Որտեղի՞ց է սկսվում բռնությունը / վիդեո

 

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության  մի խումբ ակտիվիստներ սեպտեմբերի 5-ից  Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում քայլարշավ էին կազմակերպել ՝ ընդդեմ գենդերային բռնության:  Ինչպես և խոստացել էին եզրափակիչ ասուլիսը անցկացրեցին Երևանում՝ սեպտեմբերի 10-ին: Քայլարշավի  ընթացքում 19 գյուղեր ու քաղաքներ էին այցելել, զրույցներ անցկացրել շուրջ 3000 կանանց հետ:  Նպատակը՝  գենդերային հիմքով բռնության վերաբերյալ իրազեկության բարձրացումը հատկապես գյուղական համայնքներում, որտեղ ՀԿ-ներ գրեթե չկան ու իրազեկվելու կամ աջակցություն ստանալու հնարավորություն նույնպես չկա:

 

 

… Աշտարակում ուղեցույցներ բաժանելիս  մտել էին  մի խանութ, որտեղ  աշխատողներից երեքը  կանայք են եղել, իսկ մեկը՝ տղամարդ: Երբ ասել են, որ  կանանց իրավունքների և անվտանգության հետ կապված նյութեր  են  բաժանում, տղամարդը արձագանքել  է. «Կանայք ինչ են, որ իրենց իրավունքներն ինչ լինեն»… Պատմելով այս  դեպքը ասուլիսի ժամանակ քայլարշավի մասնակիցները նկատեցին, որ  բռնությունը հենց այստեղից է սկսվում, նման արտահայտություններից, ու երևի թե հենց կանայք պետք է  պայքարեն ու թույլ չտան , որ իրենց հանդեպ  նման վերաբերմունք լինի …

 

 

«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը տեղեկացրեց, որ հանդիպումներ են կազմակերպել նաև դպրոցներում, զրույցներ են ունեցել ինչպես ուսուցիչների, դպրոցների տնօրենների, այնպես էլ դեռահասների հետ: Օրինակ,  Արթիկում բուռն քննարկում է տեղի ունեցել  ակտիվիստների և ավագ դպրոցի աշակերտների հետ՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների վերաբերյալ:  «Դպրոցներում արձագանքը դրական էր և խոստացան, որ անհրաժեշտության դեպքում կդիմեն մեզ: Երեխաները խոստովանեցին, որ դեռահաության տարիքում շատ ավելի հաճախ են սեռական և ընտանեկան բռնության ենթարկվում, սակայն չեն կարողանում այդ հարցերով կիսվել հարազատների հետ»,- ասաց նա:

 

Տ.Աղաբեկյանի խոսքերով՝ քայլարշավի ընթացքում առանձնացվել են մի քանի խնդիրներ, մասնավորապես՝ զրույցի արդյունքում գյուղաբնակ կանայք ասել են, որ ծեծը չեն ընկալում որպես բռնություն: Կանայք խոստովանել են, որ հնարավոր է ամուսինների կողմից երբեմն ծեծի են ենթարկվում, բայց դա իրենց անձնական խնդիրն է և նրանք դա որպես բռնություն չեն ընկալում:  «Նույնիսկ կատակով ասում էին, որ արտագնա աշխատանքից վերադառնալուց հետո մի երկու ամիս ամուսինների հետ լավ հարաբերություններ են ունենում, և գուցե, եթե ավել  մնային  բռնություն լիներ, բայց  տղամարդիկ արդեն մեկնում են»:

 

 

 

Եվս մեկ խնդիր, որ կապված է տղամարդկանց արտագնա աշխատանքի հետ. երիտասարդ հարսները հարսները  մնում են  սկեսրոջ  խիստ հսկողության տակ և շատ դեպքերում խորանում է  հարս-սկեսուր հավերժ հակամարտությունը: Աղաբեկյանը նշեց, որ իրենց այցի շրջանակներում եղել են դեպքեր, երբ հարսները ողջ զրույցի ընթացքում սենյակից դուրս չեն եկել, մինչև սկեսուրը թույլ չի տվել, դրա հետ մեկտեղ  եղել են նաև այնպիսիները, որոնք սկեսուրների մոտ շատ ավելի ազատ են եղել, նույնիսկ սկեսուրների հետ կապված կատակներ են թույլ տվել: «Ընդհանուր առմամբ, հարսները բացահայտ ոչինչ չէին ասում, միայն  հետո առանձնազրույցների  ժամանակ  խոտովանում էին, որ սկեսուրների հետ խնդիրներ ունեն»,- ասաց նա:

 

 

 

Էլվիրա Մելիքսեթյանի ներկայացմամբ, զրույցների ընթացքում մարդիկ հաճախ ասում էին, որ  իրենց մոտ բռնություն չկա, քանի որ հիմա ավելի կրթված և տնտեսապես ապահովված են, դրա հետևանքով էլ բռնությունը վերացել է գյուղերից: Այսինքն՝ շատերը կարծում են, որ միայն աղքատության և անկիրթ լինելու պատճառով կանայք կարող են բռնության ենթարկվել, նշեց նա :

 

 

Բանախոսները պատմեցին նաև, որ  բռնության առկայության վերաբերյալ իրենց հարցերին  հաճախ հակասական պատասխաներ են ստացել. նույն գյուղում  մի խումբ կանայք ասում էին , որ իրենց գյուղում բռնություն կա, իսկ մի խումբն էլ պդում ՝ չկա:  Երևույթի նման հակասական ընկալումը  ինքնին խոսուն փաստ է,  և շատ դեպքերում հենց իրազեկվածության պակասի մասին կարող է վկայել, կարծում են քայլարշավի մասնակիցները:

 

 

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» համահիմնադիր և ղեկավար Լարա Ահարոնյանի դիտարկմամբ,  մայրաքաղաքին մոտ գտնվող գյուղերում իրազեկվածության աստիճանը շատ ավելի բարձր է, քան հեռավոր գյուղերում, որտեղ ինֆորմացիայի պակաս կա: «Կարծում եմ, որ մեր տված տեղեկատվությունը, ուղեցույցները ինչ-որ չափով կնպաստեն, որպեսզի իրազեկվածության մակարդակը բարձրանա, քանի որ մեր այցելությունից հետո կանայք գոնե կհասկանան, որ չի կարելի հանդուրժել բռնությունը և ցանկության դեպքում նրանք կարող են աջակցություն ստանալ»,- ասաց նա:

 

Նշենք, նաև որ քայլարշավը շարունակական է լինելու.  հաջորդը անգամ կենտրոնը պլանավորել է այցելել  Գորիս և Վանաձոր:

 

Մերի Մարգարյան

 

 

 

Դիտեք նաև «Ցայգ» հեռուստաընկերության ռեպորտաժը քայլարշավի սկզբին՝ սեպտեմբերի 5-ին  Գյումրիում տեղի ունեցած ասուլիսից.

 

 

 

 

Դիտումների քանակը` 3677

Գլխավոր էջ