Որտե՞ղ են վերջանում «անկոչ հյուրերի» իրավունքները

Պարզվում է,   «Հասարակություն առանց բռնության» ՀԿ կազմակերպության նախաձեռնությամբ  «Կոնգրես» հյուրանոցում այսօր տեղի ունեցած  «Գենդերային բաղադրիչի ներառումը «Հասարակագիտություն»  առարկայի դասագրքերում» թեմայով  քննարկումը  վաղուց սպասված  առիթ էր , այսպես կոչված, հակագենդերային շարժման անդամների  համար՝ հերթական անգամ  հնչեցնելու   իրենց պատկերացումները  «գենդեր»  տերմինի վերաբերյալ :  Խնդիրն միայն այն էր, որ նրանց չէին հրավիրել ու  չէին սպասում…

 

 

Բայց նրանք  եկել էին… Եկել էին  պատրաստված, իրենց համախոհ լրագրողների հետ միասին,  հակասատանիստական պայքարի առաջնորդ,  «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ-ի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանի   ուղղեկցությամբ: Նույնիսկ անցյալ տարվա ակցիաներից հետո պահպանված պաստառներն էին բերել իրենց հետ:  Իսկ երբ  միջոցառման կարզմակերպիչները, ի դեմս «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի անդամների,  փորձեցին խոչընդոտել նրանց մուտքը դահլիճ՝ պատճառաբանելով, որ քննարկումը փակ է եւ իրենք հրավիրվածների ցուցակում չկան, սկսեցին ակտիվ  դժգոհել խոսքի ազատության սահմանափակումից  եւ այլ,  իրենց  իսկ կողմից  ջանասիրաբար  քարկոծվող , ժողովրդավարական արժեքների ոտնահարումից …

 

 

Մի կողմ թողնենք այն հարցը, թե  ինչու էին կազմակերպիչները որոշել փակ քննարկում կազմակերպել, դա, ի դեպ, նրանց իրավունքն է, որը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է այլ կարծիք ունեցողների  արտահայտվելու   իրավունքը, եթե վերջիններս, իրականում,  կարծիք  արտահայտելու ցանկությամբ ,  այլ ոչ թե դիմացինին վիրավորելու եւ միջոցառումը տապալելու մտադրությամբ էին եկել «Կոնգրես» հյուրանոց…

 

 

Ինչ վերաբերում է փակ քննարկումներ  կամ այլ  փակ միջոցառումներ անցկացնելու պրակտիկային, ապա նման ֆորմատը  դեռեւս չի նշանակում , որ դրա մասնակիցները դավադրություն են պատրաստում, ինչպես դա թվաց գլոբալ «համարակալումների»  գծով մեծ մասնագետ՝ պարոն Ստամբոլցյանին, ով ամեն գնով ուզում էր ներխուժել  մի տեղ, որտեղ  նրան ուղղակի չէին հրավիրել կամ չէին ուզում տեսնել:  Չէին հրավիրել նաեւ լրագրողներին, եւ մեկնաբանել այս փաստը որպես մասնագիտական պարտքի խոչընդոտում   առնվազն  ծիծաղելի է ՝ ցանկացած միջոցառում կարող է  լինել  բաց կամ փակ մամուլի համար եւ դա որոշում են  տվյալ միջոցառման կազմակերպիչները…Այլ հարց է , որ մենք, լրագրողներս, տանել  չենք կարողանում  փակ ֆորմատներ՝ մասնագիտական  սովորություն է…

 

 

Իրականում  կազմակերպիչները  հրավիրել էին  գենդերային խնդիրներով զբաղվող մասնագետներին ՝  ներկայացնելու  նրանց  կատարված ուսումնասիրությունների արդյունքները, քննարկելու  կոմպետենտ մթնոլորտում հետագա անելիքները եւ  պարտավոր չէին ժամանակ կորցնելու  «գենդեր» տերմինի շուրջ վիճաբանությունների վրա, որոնք արհեստականորեն  հրահրում են  հակագենդերային  պայքարով տարված քաղաքացիները՝  Ճանաչողություն  ձեռք բերելու եւ  էժան սենսացիա  ստեղծելու նպատակադրությամբ… Այս անգամ էլ բացառություն չէր, նույն գործելաոճով էին ներկայացել  ՝ վիրավորելով,  փորձելով  մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքն  իրենց  ենթադրություններով: Բայց միջոցառումը այնումենայնիվ կայացավ եւ դրա մանրամասները հաջորդիվ…

Լ.Ս.

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Գենդերային անհավասարություն. որտե՞ղ են թաքնված դրա ակունքները

 

 

 

Դիտումների քանակը` 4851

Գլխավոր էջ