Ու՞մ է ձեռնտու կանանց հասարակական կազմակերպությունների վարկաբեկումը
Երեկ Մեդիա-Կենտրոնում կայացած քննարկման ընթացքում առնվազն երկու ուշագրավ հարցադրում հնչեցվեց: Առաջինը, որ ատելության ու ստի վրա հիմնված քարոզով համահայկական արժեքներ չեն պահպանում…Եվ երկրորդը, ու՞մ է ձեռնտու կանանց հասարակական կազմակերպությունների վարկաբեկումը: Ու թեպետ պատասխան, ըստ էության, չէր էլ ակնկալվում , եզրակացությունն ակնհայտ էր՝ երկու դեպքում էլ տուժում է հասարակությունը:
«Ես ատելության խոսքը կոչում եմ մահվան քարոզ: Անպայման կգտնվի մի անմեղսունակ, որը կյանքի կարող է կոչել այդ ամենը», – նշեց քննարման մասնակից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, անդրադառնալով Կանանց ռեսուրսային կենտրոնի» հասցեին հնչեցվող սպառանալիքներին, ընդհուպ մինչև բնակելի շենքում տեղակայված կենտրոնը պայթեցնելու կոչերին:
Հիշեցնենք, որ այդ կապակցությամբ կենտրոնը ստիպված էր ոստիկանություն դիմել: Իսկ սպառնալիքներ հնչեցնողը՝ սոցիալական ցանցերում ինքնահռչակված Համահայկական ծնողական կոմիտեն է, որը, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանի բնորոշմամբ , սկսեց իր գործունեությունը` օգտագործելով մարդկանց ոչ բավարար տեղեկացվածությունը, սխալ ներկայացնելով «գենդեր» եզրը և ատելություն քարոզելով:
Ի դեպ, բանախոսները՝ պատասխանելով լրագրողների հարցերին փորձեցին բացատրել , որ իրականում «գենդերը»՝ սոցիալական սեռն է, այսինքն հասարակության կողմից թելադրվող կնոջ ու տղամարդու վարքագիծն է, հասարակության մեջ նրանց դերն ու դիրքը, հասարակության սպասելիքներն են յուրաքանչյուր սեռի հանդեպ: Այս ամենը անշուշտ ձեռքբերովի է ՝ քանի որ անձի սոցիալականացման արդյունքում է ձևավորվում , այնպես որ «ձեռքբերովի» բառի շուրջ բարձրացված աղմուկն արհեստական ու անհիմն է: Բացի այդ, տվյալ հասարակության կողմից կնոջ կամ տղամարդու ընդունելի կերպարը փոփոխվող է պատմական ժամանակահատվածի, մշակութային նորմերի, կրոնի և այլ գործոնների ազդեցության ներքո: Հենց այդ իմաստով է «գենդերը» փոփոխական, այլ ոչ թե սեռի փոփոխություն է ենթադրում, ինչպես դա փորձում են ներկայացնել որոշ նորահայտ գործիչներ՝ միտումնավոր մոլորեցնելով հանրությանը:
Բացատրություններն, ընդհանուր առմամբ սպառիչ էին, նույնիսկ պատկերավոր, իսկ թե ինչքանով լսելի էին, կախված է միայն « թացը չորից» տարանջատելու լսողի պատրաստակամությունից: Հետասուլիսյան ռեպորտաժների դիտարկումը ցույց տվեց, որ հակաքարոզի «սուրբ» գործին լծված որոշ մարդիկ լսեցին միայն այն, ինչ ուզում էին լսել…
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Աննա Նիկողոսյանի հարցադրումը կանանց ՀԿ-ների դեմ հնչեցվող զրպարտանքներին էր վերաբերվում:
«Հարց է առաջանում, ու՞մ է ձեռնտու քարկոծել կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին և ճնշել նրանց քաղաքացիական ակտիվիզմը: Որն էլ լինի հետապնդվող նպատակը, կանանց ՀԿ-ներն ակտիվորեն շարունակելու են իրենց գործունեությունը, քանզի մեր գործունեությունը բաց է և թափանցիկ, մեր կողմից արձանագրված արդյունքները՝ շոշափելի, իսկ մեր աշխատանքը՝ թեև ոչ այնքան գնահատելի, բայց կարևորը՝ անձնվեր և հանրօգուտ», – ասաց Աննան, ներկայացնելով կանանց կազմակերպությունների գործունեությունը:
Նրա խոսքով ատելության զոհ դարձած կանանց ՀԿ-ները միջինում 10 տարվա գործունեության փորձ ունեն և այս ընթացքում տասնյակ հազարավոր կանանց են օգնել` մասամբ իրենց վրա վերցնելով նաև պետության պարտավորությունները:
Ընդամենը մեկ օրինակ հիշեցրեց բանախոսը.
«Հենց կանանց կազմակերպություններն էին, որ ոտքի ելան Նուբարաշենի հատուկ դպրոցի մանկապիղծ-մանկավարժ Լևոն Ավագյանի դեմ , կանանց կազմակերպություններն են, որ մինչ օրս պայքարում են մանկապղծության դեմ, մինչդեռ այսօր մեզ զրպարտում են` մանկապղծության քարոզչություն վերագրելով»…
«Գտնում եմ , որ միտումնավորված զրպարտությունները, ստերը և ատելության մթնոլորտը, որ կա հասարակության մեջ, պետք է անպատիժ չմնա, պետությունը մեծ պատասխանատվություն ունի»,- կարծիք հայտնեց Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը:
Ի դեպ, բանախոսները ստիպված էին հիասթափեցնել լրագրողներից մեկին, ով ապացոյցներ էր փնտրում, որ կանանց ՀԿ-ները իբր « ընտանիքներ են քանդում » ` բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելով: Լարա Ահարոնյանի խոսքով, աջակցությունը կայանում է նրանում, որ ընտանեկան բռնությունից տուժած կանանց բացատրում են իրենց իրավունքները, հարկ եղած դեպքում հոգեբանական օգնություն ցուցաբերում, իսկ հետագա անելիքների մասին որոշումը կինն ինքը պետք է ընդունի …
Ինչ վերաբերում է ապաստան դիմող կանանց, ապա Մարո Մաթոսյանի դիտարկմամբ, այստեղ գալիս են կանայք, ում կյանքին իրական վտանգ է սպառնում և ովքեր տեղ չունեն փախչելու: Խոսքը այն դեպքերի մասին է, երբ, ինչպես ասում են, « դանակը ոսկորին է հասել» և կինը կանգնած է դաժան ընտրության առջև ` պահպանել ընտանիքը թե իր կյանքն ու երեխաների հոգեկան առողջությունը…
Փաստերը , որ կանայք իրականում են կանգնում նման ընտրության առջև, ցավոք սրտի քիչ չեն, միայն այս տարվա մեջ արձանագրվել է կանանց մահվան ելքով ընտանեկան բռնության 7 դեպք, ինչի հետևանքով 12 երեխա որբ են մնացել…
Թվում էր, որ կյանքի նման իրավիճակում հայտնված կանանց օգնության ձեռք մեկնելու առաքելությունը քննադատելու հիմքեր չկան: Պարզվում է ՝ ոչ բոլորն են դրա հետ համաձայն: Հարցի վերաբերյալ համառորեն կասկածներ հայտնող իր կոլեգային Լևոն Բարսեղյանը ստիպված էր խորհուրդ տալ ՝ լրագրողական հետաքննություն անցկացրեք, օգտագործեք ձեր մասնագիտական հմտությունները` համոզվելու համար ինչ կարգի օգնություն են իրականում ստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք…
Անդրադարձ եղավ և աղմկահարույց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքին :
«Մեր կազմակերպությունը չի զբաղվել այդ օրենքով, թեև մենք իրականում այն լավ օրենք ենք համարում մեր հասարակության համար: Չգիտեմ, թե ինչու մեզ վրա անդրադարձավ նաև այդ օրենքի հետ կապված ագրեսիան »,- նշեց կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը, նկատելով , որ իր համար առնվազն զարմանալի է, երբ օրենքին կողմ քվեարկած պատգամավորներն են այդ նույն օրենքի հակաքարոզչությամբ զբաղվում:
Նրա խոսքով, այս ամենում կարևոր դերակատարում ունի «Համահայկական ծնողական կոմիտեն», որը և ստեղծել է վախի մթնոլորտ` ազդելով մարդկանց էմոցիաների, սակայն ոչ երբեք ինտելեկտի վրա: Ավելին, Լ.Ահարոնյանը զուգահեռներ է տեսնում այդ կոմիտեի ստեղծման և Հայաստանի եվրաինտեգրման դեմ հնչեցվող կոչերի միջև, որոնք հատկապես ակտիվացան այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ աշնանը սպասվող Հայաստան –ԵՄ համաձայնագրի նախաստորագրման մասին:
Նշենք, որ Կանանց ռեսուրսային կենտրոնի դեմ հնչած սպառնալիքները արդեն իսկ դատապարտել են մի շարք հկ-ներ: Մոտ 30 ՀԿ-ներ միացել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությանը, որով պահանջում են, «որպեսզի ՀՀ ոստիկանությունը, կատարելով իր պարտականությունները, ապահովի Կանանց ռեսուրսային կենտրոնի, նրա անձնակազմի անվտանգությունը և բացահայտի Կազմակերպության և առանձին աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնողների ինքնությունը»:
Էնզելա Մակարյան
Կարդացեք եւ դիտեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
Ո՞վ եւ ինչու՞ է ատելություն տարածում կանանց ՀԿ-ների նկատմամբ
Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը
ՀԿ-ների հայտարարությունը՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ
Դիտումների քանակը` 4117