեզ, դա ՞ կարծես թե, դարձել է մեր աշխատանքի մի մասը»,-ասաց նա:
Քանքանյանը պատմեց նաեւ այն դժվարությունների մասին, որոնց բախվում են իրենց աշխատանքի ընթացքում: «Օրինակ, եթե ամուսինը սպառնում է սպանել կնոջը, նա երեխայի հետ տեղոփոխվում է «Ապահով տուն», դպրոցահասակ երեխային մի դպրոցից մյուս դպրոց գաղտնի տեղափոխելու մեխանիզմ չկա: Ամեն անգամ մենք փորձում ենք այլընտրանքային ուղիներ գտնել: Շատ խնդիրներ կան կապված ԴԱՀԿ աշխատանքի հետ, երբ դատարանի որոշմամբ երեխաները հանձնվում են մորը, սակայն ԴԱՀԿ-ի անգործության պատճառով չեն վերադարձվում նրան», – ասաց նա, նշելով, որ ԴԱՀԿ վատ աշխատանքի դեմ ակցիաներ էին կազմակերպել, բաց նամակով դիմել Կառավարությանը: Դրանից հետո, նրա խոսքով, երկու հաջողված դեպք են ունեցել, սակայն հարյուրավոր երեխաների ճակատագիր դեռ մնում է օդում կախված:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 4107