«Որևէ մեկը չի կարող ավելի լավ ներկայացնել իր երկիրը,  քան աշխատող մայրը»

 

Նոր Զելանդիայի կին վարչապետն  աշխարհի ուշադրության կենտրոնում

 

Աշխարհի ուշադրությունն այս օրերին ուղղված է դեպի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի կենտրոնակայան, որտեղ սեպտեմբերի 25-ին կմեկնարկի կազմակերպության 75-րդ  նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում պետությունների ու կառավարությունների ղեկավարները բարձրաձայնելու են գլոբալ խնդիրները, դրանց լուծման ուղղված քայլերը։  Նստաշրջանին մասնակցում են  93 երկրների  նախագահներ, 41 վարչապետեր ու 55 արտաքին գործերի նախարարներ:

 

 

Մինչ նստաշրջանը թեմատիկ գագաթաժողովներ ու այլ միջոցառումներ են անցկացվում, օրինակ, արդեն  տեղի են ունեցել «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովը,  Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովը և այլն։ Այս անցուդարձի ընթացքում միջազգային լրատվամիջոցների աչքից չի վրիպել Նոր Զելանդիայի  վարչապետ Ջասինդա Արդերնը, ով  նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է երեք ամսական դստեր հետ։

 

Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովում մինչ վարչապետ Ջասինդա Արդերնը ելույթ էր ունենում ամբիոնից՝ կարևորելով  Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին առաջնորդի՝ իր երկրի վրա ունեցած «մեծ ազդեցությունը», դահլիճում նստած  նրա զուգընկերը՝ Քլարք Գեյֆորդը գրկում զբաղեցնում էր փոքրիկ Նեվեին։ Գեյֆորդն թվիթերի իր էջում հրապարակել է նաև Նեվեի բեյջը, որի վրա փակցված է աղջնակի բարուրով նկարը։

 

 

Վարչապետը ծննդաբերել էր հունիսին, և ընդամենը վեց շաբաթ մնալով դեկրետային արձակուրդում  վերադարձել աշխատանքի: Փոքրիկ Նեվեն կրծքի կաթով է սնվում, հետևապես, ինչպես վարչապետն է ասում, վեցօրյա օտարերկրյա այցի իր հետ միասին մեկնելու մասին որոշումը շատ գործնական էր: «Ընդհանրապես, Նոր Զելանդիայում Նեվեն իմ կողքին շատ ժամանակ է անցկացնում»,-ասել է վարչապետ տիկինը լրատվամիջոցներին։ Նոր Զելանդիայի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ ինքն է հոգալու զուգընկերոջ Նյու Յորք գալու, կեցության ու սննդի ծախսերը, քանի որ նա իր ԱՄՆ է եկել նախ և առաջ դստերը խնամելու նպատակով։

 

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն էլ ասել է. «Վարչապետ Արդերնը ցույց է տալիս, որ որևէ մեկը չի կարող ավելի լավ ներկայացնել իր երկիրը,  քան աշխատող մայրը»։

 

Ինքը տիկին վարչապետը մի առիթով ասել էր.  «Ես միաժամանակ աշխատող և երեխա դաստիարակող առաջին կինը չեմ: Հասկանում եմ, որ իմ իրավիճակն առանձնահատուկ է, բայց գիտեմ, որ բազմաթիվ կանայք ինձնից առաջ հաջողությամբ գլուխ են հանել աշխատանքը և մայրությունը համատեղելուց»:

 

BBC-ն լուսանկարներ է հրապարակել գագաթաժողովից ու հիշեցրել, որ Արդերնը երկրորդ կինն է աշխարհում, ով ծննդաբերում է  երկրի բարձրագույն պաշտոնը ստանձնելու ընթացքում։ Առաջինը՝ Պակիստանի կառավարության նախկին Բենազիր Բհուտոն է. նրա դուստրը ծնվել է 1990 թվականին:

 

Նշենք, որ  Նոր Զելանդիան ամենահաջողակ պետություններից մեկն է գենդերային հավասարության համար պայքարում: Արդեռնից առաջ կառավարության ղեկավարի պաշտոնը  զբաղեցրել է  ևս երկու կին՝ Հելեն Քլարկը և Ջենի Շիպլին: Բացի այդ, երկրում գրանցված է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի ամենաքիչ տարբերությունը:

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 2311

Գլխավոր էջ