Ուշադրություն՝ կանանց խնդիրների վերաբերյալ մրցույթի արդյունքներն հայտնի են
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 17:00, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) կներկայացնի Ռադիո Վանի հետ համատեղ ջանքերով ստեղծված ռադիո հաղորդում`նվիրված Հայաստանում կանանց խնդիրներին, որը կարող եք ունկնդրել FM 103.0 հաճախականությամբ: Հաղորդումն ամփոփելու է Հայաստանում կանանց խնդիրներին նվիրված ռադիո և տեսանյութերի մրցույթը:
Մրցույթին ներկայացվել է 12 ռադիո եւ տեսանյութ, որոնք վերաբերում են կանանց խնդիրներին, այդ թվում`ընտանեկան բռնությանը, խտրականությանը եւ նախածննդյան ընտրության սկզբունքով հղիության արհեստական ընդհատմանը:
Հաղորդման ընթացքում կներկայացվեն մրցույթի հաղթողները, ինչպես նաև «Կինը եւ քաղաքականությունը» թերթի, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից հատուկ մրցանակների արժանացած նյութերի հեղինակների անունները:
Ռադիո հաղորդման հյուրերն են` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գծով օգնական Մհեր Մանուկյանը, «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի նախագահ, «Կինը եւ քաղաքականությունը» թերթի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը և IWPR հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ղազարյանը:
Ռադիո հաղորդման ուղիղ եթերում կհեռարձակվեն մրցույթի հաղթող ճանաչված նյութերը եւ կքննարկվեն բարձրացված խնդիրները:
Հաղորդման ընթացքում նաեւ կխոսվի այն խնդիրների եւ մարտահրավերների մասին, որոնց բախվում են կանայք քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում:
Մրցույթի հաղթողներին մրցանականեր կհանձնվեն դեկտեմբերի 3-ին, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում (հասցե`Եզնիկ Կողբացի 39):
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին հայտարարված մրցույթի նպատակն էր աջակցել Հայաստանում կանանց խնդիրների ակտիվ լուսաբանմանը`նպաստելով ժողովրդավարական պատասխանատվության ձեւավորմանը, ինչպես նաեւ կանանց հիմնախնդիրների նպատակային եւ համապարփակ լուսաբանմանը:
Մրցույթի հայտարարությունը ներկայացվել էր նաեւ մեր կայքում.
Կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթ
Կանանց խնդիրների վերաբերյալ ռադիո և տեսանյութերի մրցույթի հաղթողները
Դիտումների քանակը` 3530