Ուսումնասիրություն. «Ազատազրկված կանանց իրավունքները Հայաստանում»/ տեսագրություն
Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը մայր է, և կա երեխաների հետ տեսակցության խնդիր: Ազատազրկումը կանանց վրա ազդում է ավելի բացասաբար, քան տղամարդկանց. կանանց 80 տոկոսն ազատազրկումից հետո ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, նրանք ավելի շատ են ենթարկվում պիտակավորման, քան տղամարդիկ: Կալանավայրում ազատազրկված կանանց տղամարդիկ այցելում են ավելի քիչ, քան հակառակը:
Ազատազրկված կանանց առանձնահատկությունների վերբերյալ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավապաշտպան ՀԿ-ն անցկացրել է ուսումնասիրություն` պարզելու, թե որքանով են պաշտպանված այդ կանանց իրավունքները Հայաստանում: Այս պահին հետազոտությունն ավարտված է գործող օրենսդրության մասով, հետագայում կազմակերպության ներկայացուցիչները մտադիր են ծանոթանալ նաև ազատազրկման վայրերում կանանց պահման պայմաններին ու ներկայացնել համապարփակ արդյունքներ:
«Մեդիա Կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը նշեց, որ նախաձեռնությունն իրականացվում է այս տարվա նոյեմբերից «Քաունթեր փարթի ինթերնեյշնլ» կազմակերպության ու Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Նպատակը՝ ազատազրկված կանանց պահման պայմանների ու կանանց նկատմամաբ այլընտրանքային պատժի կիրառման խնդիրների վերհանումն է:
«2010-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Ազատազրկված կանանց վարվեցողության կանոնների և կանանց նկատմամբ այլընտրանքային պատիժներ կիրառելու փաստաթուղթ, որն ավելի հայտնի է Բանկոգի կանոններ անունով», – հիշեցրեց Հ. Հարությունյանը, մեկնաբանելով, որ փաստաթուղթն ասում է, որ ազատազրկված կանանաց ու տղամարդկանց համար միևնույն պայմանների ապահովումը դեռևս չի նշանակում խտրականության բացառում:
«Կանանց սեռային առանձնահատկություններից ելնելով առաջ է քաշվել այն տեսակետը, որ ազառազրկված կանանց նկատմամբ պետք է սահմանվեն վարվեցողության առանձնահատուկ կանոններ պահման պայմանների մասով, և կանանց նկատմամաբ պետք է խրախուսվեն այլընտրանքային պատիժները»,-ասաց բանախոսը:
Վկայակոչելով միջազգային պրակտիկան ու վիճակագրությունը, նա նշեց, որ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, ամբողջ աշխարհում ազատազրկման մեջ գտնվող կանանց 80 տոկոսն ունենում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, այսինքն ազատազրկումը կանանց վրա ավելի ծանր հետևանքներ է ունենում, քան տղամարդկանց, բացի այդ էլ, կանայք ազատազրկումից հետո ավելի շատ են ենթարկվում պիտակավորման, նրանց հետ ընտանիքի հետ կապն ավելի շուտ է խզվում, քան տղամարդկանց դեպքում:
Ի՞նչ են ցույց տվել հայաստանյան ուսումնասիրություններն այս առումով:
«Հայաստանում 2013թ. օգոստոսի տվյալներով «Աբովյան» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրում է 204 կին: Յուրաքանչյուր 10-ից 8-ը մայր է: Առավել մեծ թվով կանայք դատապարտվել են թրաֆիքինգի, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով»,-ներկայացրեց ՀԿ ներկայացուցիչը, նկատելով, որ նման հանցագործությունների դեպքում ըստ Բանգկոկի կանոնների, պետք է գործեն այլընտրանքային պատժի եղանակներ, մինչդեռ Հայաստանում նրանք անազատության մեջ են:
«Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, կարելի է ասել, այլընտրանքային պատիժ կիրառելու դեպքում ավելի հեշտ է եղել նրանց վերաինտեգրումը հասարակության մեջ»,-դրանց արյունավետության մասին ասաց բանախոսը, շարունակելով, որ կանանց նկատմամբ այլընտրանքային պատիժ կիրառելու պրակտիկան պիտի խթանվի նաև Հայաստանում:
Բանգկոկի կանոններում նշված է, որ ՔԿՀ-ները կառուցելիս կանանց հաշվի չեն առել, շենքային պայմանները հարմարեցված են միայն տղամարդկանց:
Քննարկմանը մասնակցող փաստաբան Տիգրան Սաֆարյանն էլ ընդգծեց, քանի որ կանայք ունեն առանձնահատկություններ, նրանց նկատմամբ պատիժն էլ պետք է այլ ձևով կիրառվի.
«Բայց այժմ Հայաստանում ազատազրկված կանայք համահավասար վերաբերմունքի են արժանանում: Բացառություն են կազմում միայն հղի կանայք և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանայք այն կանայք:
Նա նկատեց, որ անչափահասների դատապարտման դեպքում կան սահմանափակումներ: «Երևի նպատակահարմար կլինի նման առանձնահատկություններ սահմանել նար կանանց դեպքում: Կանանց համար գոնե պատժի առավելագույն շեմը չլինի նույնը, ինչ տղամարդկանց համար»,- կարծում է նա:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի Մոնիթորինգի և սոցիոլոգիական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ավետիք Մեջլումյանն էլ հայտարարեց, որ իրենք պատրաստվում են մոնիտորինգ իրականացնել նաև այն դատական գործերում, որտեղ կին ամբաստանյալ է ներգրավված:
Հ. Կարապետյան
Դիտեք Մեդիա կենտրոնի տեսագրությունը ասուլիսից.
Քննարկման բանախոսներն էին. Հայկուհի Հարությունյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, փաստաբան, Ավետիք Մեջլումյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի Մոնիթորինգի և սոցիոլոգիական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար, Տիգրան Սաֆարյանը՝ փաստաբան:
Դիտումների քանակը` 5824